Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի համեմատել որևէ այլ խնդրի հետ․.. Փաշինյան

ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ աշխատում են երկու երկրների առաջնորդների հանդիպումը նախապատրաստելու վրա՝ գերմանական «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Խոսելով բանակցային գործընթացից՝ Հայաստանի վարչապետն ասել է․- «Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշ հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը»:
Վարչապետը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կան ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություններ, մյուս կողմից Ղարաբաղում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին:
«Նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է Փաշինյանը:
Ծավալում հարցազրույցում Փաշինյանը պնդել է՝ ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի համեմատել որևէ այլ խնդրի հետ՝ բերելով կոնկրետ օրինակներ.- «Աբխազիայի բնակիչներն, օրինակ, կարող են անարգել մեկնել Թբիլիսի, մինչդեռ ադրբեջանցի սահմանապահները, հայկական ազգանունով փաստաթղթեր տեսնելիս ուղղակի արգելում են մտնել Ադրբեջան»:
Փաշինյանը խոսել է նաև իշխանափոխությունից հետո երկրում արձանագրված ձեռքբերումների մասին․ — «Ամենամեծ նվաճումն այն է, որ այժմ Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և քաղաքացիներն են որոշում իշխանության ճակատագիրը: Նրանք են որոշում են՝ ով է լինելու իշխանություն, ով՝ դրա շրջանակից դուրս»:
Վարչապետը կրկին հայտարարել է՝ անընդունելի է համարում հայաստանյան հեղափոխությունը այլ հեղափոխությունների հետ զուգահեռ անցկացնելու փորձերը՝ հերթական անգամ պնդելով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության օրակարգը չուներ աշխարհաքաղաքական ենթատեքստ, դրանում տեղ չուներ նաև որևէ օտարերկրյա ուժ:
Հեղինակավոր գերմանական լրատվամիջոցի թղթակիցը հետաքրքրվել է՝ Ռուսաստանի նախագահը, որը չի սիրում հեղափոխություններ, ինչո՞ւ հայաստանյան իշխանափոխության հարցում դրսևորեց շատ չեզոք ու հանդուրժող կեցվածք: «Որովհետև, ինչպես ասացի, սա զուտ ներհայաստանյան գործընթաց էր, և կարող եմ ասել, որ որևէ արտաքին ուժ հնարավորություն չուներ միջամտել մեր ներքին զրագացումներին: Որովհետև, ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա, Հայաստանի ժողովուրդը միասնական է: Մեզ մոտ անցկացվեցին ժողովրդավարական ընտրություններ,և սա ոչ միայն իմ գնահաականն է, այլև՝ միջազգային համայնքի ու մեր հասարակության»,- արձագանքել է Փաշինյանը:

«Դոյչ Վելլե»-ի ռուսական ծառայության լրագրողի մյուս հարցին, թե արդյոք ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կարո՞ղ է կրկնել նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի փորձը, Հայաստանի վարչապետն արձագանքել է․ — «Ես չեմ կարող մեկնաբանել որեւէ երկրի ներքին գործընթացները: Ես չեմ որոշում, թե ինչ պետք է տեղի ունենա այս կամ այն երկրում»:
Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև 2008-ի մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:
«Դուք գիտեք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի են ունեցել հայտնի ողբերգական իրադարձություններ, որոնց հետևանքով տասը մարդ զոհվել է: Բոլոր եվրոպական, միջազգային կազմակերպությունները պահանջում էին օբյեկտիվ հետաքննություն անցկացնել, և այժմ այդ քննությունը շարունակվում է, Քոչարյանը կալանավորված է, քրեական գործի հետաքննությունը շարունակվում է․ թե ինչի կհանգեցնի այն, չեմ կարող ասել»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Оцените статью