Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է… նրան հետազոտում են

Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ են տեղափոխել ծառայողական ավտոմեքենայով՝ բժշկի և կալանավայրի պահակախմբի ուղեկցությամբ։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Նաիրի» ԲԿ–ի տնօրեն Անատոլի Գնունին։
«Բավականին մեծ անձնակազմով եկել են, կազմակերպել են հսկողությունը»,- ասաց նա՝ նշելով, որ Գրիգորյանը գտնվում է հիվանդասենյակում։

Նա հայտնեց, որ Գրիգորյանը բուժկենտրոնում հետազոտության է ենթարկվում.
«Մենք կհստակեցնենք ախտորոշումը և ըստ հետազոտությունների տվյալների՝ կասենք, թե հետագայում ինչ բուժման կարիք ունի, և ի՞նչ պայմաններում պետք է կազմակերպել բուժումը։ Ըստ այդմ՝ պարզ կլինի՝ նրան կցանկանան տեղափոխել կալանավայր, կալանավայրի հիվանդանոց կամ այլ որոշում կկայացնեն»,- ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ում փետրվարի 7-ին բժշկական կոնսիլիում է անցկացվել, ինչի արդյունքում որոշում է կայացվել այսօր՝ փետրվարի 8-ին, Մանվել Գրիգորյանին տեղափոխել «Նաիրի» բժշակական կենտրոն՝ հետազոտության:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։
ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Оцените статью