Ինչու՞ է «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ թոռը հրաժարվում համաներումից. մանրամասներ

2017թ. սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում 11-ամյա աղջնակի մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալ, «Hummer»-ի վարորդ Արթուր Հակոբյանը հրաժարվում է համաներվելուց։

Նշենք, որ Արթուր Հակոբյանը Գառնիի «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռն է։

Ողբերգական վթարի գործը այժմ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում է ։

Գործով ամբաստանյալ Արթուր Հակոբյանը համաներման կիրառման դեմ առարկել է դատական նիստի ժամանակ՝ պնդելով, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նշենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 2–րդ մասի (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով։

Նույն արարքի համար մեղադրվող գործով մյուս ամբաստանյալը՝ վթարի վայրը լքած ԱԻՆ նախկին աշխատակից Լեւոն Հակոբյանն էլ չի ցանկացել, որ դատաքննության այս փուլում իր նկատմամբ համաներում կիրառվի։

Ուշագրավ է, որ համաներման դեմ չի առարկել տուժողի իրավահաջորդը՝ վթարի զոհ դարձած աղջկա հայրը։

Դատարանն անցել է գործով ամբաստանյալների հարցաքննության փուլին։

Նոյեմբերի 15–ին կայացած նիստում ցուցմունք է տվել Լեւոն Հակոբյանը։  Նա ընդունել է, որ իրականում ոչ թույլատրելի հատվածից հետադարձ կատարելով թույլ է տվել  վարչական պատասխանտվություն առաջացնող խախտում, սակայն համարում է, որ այս սխալը չի հանգեցրել վթարի, քանի որ կորագիծն անցելուց հետո է միայն «Hummer» մակնիշի ավտոմեքենան հայտնվել իր տեսադաշտում։ Լեւոն Հակոբյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանն ասաց, որ իր պաշտպանյալը խնամքին ունի մինչեւ 3 տարեկան երեխա և նրա նկատմամբ համաներումը կարող է տարածվել նաեւ այս հիմքով։

Հաջորդ դատական նիստում ցուցմունք կտա գործով ամբաստանյալ Արթուր Հակոբյանը։

Նշենք, որ համաներումը տարածվում է ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի վրա և ամբաստանյալների մեղավորությունն ապացուցվելու դեպքում՝ պատիժ նշանակելիս նրանց վրա համաներումը կարող է տարածվել՝ անկախ նրանից՝ ամբաստանյալները կողմ են, թե ՝դեմ։

Հիշեցնենք որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Հակոբյանը «Hummer» մակնիշի ավտոմեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

ՃԵԿ-ի կանոնների խախտման համար մեղադրվող «Honda Accord»-ի վարորդ Լեւոն Հակոբյանն էլ, ըստ մեղադրանքի, պատահարից հետո լքել է դեպքի վայրը:

Երկու ամբաստանյալների նկատմամբ ընտրված է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։

Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով տեղում մահացել էր 11-ամյա Լ. Մկրտչյանը, իսկ մյուս ուղեւորներ՝ 34-ամյա Ք. Սարգսյանը, 31-ամյա Ա. Մուրադյանը եւ «Opel»-ի վարորդ Կ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Оцените статью
error: Content is protected !!