Հնարավոր է, արդյո՞ք, դատարանը Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնի.մանրամասներ

ԳԼԽԱՎՈՐ

Երեկ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց ՀՀ գլխավոր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը որոշումը գնահատում է բացասական: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կդիմեն ՄԻԵԴ։

Փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով որոշմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջական դիրքորոշում հայտնելու համար անհրաժեշտ է ծանոթանալ Վճռաբեկ դատարանի որոշմանը։ Այդուհանդերձ, նրա խոսքով, որոշման եզրափակիչ մասի հրապարակումից ակնհայտ է դառնում, որ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ազատության մեջ, և նրա խափանման միջոցի ընտրության, տվյալ դեպքում՝ կալանավորման խնդիրը մնում է չլուծված։

Նրա խոսքով՝ գործն ուղարկելով վերաքննիչ քրեական դատարան՝ Վճռաբեկ դատարանը նոր պատուհան է բացում խնդրի վերջնական լուծման համար։ «Հիմա կտեսնենք՝ գործը վերաքննիչ քրեական դատարան ստացվելուց հետո այդ դատարանը պարտավոր է լինելու նորից քննության առնել բերված վերաքննիչ բողոքի շրջանակներում քննության առնելու Քոչարյանի կալանավորման հիմքերը։ Բայց ես կարող եմ առերևույթ հետևյալը ասել, որ եթե բեկանել ու ուղարկել է ստորադաս դատարան՝ քննության, կարելի է դրանից հետևության հանգել, որ Վճռաբեկ դատարանը, փաստորեն, հաղթահարել է Վերաքննիչ դատարանի որոշումն այն մասով, որ Ռոբերտ Քոչարյանը տվյալ դեպքում անձեռնմխելիության իմունիտետից չի օգտվում։ Այսինքն՝ բացարձակ անձեռնմխելիության իրավունքից չի օգտվում, հետևաբար ենթադրում եմ, որ հենց այդ հիմքով է բեկանվել վճռաբեկ բողոքը և ուղարկվել ստորադաս դատարան՝ քննության»,- ասաց փաստաբանը։

Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ վերաքննիչ քրեական դատարանը քննության է առնելու՝ բերված վերաքննիչ բողոքի հիմքերի, փաստական հանգամանքների համատեքստում արդյոք Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը բխո՞ւմ է գործի շահերից, թե՞ նրա ազատության մեջ մնալու պայմաններում նա կարող է խոչընդոտել գործի քննությանը և պետք է կալանավորվի։

Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, անդրադառնալով որոշմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանի կողմից նախկինում լսած լինելու օրինականությունը այնպիսին չէ, ինչպիսի մեկնաբանության արժանացավ նրա փաստաբանների կողմից։

«Որքան հիշում եմ, Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը գործը վարույթ ընդունելու պատճառաբանությունն այն էր, որ վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել բողոքի մյուս փաստարկներին։ Հիմա, թե այդ փաստարկների մեջ էլ ինչ արժեքավոր բաներ կան՝ ես չգիտեմ։ Դրանցից, մասնավորապես, նշվել էր քննությանը խոչընդոտելու կամ դրսում մնալով՝ վկաների վրա ապօրինի ազդելու կամ այլ իրավիճակների հետ կապված հարցերը։ Ես կարծում եմ, որ նոր քննության արդյունքում հավանական է, որ օրինական կճանաչվի առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը, և դատարանն իսկապես կգնա նրան կալանավորելու որոշման»,- հավելեց նա։ Եթե դա տեղի չունենա, ըստ փաստաբանի, սա կնշանակի, որ ժամկետ են ձգում, և որ վտանգված է Հատուկ քննչական ծառայության ճակատագիրը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք է հայտնել՝ նշելով, որ դատարանի որոշման սահմանադրականության հարցով պետք է դիմել ՀՀ սահմանադրական դատարան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Оцените статью