Գոռ Վարդանյանն ընդամենը ցանկացել է պաշտպանել ինձ. Ինչու է Մարինա Խաչատրյանը հետ վերցրել բողոքը

ԼՈՒՐԵՐ

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկինում «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը հաշտվել է դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ: Մարինա Խաչատրյանն ասաց, որ ինքը չէր էլ նեղացել, քանի որ նեղանալը երեխաներին է բնորոշ, իսկ ինքը լուրջ քաղաքական գործիչ է:

Նշենք, որ Մարինա Խաչատրյանը մասնակցել է «Դուքենդո» ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը, որի ժամանակ էլ նրան Գոռ Վարդանյանը վկայական է հանձնել` որպես ֆեդերացիայի պատվավոր անդամի։

«Եթե դու նեղանալով պետք է քաղաքականություն վարես, ապա քեզ մոտ ոչինչ չի ստացվի, իսկ ես ինձ համարում եմ լուրջ մարդ եւ որպես բժիշկ, եւ որպես քաղաքական գործիչ: Նեղանալն ինձ համար չէ: Գոռ Վարդանյանը պաշտպանել է իմ կյանքը: Ես չեմ ցանկանում լինել որեւէ մեկի շոուի մասնակից, եւ որ Գոռ Վարդանյանի կամ որեւէ մեկի վրա քարեր գլորեն՝ օգտագործելով իմ անունը»,-ասաց Մարինա Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու նիստում, 2018թ. փետրվարի 13-ին, ծեծկռտուք է եղել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձել էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտ կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել էին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ էր սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ էին հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Оцените статью
error: Content is protected !!