Ինչպես կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը. 8 խորհուրդ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամեն տարի աշխարհում կրծքի քաղցկեղի 800 հազարից մինչեւ 1 մլն նոր դեպք է գրանցվում:

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված մի քանի խորհուրդ են ներկայացրել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարանը:

1. Գինեկոլոգիական որոշ հիվանդություններ մեծացնում են կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը, այդ պատճառով բոլոր կանանց՝ անկախ տարիքից, խորհուրդ է տրվում չանտեսել նման հիվանդություններն ու ժամանակին բուժվել:

2. Կրծքի որոշ բարորակ գոյացություններ, ինչպիսիք են պապիլոմաները, ֆիլոիդ ուռուցքները եւ որոշ կիստաները, կարող են ժամանակի ընթացքում քաղցկեղային ուռուցքի վերածվել, այդ պատճառով չի կարելի անտեսել դրանք: Անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

3. Վահանաձեւ գեղձի որոշ հիվանդություններ, ազդելով կնոջ հորմոնալ ֆոնի վրա, նույնպես կարող են մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, այդ պատճառով հարկավոր է հոգ տանել վահանաձեւ գեղձի առողջության մասին՝ անկախ տարիքից:

4. Առողջ կենսակերպը կարող է զգալիորեն նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ծխելուց, չչարաշահել ալկոհոլը, սպորտով զբաղվել, կանոնավոր սեռական կյանք վարել, ժամանակին ծննդաբերել եւ երեխաներին կրծքով կերակրել: Կարեւոր դեր ունի նաեւ առողջ սննդակարգը (հայտնի է, որ լոլիկը, կարմիր խաղողը, սոխը եւ սխտորը հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը):

5. Կարծիք կա, որ սթրեսները նույնպես մեծացնում են բազմաթիվ ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգը, այդ պատճառով խորհուրդ է տրվում ավելի խելամիտ մոտեցում ցուցաբերել սթրեսները կառավարելու հարցում, մտահոգությունները չպահել ներսում, այլ ավելի հաճախ զրուցել մտերիմ մարդկանց հետ:

6. Շատ մասնագետներ կանանց եւ աղջիկներին խորհուրդ են տալիս պարբերաբար ինքնուրույն կրծքի հետազոտություն անցկացնել: Դա անելու ձեւերի մասին կարելի է կարդալ այստեղ. https://med.news.am/arm/news/5019/inchpes-inqnuruyn-stugel-kurtsqy.html

7. Պետք չէ մոռանալ նաեւ քաղցկեղի որոշ տեսակների հանդեպ ժառանգական հակվածության դերի մասին: Եթե կնոջ ազգականները կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի եւ անալիզ հանձնել, որը թույլ կտա բացահայտել քաղցկեղի այս տեսակի առաջացման վտանգի վրա ազդող գենետիկ մուտացիաները:

8. Եվ վերջապես՝ առանց բացառության բոլոր կանանց խորհուրդ է տրվում ամեն տարի կրծքագեղձի հետազոտություն անցնել, ինչը կօգնի ժամանակին ախտորոշել քաղցկեղն ու նախաքաղցկեղային հիվանդությունները: Մինչեւ 40-45 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքի ուլտրաձայնային հետազոտություն անցնել, իսկ ավելի բարձր տարիքի կանանց՝ մամոգրաֆիկ հետազոտություն: Քաղցկեղի այս տեսակի վաղ ախտորոշումը զգալիորեն մեծանում է հաջող բուժման հնարավորությունը, այդ պատճառով ամենեւին պետք չէ վախենալ կանխարգելիչ հետազոտություններից:

Оцените статью
error: Content is protected !!