ԱՐՏԱԿԱՐԳ… Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. մանրամասներ

ԼՈՒՐԵՐ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճատով հերթական խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում բախվել էին 17-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մի մասը, չսպասելով ԱՊՊԱ ներկայացուցիչներին, իրենց ավտոմեքենաները տարել էին դեպքի վայրից: Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը ու վարորդները արդարացիորեն վթարի մեջ մեղադրում էին Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի պատասխանատուներին:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետի գլխավորությամբ, վերջերս կուրծք ծեծելով՝ ասում էին, թե Երևան է ներկրվել ժամանակակից տեխնիկա և առաջին իսկ ձյան դեպքում բնակիչներն ականատես կլինեն, թե ինպես է տեխնիկան ճանապարհներից հեռացնում ձյունը: Ձյուն եկավ՝ վթարված ավտոմեքենաներ տեսանք, սառած ճանապարհներ տեսանք, բայց էդ անտեր տեխնիկան չկա ու չկա, երևի պատասխատուները իրենց դերի մեջ են մտել: Չփորձեն հանկարծ վարորդներին մեղադրել, թե անվադողերը ձմեռային չեն եղել, բոլորն էլ ձմեռային են եղել ու հիմա ո՞վ է փոխհատուցելու մեր կրած վնասը:Եթե աղ ու ավազ լցնեին ու մշակեին ճանապարհը, ապա այս շղթայական վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ ստացվում է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա»:Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնութունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրավիճակի մասին տեղեկացվում էր քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանի չինովնիկները 2 ժամից ավելի էր չէին բարեհաճում դեպքի վայր, որպեսզի կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ:Միայն օպերատիվ գործեցին ճանապարհային ոստիկանները, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյան

Оцените статью