Քաղաքացին ավելի է հեռանում իրավական պաշտպանության հնարավորությունից․.. ԼՀԿ պատգամավոր

ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը պետք է մտածի ավելի մատչելի իրավաբանական ծառայությունների մատուցման մասին, ոչ թե նպաստի դրանց թանկացմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխության մասին, համաձայն որի՝ հաշվապահական եւ փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկի ռեժիմից անցնում են ավելացված արժեքի հարկի ռեժիմի։

«Սա ակնհայտորեն բացասական ազդեցություն է ունենալու փաստաբանական գործունեության իրականացման բուն գործընթացի վրա, որովհետեւ մենք ունենք փաստաբաններ, որոնք մեծ շրջանառություն չունեն․ տարեկան գուցե մի քանի միլիոն դրամ է նրանց շրջաառությունը, եւ եթե այդ շրջանառության համատեքստում նրանց ծառայությունները ծանրաբեռնում ենք 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, գուցե նրանք չկարողանան շուկայում մնալ։ Սա ուղղակի հարված է նրանց ձեռնարկատիրական գործունեությանը»,- նշեց նա։

Մյուս կողմից պատգամավորը շեշտեց՝ փաստաբանական գործունեությունը բացառապես ձեռնարկատիրական գործունեություն չէ, այն ունի նաեւ սոցիալական տարր․ «Պետությունը սահմանադրական պարտականություն է ստանձնել, որ արդարադատություն իրականացնելիս փաստաբանական ծառայությունը մատչելի կամ անվճար դարձնի։ Անվճարի մասով ամեն ինչ պարզ է՝ հանրային պաշտպանի գրասենյակը դա ապահովում է, սակայն մատչելիության մասով խնդիր է առաջանում»։

Նա համոզված է՝ ծառայություններն անուղղակի թանկացնելով՝ այդ թանկացման բեռը դնում ենք քաղաքացիների վրա, իսկ նրանցից շատերը վճարունակ չեն։ «Այսպիսով քաղաքացին ավելի է հեռանում իրավական պաշտպանության հնարավորությունից։

Մինչդեռ կառավարությունը պետք է մտածի ավելի մատչելի իրավաբանական ծառայությունների մատուցման մասին»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։

Оцените статью
error: Content is protected !!