«Բավական է մեր գրպանի հաշվին ճոխ ապրեք». Վահագն Խաչատրյան

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարկային չարաշահումների հետ կապված ՊԵԿ-ի բացահայտումները կարող են գազի սակագնի ամբողջական պատմության բացահայտման սկիզբ լինել:

Վ.Խաչատրյանի խոսքով՝ տարիներ առաջ, երբ իրենք ուսումնասիրում էին գազի սակագինը, որքան էլ փորձել են հասկանալ այդ առեղծվածը, թե ինչպես է ստացվում, որ ամբողջ բեռն ընկնում է քաղաքացիների վրա, այդպես էլ մինչև վերջ չի ստացվել։

«Իմ գնահատականն այն է, որ սա եղել է շատ վատ մենեջմենթի արդյունք, նաև նախօրոք հաշվարկված, որի հիմնական նպատակն է եղել՝ մեզ ոչ թե որակյալ, մատչելի գնով ծառայություն մատուցելը, այլ իրենց հարստանալու խնդիրը, ինչը և շատ հաջողությամբ իրականացվել է։ Երբ փորձում են ներկայացնել իրենց կատարած աշխատանքը՝ գազիֆիկացում և այլն, լավագույն չափանիշն այն է, որ ամբողջ գյուղեր գազիֆիկացված են, բայց միայն 1-2 տուն է գազ վառում, հատկապես՝ ձմռանը տաքանալու համար, մնացածը աթար կամ փայտ են օգտագործում։

Սա, կարծում եմ, լավագույն գնահատականն է։ Դրանից զատ՝ միշտ էլ հարց է եղել, թե իրականում այսպես պետք է լինե՞ր, թե՞ ոչ։ Մեզ ներկայացնում են, թե գազը մինչև սահմանից հասցնում են բնակավայրեր, այսքան ծախսեր են արվում, կապիտալ ներդրումներ են արել, բայց միշտ այդ ամենը վստահություն չի ներշնչել, որովհետև, օրինակ, 2011թ., երբ շատ լուրջ ուսումնասիրեցինք, պարզեցինք, որ բավականին ուռճացված են ծախսերը: Եվ այսօր, երբ ՊԵԿ-ը հայտարարեց, որ ստուգումների արդյունքում այդպիսի դեպք են արձանագրել, որ քրեական գործ է հարուցվել, նշանակում է, որ այնտեղ խարդախությունների չափերն իրականում ավելի մեծ են եղել, քան մենք կարող ենք պատկերացնել»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Նա նշեց, որ այդ խարդախությունները հիմնականում կապված են եղել գազալցման կայանների հետ, որովհետև չէր կարող մի քանի ամսում կամ անգամ 1 տարում գազի սպառման ծավալներն այդպես էականորեն մեծանալ։ Ըստ նրա՝ դա նշանակում է, որ այնտեղ ուղղակի եղել է ստվեր կամ գողության դեպքեր, որի վճարողն էլի սպառողն է եղել։

«Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Հրանտ Թադևոսյանն ասում է, որ մեթոդապես սխալ է կորուստների դեպքում ցուրտ և տաք եղանակների ցուցանիշները համեմատել: ՊԵԿ-ը, հիշեցնենք, նշում է, որ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ կորուստների ծավալը նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի:

«Գիտեք, հիմա այդ ընկերության խոսքն ինձ համար արժեք չունի, որովհետև այդ մարդիկ երբևէ իմ մասին չեն մտածել՝ որպես սպառողի, ես համոզվել եմ՝ իրենց մասին են մտածել։ Եթե այսպիսի բան է ասում, լավ կլինի, որ մասնագիտական փաստաթղթեր ներկայացնի, որից ելնելով միայն կարելի է ասել՝ ճի՞շտ է ասում, թե՞ սխալ։ Տեղին է հիշեցնել 2013թ. դեպքերը, երբ «ՀայՌուսգազարդն» անցավ «Գազպրոմին», և մինչ այդ բոլորը հայտարարում էին, թե գազի գների բարձրացում չի եղել, բայց ամեն ամիս բարձրանում էր՝ ռուսական կողմի հետ պայմանավորված։

Այսինքն՝ ես իրավունք ունեմ չհավատալու, նաև դուք և բոլոր քաղաքացիները։ Հիմա «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարի խոսքը զուտ խոսք պետք է ընդունել, հավատ չներշնչող խոսք։ Եղանակային պայմանների պատճառով կորուստների փոփոխությունը կարելի է հասկանալ, բայց փաստաթղթերով պետք է հիմնավորել։ Ես գիտեմ մի բան, որ մեր քաղաքացիները գազի համար շատ թանկ են վճարում, և այդ թանկ վճարելու արդյունքում տուժում է նաև ընկերությունը, այնքանով, որ գազի սպառման ծավալները չեն մեծանում։ Դրանից ելնելով՝ պետք է իրենք եզրակացություն անեն՝ ի վերջո, ինչքա՞ն ժամանակ է սա շարունակվելու։

Եթե հույս ունեն, որ սպառողն ավելի վճարունակ է դառնալու, դա էլ չի լինելու երկար ժամանակ, որովհետև այն քաղաքականությունը, որ ՀՀ-ում տարվում էր տարիներ շարունակ, դրա հիմնական նպատակն էր՝ ունենալ աղքատ, անվճարունակ քաղաքացի, և մի փոքր վճարունակն էլ երկրից դուրս էր գնում իսկույն։ Դա նշանակում է աստիճանական մահ էներգետիկ համակարգի համար, որովհետև արտահանման հանրավորություն չունենք, ներքին զարգացման, այսինքն՝ արդյունաբերական նպատակով գազի և էլեկտրաէներգիայի սպառման խնդիր չի դրվել, և միակ ամենամեծ սպառողը քաղաքացիներն են, մեր հնարավորություններն էլ տարիներ շարունակ չեն մեծանում։ Այսինքն՝ նրանք տարիներ շարունակ նման մտածված քաղաքականություն են վարել և հիմա պետք է մտածեն ապագայի մասին»,- ասաց Վ.Խաչատրյանը։

Սակայն, ըստ նրա, իրենք հեշտ տարբերակն են ընտրել՝ իրենց համար բարձր աշխատավարձեր են սահմանել, որոնք վճարում են քաղաքացիների գրպանի հաշվին.

«Այժմ կարելի է այդ մասին խոսել, որովհետև այդ բիզնեսը կարագ, պանիր կամ միս չի, դա այն բիզնեսն է, որտեղ գները կարգավորվում են պետության կողմից, և շատ ցանկալի է, որ իրենց ղեկավար կազմի աշխատավարձերը հրապարակեն»։

Դիտարկմանը, որ Թադևոսյանն այդպես էլ չասաց, թե ղեկավար կազմի աշխատավարձերն ինչքան են, իսկ 227 հազար դրամ միջին աշխատավարձի դեպքում բանվորը 336 հազար է ստանում, այդ լրավճարը ռուսական «Գազպրոմն» է հատկացնում, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ «Գազպրոմն» էլի ՀՀ քաղաքացիների հաշվին է տալիս այդ գումարը. «Ինչի՞ հաշվին պիտի տա։ Եթե այդպիսի աշխատավարձեր չտա, գազը մեզ պետք է վաճառի ոչ թե 150 դոլարով, այլ 140 կամ 130։ Անվճար պանիր երբևէ չի լինում, անվճար պանիրը միայն թակարդում է։ Սա շուկայական տնտեսության լավագույն բանաձևն է, որ միշտ հիշեցնում ենք իրենց։ Այնպես որ, լավ կլինի իրենք իրենց աշխատավարձերից խոսեն, որովհետև շան գլուխը նաև այստեղ է թաքնված։

Այն մեթոդոլոգիան, որով հաշվարկվում է սակագինը, հենց նշանակում է՝ շատ ծախսերի ցանկություն առաջացնել, որովհետև իրենք իրենց ծախսերը չեն սահմանափակում։ Իսկ ինչի՞ պիտի մեր միջին աշխատավարձից տասնապատիկ շատ ստանան, այդ ի՞նչ մեծ գործ են անում։ Այդ ամենը պետք է հիմնավորեն։ Եվ մենք իրավունք ունենք հարցնելու՝ ինչքա՞ն աշխատավարձ եք ստանում»։

Վ.Խաչատրյանը նշեց, որ տարիներ շարունակ այդ նույն համակարգը քաղաքական պատվեր է կատարել. «Երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, 9-10 հազար մարդ միանգամից դարձավ ՀՀԿ-ական։ Իրենց ուղեղները հանկարծ առավոտյան պայծառացան, և ասեցին՝ ՀՀԿ գաղափարախոսությամբ գազամատակարարման վիճակն ավելի կլավանա, ու դարձան ՀՀԿ անդամ։ Այս արատավոր երևույթն էլ է եղել, որ այդ համակարգը դարձել է փտած։

Այդտեղ ֆունդամենտալ փոփոխություն է պետք՝ սկսած սակագնի մեթոդոլոգիայից, վերջացրած կառավարմամբ, և, ընդհանրապես, ՀՀ գազիֆիկացման ու էներգետիկ համակարգի զարգացման գաղափարախոսությունը կամ ռազմավարությունը պետք է փոխվի։ Եթե չեղավ, մենք անընդհատ կխոսենք, որ սահմանին այսքան է, ներսում՝ այսքան։ Չնայած դա էլ տեղին չի, որովհետև մենք գազ ենք ստանում մի կազմակերպությունից, որ կոչվում է «Գազպրոմ Ռոսիի», մենք ռուսական «Գազպրոմի» սպառողն ենք, իսկ միջնորդավորված օղակները մեզ չեն հետաքրքրում։

Եվ «Գազպրոմին» մենք վճարում ենք 1000 խմ-ի դիմաց 300 դոլար։ Ու եթե հաշվենք, որ դա էլ Եվրոպայի որակական հատկանիշներից 30% պակաս է, որովհետև կալորիականությունը քիչ է, ստացվում է, որ մենք վճարում ենք 400 դոլար մեր խեղճուկրակ միջին աշխատավարձով։ Սա է իրականությունը»։

Անդրադառնալով Հ. Թադևոսյանի հայտարարությանը, թե սակագինը նվազեցնելու դեպքում համակարգը կքանդվի, Վ.Խաչատրյանը նշեց, որ նման հայտարարություն անողներն առավել ևս իրենց տեղում չեն։ Նա շեշտեց, որ կառավարման ամբողջ գաղափարախոսությունը պետք է փոխվի. «Եթե իրենց բացատրությունն այդ մակարդակի է, ուրեմն իրենք իրենց տեղում չեն։ Դա սովորական շանտաժ է՝ ուղղված մեզ՝ քաղաքացիներիս։ Թող շանտաժ չանեն։

Իսկ ներդրումների ծավալները, որ ցույց են տվել տարիներ շարունակ, այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւր են գնացել այդ ներդրումները, եթե 10 դրամով գինն իջեցնելու դեպքում համակարգը կքանդվի։ Թող ավելորդ ճոխություններ, միջոցառումներ, պարգևատրումներ չանեն, կառավարման ապարատ չպահեն, քաղաքականության մեջ չխառնվեն, տարբեր միջոցառումներ չֆինանսավորեն, այդ դեպքում այլ իրավիճակ կունենանք։ Բայց մեր գրպանի հաշվին ճոխ ապրելու իրավունք չունեն։ Այս հարցն այս կառավարությունը պետք է լուծի, և ես հույս ունեմ, որ կանի»։

Հարցին՝ հայ-ռուսական գազային համաձայնագիրը կարո՞ղ է որևէ կերպ խոչընդոտել դրան, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ համաձայնագիրը վասալային է, ստրկական հարաբերություններ են, ոչ թե գործընկերային. «Բայց անգամ այդ պայմաններում էլ կարելի է լուծումներ գտնել, որոնց ժամանակ, եթե նույնիսկ քաղաքական լուծումներ պահանջվեն, դրան էլ կարելի է հասնել։ Դոգմա չէ, որ մինչև 2043 թվականը պետք է այդ ամեն ինչը պահպանվի։ Այդ պայմանագրի շրջանակներում «Գազպրոմն» իրեն ապահովագրել էր, որ ՀՀ-ում տնտեսական քաղաքականության փոփոխության արդյունքում իրենք չտուժեն, բայց ես համոզված եմ, որ լծակներ կան, որ կարելի է օգտագործել և առանց լարվածություն ստեղծելու՝ խնդիրները լուծել։ «Գազպրոմին» էլ կհետաքրքրի, թե ինչո՞ւ են ՀՀ-ում գազի սպառման ծավալները պակասում։ Ի վերջո, իրենց նպատակը ո՞րն է՝ իմիջիայլոց պահե՞լ, թե՞ զարգացում ապահովել»։

Оцените статью
error: Content is protected !!