Փաշինյանը մերժո՞ւմ է Ս.Սարգսյանի որդեգրած, Լ. Տեր-Պետրոսյանի պաշտպանած բանաձեւը …

ԼՈՒՐԵՐ

Ո՞րն է ՀՀ ներկայիս իշխանության բանաձեւը Ղարաբաղյան բանակցություններում Ղարաբաղի հարցում կոնսենսուս կա՝ արձանագրում է Մոսկվան Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Արցախի շուրջ իրադարձությունները բավական արագ են զարգանում: ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետություններն են ակնհայտորեն ինտենսիվ կարգավորման գործընթացն առաջ տանում: ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն չորս անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Վերջինը դավոսյան հանդիպումն էր, որը տեւեց մոտ ժամուկես, իսկ դրան հաջորդեց Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների չորսժամանոց հանդիպումը, որի արդյունքում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արձանագրեցին, թե նախարարները «համաձայնել են բնակչություններին խաղաղության նախապատրաստել»: Անցյալ շաբաթ Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը նշեց, թե Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ուժային սցենարները պետք է կատեգորիկ կերպով բացառվեն: Նա հայտնեց, որ ՀՀ իշխանությունների հետ հանդիպմանը Մոսկվան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, «ցանկություն հայտնեցինք, որ այդ հանդիպումները շարունակվեն», փաստեց Կարասինը՝ նաեւ հավելելով. «Այդ ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները… Առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն, ինչպես ես եմ հասկանում՝ եւ՛ նախարարների, եւ՛ առաջնորդների մակարդակով: Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի դրանք բովանդակալից լինեն, իրական արդյունքներ ունենան եւ առաջընթաց արձանագրեն: Բայց այս պահին չափազանց կարեւոր է, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի ու հանգիստ: Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ վերջին ամիսներին բնորոշ է այդ հանգստությունը, իրադրության համեմատաբար կանխատեսելիությունը: Պետք է շարունակել այդ ոգով»: Ըստ Կարասինի՝ բանակցությունների անցկացումը, քայլերի հաջորդականությունը, դրանց արդյունքը Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂ-ի համար, այդ թեման շատ արդիական է, բայց հարցը պետք է քննարկվի հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս տարի «ճեղքում» արձանագրվի բանակցություններում, Կարասինը պատասխանեց. «Շատ բարդ հարց է դա: Իհարկե, բոլորը կուզենային, որ այս խնդրի լուծման հարցում արագ առաջընթաց արձանագրվեր, բայց պետք է իրատես լինել եւ հենվել առողջ բանականության եւ այն բանակցությունների վրա, որոնք առաջին հերթին վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ միջազգային հանրության եւ առաջին հերթին եռանախագահների օգնությամբ»: Այսպես, Հայաստանում գտնվող Կարասինն արձանագրեց, որ առաջիկայում նոր հանդիպումներ են կայանալու՝ ԱԳ նախարարների եւ պետությունների ղեկավարների մակարդակով, ավելին՝ Մոսկվան կարեւորում է, որ այդ հանդիպումները «լավ պատրաստված» լինեն, որպեսզի «առաջխաղացում» արձանագրվի, եւ որ կարգավորման գործընթացում առաջընթաց լինի: Մոսկվան ակնհայտորեն շտապում է՝ Կարասինի մակարդակով շեշտելով, որ կցանկանային, որպեսզի այս խնդրի կարգավորումը «հնարավորինս արագ լիներ»: Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն անցյալ շաբաթ հարկ համարեց նաեւ շեշտել, որ Մոսկվան բարեխղճորեն է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Մենք կատարում ենք մեր միջնորդական գործառույթը բարեխղճորեն: Կարծում եմ՝ նաեւ որակյալ: Մենք ողջունում ենք Երեւանի եւ Բաքվի միջեւ վերջերս տեղի ունեցած քաղաքական շփումները տարբեր մակարդակներում: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են հենց մայրաքաղաքներն այդ հարցով: Եվ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ուղի է առաջ ընթանալու համար»: Վաշինգտոնը որոշակի վտանգներ է տեսնում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հունվարի 29-ին Թվիթերում հայտնեց, որ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Մենք քննարկել ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգություն, անվտանգության ոլորտում համագործակցության եւ ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Այս զրույցից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել Ջոն Բոլթոնի հետ, եւ ընդ որում՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը ամերիկյան կողմինն է եղել: «Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»,- ասվում էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Փաշինյանը հատուկ շեշտել էր, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել՝ հավելելով. «Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»: Իսկ Ջոն Բոլթոնը Թվիթերի իր էջում անդրադառնալով Փաշինյանի հետ իր հեռախոսազրույցին՝ հայտնում էր. «Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու վերանշանակման կապակցությամբ եւ ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին տեղի ունեցած ազատ եւ արդար ընտրությունների կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է նրա (Փաշինյանի) ջանքերին Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու հարցում

Ըստ ամենայնի, Վաշինգտոնը թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջնորդական իր առաքելությունն է իրականացնում, այնուամենայնիվ որոշակի մտահոգություններ էլ ունի: Այդ մասին հստակ հայտարարեց ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը: Պաշտոնական Վաշինգտոնը Ղարաբաղյան խնդիրը դասել է աշխարհում անվտանգությանը սպառնացող մարտահրավերների շարքում՝ չբացառելով Կրեմլի միջամտությունը: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը ամերիկյան հետախուզական այլ ծառայությունների ղեկավարների հետ Սենատում ներկայացրել է համաշխարհային անվտանգությանը նվիրված հերթական զեկույցը, որտեղ նշել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը մնում է լայնածավալ ռազմական հակամարտության առաջացման հնարավոր աղբյուր, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը»: «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը Հունվարի վերջին Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր նաեւ ԼՂ խնդրին, մասնավորապես, երբ լրագրողները նրան խնդրել եէին մանրամասներ հայտնել Դավոսում Ալիեւի հետ տեղի ունեցած հանդիպումից։ Նա հերթական անգամ շեշտել է, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններին ինքը ներկայացնում է միայն Հայաստանի Հանրապետությունը. «Բազմիցս եմ ասել, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, այդ բանակցություններում չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին եւ իրենց խորհրդարանը, այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից։ Կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից»։ Դավոսյան հանդիպումից խոսելիս Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ առարկայական, կարեւոր քննարկում Դավոսում այդ մեկուկես ժամվա ընթացքում տեղի չի ունեցել, եւ նույնիսկ, օրինակ, Դուշանբեի կարճ հանդիպումը Ալիեւի հետ ավելի առարկայական էր եւ ավելի կարեւոր։ Հունվար 30-ին արդեն կառավարության անդամների երդման արարողության ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ Ալիեւի հետ հանդիպումները բանակցություններ չեն. «Ալիեւի հետ հանդիպումները, ես ասել եմ, որ դրանք բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակում»։ Հարցին՝ ԵԱՀԿ ՄԽ նախագահող երկրներից կա՞ արդյոք նախաձեռնություն ի վերջո սկսելու բանակցությունները, թափ հաղորդելու ղարաբաղյան պրոցեսին, նա պատասխանել էր. «Այդ հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում։ Մենք պարոն Ալիեւի հետ նույնիսկ ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են էդ թեմայով աշխատում։ Իրենք կաշխատեն համանախագահների հետ համատեղ, մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվենք»։ Լրագրողների դիտարկմանը, թե վերջերս սկսել է շրջանառվել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը, Փաշինյանը պատասխանել է. «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը։ Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի իշխանություն չի վարել։ Որեւէ զուգահեռ տանելը եւ նախկինում վարած քաղաքականության հետ ընդհանրություն գտնելու փորձերը կատարյալ մոլորություն են»։ Վերոնշյալ գնահատականով Փաշինյանն, ըստ ամենայնի, փորձում է հասարակությանը համոզել, որ իր նախորդների՝ «տարածքներ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձեւն ընդունելի չէ իր համար: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը կողմնակից էր այդ բանաձեւին եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հստակ ընդգծում էր՝ հասկացնել տալով, որ առանց ԼՂ-ի վերջնական կարգավիճակի արձանագրման հայկական կողմից որեւէ զիջում ակնկալելն անիմաստ է: Իսկ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի իշխանավարման շրջանում, ավելի կոնկրետ՝ 2016 թվականին Հայ ազգային կոնգրեսի 2-րդ համագումարում, ըստ էության, պաշտպանեց Սերժ Սարգսյանի այդ բանաձեւը՝ նշելով, որ «այս պահը բաց թողնելու դեպքում հաջորդ տարբերակը Հայաստանի համար ավելի վատն է լինելու»: «Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի»,- 2016թ. դեկտեմբերի 17-ին հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ միաժամանակ ընդգծելով. «Արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենեւին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում…»: Իսկ նույն թվականի դեկտեմբերի 28-ին Տեր-Պետրոսյանը պարզաբանումներ ներկայացրեց դեկտեմբերի 17-ի իր ելույթի արձագանքների առիթով՝ արդեն հստակ նշելով. «Ինչ վերաբերում է կարգավորման նշված ծրագրի նկատմամբ մեր կուսակցության դիրքորոշմանը, ապա հակառակ այն իրողությանը, որ նա չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները, մենք կողմ ենք նրա անհապաղ գործադրմանը…»: Իսկ ո՞րն է Փաշինյանի կառավարության բանաձեւը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում: Շարունակությունը՝ «Առավոտի» փետրվարի 6-ի համարում:

»:

 

Оцените статью