Գարեգին Բ-ի ուղղությամբ «Նախազգուշական կրակոց» Կրեմլից…

ԼՈՒՐԵՐ

Ռուսական Lenta.ru-ն բավականին ընդարձակ հոդվածով անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ներկայացվել են կաթողիկոսի եւ բարձրաստիճան եկեղեցականության ոչ այնքան զուսպ կյանքի մասին պատմող դրվագներ։ Հեղինակն Անդրեյ Շիրյաեւն է, ով մասնագիտացել է կրոնական առաջնորդների վարքուբարքի թեմաներով։ Նա նույնիսկ բրիտանական թագավորական ընտանիքի առանձին անդամների ու Դալայ Լամայի մասին է գրել։ Եվ դրանք, ըստ ամենայնի, հստակ ուղղորդված քարոզչական հոդվածներ են՝ կրեմլյան քարոզչամեքենայի ճաշակով գրված։
Գարեգին Բ-ին վերաբերող հոդվածի պարագայում ոչ այնքան նրա ոչ այնքան համեստ կյանքի մասին տեղեկություններն են կարեւոր, որքան այն մեսիջը, որը Կրեմլը փորձում է փոխանցել Էջմիածնին։
Հիշեցնենք, որ հունվարի 30-31-ը Մոսկվայում տեղի ունեցան Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի պատրիարքական գահակալության 10-ամյակի միջոցառումները, որոնք կազմակերպված էին ամենաբարձր մակարդակով։ Հրավիրված էին բազմաթիվ կրոնական գործիչներ, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը, Կովկասի մուսուլմանների նախագահ Փաշազադեն։ Գարեգին Բ-ն չմեկնեց Մոսկվա, այլ՝ հովվապետական այցի Ավստրալիա եւ Նոր Զելանդիա։ Իր փոխարեն պատվիրակություն ուղարկեց՝ Հայաստանի աստվածաշնչական ընկերության ղեկավար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ իր եղբորը։ Եզնիկ արքեպիսկոպոսը, մեր տեղեկություններով, անձնական լավ հարաբերություններ ունի պատրիարք Կիրիլի հետ, քանի որ երկար տարիներ զբաղվել է միջեկեղեցական-էկումենիկ հարցերով, ինչպես որ պատրիարք Կիրիլը՝ Ալեքսի Բ պատրիարքի օրոք։ Եզնիկ արքեպիսկոպոսն իր քաղաքական համոզմունքներով նաեւ նախկին իշխանություններին թունդ քննադատողներից է եղել, աշխատել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, երբ վերջինս դասախոսել է ճեմարանում։ Առհասարակ, միջազգային գիտական շրջանակներում հեղինակություն է։

Փաշազադեն Կիրիլ պատրիարքի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը, եւ Կիրիլ պատրիարքը բավականին հետաքրքիր հայտարարություն է արել ղարաբաղյան կարգավորման մասին։ Մինչ հանդիսությունները, Մայր Աթոռի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը, ի պատասխան մեր հարցին, թե նախատեսվո՞ւմ է հանդիպում Գարեգին Բ-Կիրիլ պատրիարք-Փաշազադե ձեւաչափով, եւ կխոսվի՞ արդյոք ղարաբաղյան հարցի մասին, բացասական պատասխան էր տվել։ Ինչպես ցույց տվեցին զարգացումները, խոսակցություն եղել է։
Կիրիլ պատրիարքը խոսել է եռակողմ հանդիպման մասին՝ կրկնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ադրբեջանական մամուլում ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հարցով եռակողմ գագաթնաժողովն անպայման կլինի։ Կասկածից վեր է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին է փոխանցել Կրեմլի մեսիջը։ Թերեւս կարելի է արձանագրել, որ Կրեմլում դժգոհ են Գարեգին Բ-ի «անհնազանդությունից», քանի որ պատրիարքի հոբելյանների հետ կապված հանդիսություններին նախկինում նա է անձամբ գլխավորել Հայ եկեղեցու պատվիրակությունը։ Ու հիմա, փաստորեն, Գարեգին Բ-ն խույս է տվել Մոսկվա այցելությունից՝ պատճառ բռնելով հովվապետական այցը։ Բացի այս, կան նաեւ դժգոհության այլ պատճառներ։ Եթե ընթերցողը հիշում է, Ուկրաինայում հիմա սկսվել է ուղղափառության հերթական պառակտումը, եւ Ռուս ուղղափառ եկեղեցին սկսել է անջատվել ուկրաինականից։ Այս ամենի հետ կապված՝ Առաքելական եկեղեցին թեեւ անմիջական կապ չունի, սակայն նույնիսկ եղբայրական արձագանքի մասով չափազանց չեզոք դիրքորոշում է որդեգրել, ինչը նախկինում չի եղել։ Հիշենք, որ Ղրիմի թերակղզին Ռուսաստանին միացնելուց կարճ ժամանակ անց Գարեգին Բ-ն Ղրիմի հայկական համայնքները պոկում էր Ուկրաինայի Հայոց թեմից ու նվիրում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմին՝ այդպիսով լեգիտիմացնելով եկեղեցական մակարդակում Ղրիմի միացումը Ռուսաստանին, որը քաղաքակիրթ աշխարհն անվանում է բռնակցում կամ անեքսիա։ Նման ռուսահաճությունից հետո այս պասիվությունը, ինչ խոսք, եւս մեկ առիթ կարող է լինել, որ Կրեմլը դժգոհի Գարեգին Բ-ից։
Կրեմլյան քարոզչությունն ակտիվորեն օգտագործում է այն իրողությունը, որ կաթողիկոսի եղբայրը ռուսաստանահայերի մեծ մասի հոգեւոր առաջնորդն է։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում երկու թեմ է գործում՝ Հարավային Ռուսաստանի թեմը, որը ներառում է հարավ-ռուսական հայ համայնքները, ու այն ղեկավարում է Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմը, որը ղեկավարում է կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Այս հանգամանքը որքան որ պատվաբեր է, նույնքան էլ՝ պատասխանատու, քանի որ, ըստ էության, ռուսական պետական եւ հատուկ ծառայությունների խոշորացույցի տակ է գտնվում ոչ միայն Եզրաս արքեպիսկոպոսը, այլ նաեւ Գարեգին Բ-ն։
Ինքնին հասկանալի է, որ Lenta.ru-ի հոդվածը նախազգուշական կրակոց է, որ Գարեգին Բ-ն վերադառնա ռուսահաճության իր գծի մեջ, այլապես ամենեւին չի բացառվում, որ հաջորդ հրապարակումները լինեն արդեն փակ աղբյուրներից քաղված տեղեկություններից, որոնք կարող են լինել շատ ավելի տհաճ։ Ամեն դեպքում սպասելի է, որ Գարեգին Բ-ն հասկացել է մեսիջը։ Չի բացառվում, որ առաջիկայում նա «ապաշխարող» հատուկ այց կատարի Մոսկվա եւ հանդիպի Կիրիլ պատրիարքի հետ՝ սխալն ուղղելու համար։

Оцените статью
error: Content is protected !!