Վրաստանի ադրբեջանցիներն Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման դեմ բողոքի ցույց անցկացնելու համար Թբիլիսիի քաղաքապետարանից թույլտվություն են ստացել, գրում է Minval.az-ը: Ցույցը տեղի կունենա վաղը՝ Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց: Այն նշանակված է ժամը 14:00-ին: Վրաստանի ադրբեջանցիներին զայրացրել է հուշարձանի տեղադրումը, ինչի համար նրանք պատրաստվում են պահանջել դրա ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրվել էր Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի նոր հուշարձանը: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր, և գյուղի բարերարը՝ Միքայել Ավագյանի ազգականը, միջոցներ էր հատկացրել նոր հուշարձանի համար: