Պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 42 միլիոն դրամը

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է  տարբեր բնագավառներում դրսեւորած կոռուպցիոն բնույթի հանցագործության  դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը:

Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու եւ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ  2018 թվականի ընթացքում հարուցվել է 125  քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է մեկ վարույթ:

Քրեական գործերը  վերաբերում են  ՀՀ քրեական օրենսգրքի  311.1-րդ,  312.1-րդ, ինչպես նաեւ 178-րդ, 179-րդ, եւ 325-րդ հոդվածներով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։

ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում 2018թ. նոյեմբերի 13-ի դրությամբ  քննությունն ավարտված 5 եւ քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմում է 555.165.544 դրամ, որից վերականգնվել է 42.000.000 դրամը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնումն ապահովելու համար կալանքներ են դրվել գործով մեղադրյալների 18 բանկային հաշվի, 35 միավոր անշարժ գույքի եւ 6 միավոր ավտոմեքենայի վրա:

Մեղադրանք է առաջադրվել Սոցիալական աջակցության տարածքային գործակալության 70, «Հայփոստ» ՓԲ ընկերության 21 եւ  թիվ 1 «Ինտերնատ» ՊՈԱԿ-ի  3 աշխատակցի:

1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան:

4  Քրեական գործով որոշում է կայացվել՝ գործով վարույթը կարճելու մասին,  որից 2-ը՝ ոչ արդարացնող հիմքերով՝ ՀՀ քրեական դատավարության 37-րդ եւ 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքերով, իսկ 2-ը՝ արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 674.000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական եւ դատավարական գործողությունները՝ կատարված չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաեւ՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները պարզելու եւ  վերականգնման ուղղությամբ:

 

Оцените статью