«Շովինիզմը միշտ էլ բնորոշ է եղել մեր ազգին»․արդյոք ո՞ր գաղափարախոսությունները կգերակշռեն այս ընտրություններում

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և երկու դաշինք։ Ի տարբերություն հերթական ընտրությունների՝ արտահերթի ժամանակ քարոզարշավը կարճ է տևում՝ երկու շաբաթ։ Վերլուծաբանների դիտարկմամբ՝ այդ ժամանակահատվածը կարճ է հանրությանը տվյալ ուժի գաղափարներին ու ծրագրերին ծանոթացնելու համար։ Մասնագետները նաև լավատես չեն այն առումով, որ այս ընտրություններին հնարավորություն կտրվի իսկապես գաղափարական պայքարի ականատեսը լինել։

Որքան էլ տարօրինակ է կամ հեղափոխության գաղափարներին ոչ համահունչ՝ այս խորհրդարանում ներկա լինելու հավակնություն է ներկայացրել առնվազն երեք ուժ, որն ունի ազգայնական գաղափարախոսություն՝ Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» ուժը, «Սասնա ծռերը», ինչպես նաև Դաշնակցությունը։ Սոցիալ դեմոկրատական ուղղվածություն ունի «Քաղաքացու որոշումը»։ Լիբերալ ուժերն են ՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Մենք» դաշինքը, ՀՀԿ-ն՝ պահպանողական, թե ինչ գաղափարախոսություն ունի իշխող դաշինքն ու «Բարգավաճ Հայաստանը», հուսանք հստակ կլինի քարոզարշավի ընթացքում, եթե մասնակցող ուժերն իսկապես ծրագրային և գաղափարական պայքարի կողմնակիցներ են։

Փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ քաղաքական ուժերի գաղափարախոսությունն այս ընտրություններում ընտրողների կողմնորոշման համար առաջնային դեր չի խաղա։ «Ընտրողները ընտրելու են ելնելով այն հանգամանքից՝ արդյո՞ք տվյալ քաղաքական ուժը վստահություն ներշնչում է, թե՞ ոչ։ Բնակչության մեծամասնությունը ցանկանալու է նպաստել հեղափոխության արդյունքների ամրապնդմանը, ուստի և ընտրելու է այն քաղաքական ուժին, որը ամենից մեծ հնարավորությունն ու կարողությունն ունի այդ օրակարգը սպասարկելու առումով։ Ակնհայտ է, որ բնակչության մեծամասնության կարծիքով՝ այդ ուժը «Իմ քայլը» դաշինքն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ դեր է խաղալու նաև անցած փորձը. «Դա էլ, իհարկե, վստահության հետ կապ ունի, որովհետև, եթե ընտրողը հաշվի է առնում վստահության գործոնը, բնականաբար նայում է կոնկրետ քաղաքական ուժի անցյալին, և եթե քաղաքական ուժի անցյալն ընդունելի է ու նրան բավարարում է՝ դա նույնպես լուրջ գործոն է։ Լուրջ դերակատարություն ունեն կոնկրետ անձերը, սա առաջին հերթին հենց անձերի ընտրություն է՝ կոնկրետ մարդկանց հեղինակությունը, նրանց կերպարը, նրանց պատրաստվածությունը խնդիրները լուծելու ու հասկանալու հետ կապված։ Այս գործոնները գերակա են լինելու, իսկ գաղափարախոսությունները՝ երկրորդական, բայց նույնպես ունենալու են կարևորություն»։

Ընտրություններին մասնակցող ուժերի համամասնությունը ֆորմալ առումով նորմալ է. «Այսինքն՝ ադեկվատ է հասարակության պահանջներին, ավանդական քաղաքական պայքար մղելու կանոններին և թույլ է տալիս, որպեսզի քաղաքական պայքարն ու ապագա խորհրդարանը հիմնված լինեն գաղափարախոսական բանավեճի վրա։ Այսինքն` մենք ունենք և՛ աջեր, և՛ ձախեր, և՛ ձախ կենտրոնամետներ, և՛ աջ կենտրոնամետներ, նույնիսկ ծայրահեղ աջեր կան, գուցե ծայրահեղ ձախ չկա, բայց դա որևէ խնդիր չի առաջացնում։ Պարզապես հարցն այն է, որ գաղափարախոսությունների միջև պայքարը պետք է նոր սկսվի, գաղափարախոսությունների միջև պայքարը լինում է ժողովրդավարական, արդեն կայացած պետություններում, և երբ հստակ են խաղի կանոնները, բոլորի համար կան հստակ խաղի կանոններ, և ընտրողն է որոշում, թե ում պետք է ընտրի։ Այդ ժամանակ իսկապես լինում է գաղափարախոսությունների միջև իրական պայքար և, բնականաբար, այդ ժամանակ պահանջարկված են լինում կոնցեպցիաները։ Հիմա մենք պարզապես մոտենում ենք դրան, քաղաքական ուժերը՝ անկախ նրանից, թե երբ են ձևավորվել՝ նոր պետք է փորձեն ապացուցել, որ իրենք այդ գաղափարախոսությունների կրողն են, որ դա իրենց համար արհեստական չէ և որ իրենք իսկապես պատկերացնում են խնդիրների լուծումները իրենց կողմից հռչակված գաղափարախոսության հիման վրա, այսինքն` այդ գաղափարախոսությունը ձևական բնույթ չի կրելու»։

Ըստ նրա՝ քաղաքական նոր իրավիճակն ու պայմանները կստիպեն, որ հստակություն մտցվի այդ առումով ապագա խորհրդարանում, ինչպես նաև խորհրդարանից դուրս ծավալվող քաղաքական գործընթացներում։ «Երբ ասում են՝ գաղափարախոսությունների ժամանակն անցել է, դա նույնպես որոշակի գաղափարախոսություն է։ Սա, իհարկե, ավելի խորքային հետազոտության կարիք ունի, բայց դա իրենից ենթադրում է, որ դու այս կամ այն հարցի վերաբերյալ կարող ես ներառել տարբեր գաղափարախոսությունների կողմեր։ Մի հարցի վերաբերյալ կարող ես քեզ պահել որպես ձախ, մյուսի վերաբերյալ՝ որպես աջ»,- եզրափակեց Էդգար Վարդանյանը։

Քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը կարծում է, որ լավ է, երբ տարբեր գաղափարախոսություն և քաղաքական հայացքներ ունեցող ուժեր են մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին. «Բացի նրանից, որ մասնակցողներից երեքը ազգայնական են, այդ երեքից մեկը նաև սոցիալիստական գաղափարախոսության տարրեր է կրում իր մեջ՝ նկատի ունեմ Դաշնակցությանը, և, իհարկե, ընտրողները բավական մեծ հնարավորություն ունեն ընտրություն կատարելու։ Այն ներկապնակը, որ հրապարակվել է, հասարակությանը տարբեր գաղափարախոսություն ունեցողների մեջ ընտրություն կատարելու հնարավորություն կտա»։

«Իմ քայլը» դաշինքը, ըստ Համբարյանի՝ ավելի շատ ցենտրիստական դիրքերից հանդես եկող ուժ է։ Ինչ վերաբերում է ազգայնական ուժերի առատությանը, Գագիկ Համբարյանը նշեց. «Այդ խնդիրը միշտ է եղել և պայմանավորված է փոքր ազգ լինելու հանգամանքով, մեզ մոտ ազգային շովինիզմը ավելի արտահայտված է։ Բոլոր դեպքերում դա շատ լավ է՝ շնորհիվ դրա մենք շատ դեպքերում պահպանում ենք մեր ազգային ինքնությունը, կրոնը, մշակույթը, լեզուն։ Հիմա ազատ ընտրությունների համար ամենալայն հնարավորություններն են ստեղծված, և եթե հասարակությունը չուզենա, որ նրանք հայտնվեն խորհրդարանում՝ ձայն չի տա։ Պարզապես մեր ժողովրդի մոտ ազգայնականությունը պահանջված է, առավել ևս վերջին շրջանում է ակտիվացել․ «Սասնա ծռերը», Նորք-Մարաշի զինված խումբը՝ ազգայնական ուղղվածություն ունեցող խմբեր էին։ Բացի դրանից՝ ազգայնական ուժերից «Սասնա ծռերը» բացահայտ հակառուսական դիրքերից հանդես եկող ուժ է։ Ինձ համար շատ հետաքրքիր է, թե նրանք ինչքան ձայն կստանան։ Սա շատ կարևոր է մեզ համար, և կարևոր է Ռուսաստանի համար, որովհետև այն քաղաքականությունը, որ վարում է Մոսկվան Հայաստանի հանդեպ՝ ծնեց «Սասնա ծռերը»։

Оцените статью
error: Content is protected !!