Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը …

ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 5-ին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու. այն կհրապարակվի վաղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։
Պաշտպանը տեղեկացրեց, որ իրենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին դիմումներ են ներկայացրել՝ նշելով, որ խախտվում է Վահագն Հարությունյանի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, քանի որ դեկտեմբերի 11-ից առ այսօր չի քննվում Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքը:


Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։
Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։
Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Оцените статью
error: Content is protected !!