Վաղարշակ Հարությունյանը պատրաստված, փորձված սպա է, նա պետք է լինի կա’մ ՀԱՊԿ քարտուղար, կա’մ ԱԱԽ նախագահ. մանրամասներ

<<Այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում որոշակի քաղաքական անփորձության արդյունք էր: Եվ ՀՀ հասարակությունը պատրաստ է նաև ներել այս իշխանությանը, քանի որ նրանք ունեն որոշակի վստահության լիմիտ, ինչի շրջանակներում կարող է այս հարցը մարսվել ու դառնալ ոչ այնքան կարևոր հարց ներսում>>,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց <<Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` նկատի ունենալով ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոն կորցնելու մասին :

Իր հերթին անդրադառնալով այս կարևոր հարցին, <<Նորավանք> գիտակրթական հիմադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը կատարվածը համարեց հայկական կողմից թույլ տրված սխալ. <<Ցավոք, Յուրի Խաչատուրովի հետ կապված լուրջ սխալ է թույլ տրվել, կարելի էր մի փոքր սպասել: Պետք է հաշվի առնել, որ ՀԱՊԿ-ը համասեռ կառույց չէ, և մենք պետք է հաշվի առենք այնտեղ Ղազախստանի ներկայությունը, որը առաջին անգամ չէ, որ խոչընդոտում է ՀԱՊԿ գործունեությունը>>:

Գագիկ Հարությունյանը, միաժամանակ նկատեց, թե ամեն մի մարտահրավեր տալիս է նաև նոր հնարավորություններ, ու դա այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում որպես Հայաստանի ներկայացուցիչ կարող է նշանակվել ՊՆ նախկին նախարար, գեներալ -լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

<<Նա վերին աստիճանի պատրաստված, փորձված սպա է ու մենք էլ այստեղից պետք է նպաստենք, որ Վաղարշակ Հարությունյանը կարողանա մեծ դերակատարում ունենալ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության քաղաքականությունում: Մենք միշտ չէ, որ ունենք այն կադրերը, որոնք կարող են այս կամ այն գործը լավագույնս կատարել: Իսկ Վաղարշակ Հարությունյանն այն անձն է, որը կարող է փայլուն կատարել իր վրա դրվածը` անվտանգության հետ կապված ցանկացած խնդիր>> :

Գագիկ Հարությունյանն ասաց, թե մամուլից տեղեկացել է, որ Վաղարշակ Հարությունյանը կարող է նշանակվել ԱԱԽ ղեկավար, դա ըստ փորձագետի, փայլուն լուծում կլինի:

Իր հերթին Արամ Սաֆարյանը հավելեց. <<Մենք ուրախ ենք որ այսքան տարիների մոռացությունից հետո իշխանությունը հարմար է գտել գեներալ- լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ու այսօր քննարկվում է նրան` ԱԱԽ բարձրագույն պաշտոնում նշանակելու մասին: Մենք հույս ունենք, որ դա կլինի, և նրա համար անհրաժեշտ տեղ կգտնվի, որպեսզի հնարավոր լինի նրա կարողություններն ըստ արժանվույն օգտագործել>>:

Оцените статью
error: Content is protected !!