Արտերկրում ապրող հայը հայ չի կարող մնալ, ես դա տեսել, զգացել եմ.. .Շանթ Աբրահամյան

ԼՈՒՐԵՐ

ՀԶՈՐ ՏՂԵՐՔԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ
Նրանցից երկուսին այսօր կներկայացնեմ` երկու հայրենադարձի, Շանթին` ԱՄՆ-ից և Զորիկին` Ռուսաստանի Դաշնությունից, որոնք կամավոր եկել, ներկայացել են իրենց զինկոմիսարիատներ: Նրանք հաստատապես վճռել են` ծառայությունից հետո կմնան Հայաստանում, սեփական երկրին օգտակար կլինեն, իրենց արմատները հայրենի հողում կձգեն:

 

Շանթ Աբրահամյան: Շանթի նախնիներին սելջուկ-թուրքերը տարել են Պարսկաստան, որտեղ 300 տարի շարունակ նրանք ապրել են իրենց երկրից հեռու: Հայրն ու մայրը երկուսն էլ Իրանում են ծնվել: Թե՛ հայրական և թե՛ մայրական պապերը 1960-ականներին հայրենիքի կարոտով որոշել են տեղափոխվել Հայաստան: Սակայն, ծնողները 1993-ին ծանր որոշում են ընդունել. մեկնել են ԱՄՆ, Գլենդեյլ: «Ես 1994-ին եմ ծնվել: Ճիշտ է` իրենց երկրից հեռու էին, բայց ծնողներս միշտ Հայաստանի կարոտով էին ապրում: Հայրս մասնագիտությամբ ճարտարագետ է: Ամեն օր, աշխատանքից վերադառնալով, նա ինձ հետ հայրենիքի մասին էր խոսում. հայոց պատմությունն էր պատմում` սկզբից մինչև վերջ, գրել-կարդալ էր սովորեցնում մեզ: Ես հայկական դպրոց չեմ հաճախել (հայկական դպրոցներում բավականաչափ տեղեր չկային, ու ստիպված էինք անգլիական դպրոց հաճախել), բայց հայրս ինձ համար ամենալավ հայկական դպրոցին էր փոխարինում»:
Շանթը ցանկացել է ավելի շուտ Հայաստան գալ` զինծառայության անցնելու, սակայն հայրը հորդորել է. «Մինչև համալսարանը չավարտես, մասնագիտություն չունենաս, չգնաս»:
Մասնագիտությամբ բնապահպան է Շանթը: Ավարտել է Սանտա Բարբարայի պետական համալսարանը: Բակալավրիատն ավարտել է «Շրջակա միջավայրի ուսումնասիրություններ» առարկայից: Նրա ուշադրության կենտրոնում են եղել «Մաքուր գյուղատնտեսություն» առարկան և քաղաքաշինության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք սակավաջուր վայրերում քաղաք հիմնելու առանձնահատկություններն են:
Շանթը ԱՄՆ քաղաքացի է, անցյալ տարվանից նաև Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նա առաջին անգամ Հայաստան եկավ ու ներկայացավ զինկոմիսարիատ 2017 թ. նոյեմբերին: «Երբ Հայաստան եկա, մտադիր էի անմիջապես բանակում զինծառայության անցնել, սակայն տարուց ավելի տևեց, մինչև փաստաթղթերս պատրաստվեցին: Այդ ընթացքում տարբեր տեղերում էի աշխատում»:
Մեկնեց Արցախ, Քաշաթաղի շրջան, որոշ ժամանակ աշխատեց «Հայրենասեր» բարեգործական կազմակերպությունում, որին կամավոր հիմունքներով անդամագրված էր, երբ դեռ ԱՄՆ-ում էր ապրում: Այս կազմակերպության հիմնադիրները` Ստեփան Սարգսյան և Նելլի Մարտիրոսյան ամուսինները, նույնպես հայրենադարձներ են: «Նրանց մասին իմացել եմ օրացույցից, որը ամեն ամիս տպագրվում էր Գլենդեյլում և ամեն անգամ հայազգի մի հերոսի մասին էր պատմում, նաև` մեր օրերի հերոսների: Այդ օրացույցներն ամբողջ աշխարհով մեկ անվճար առաքվում են` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, այլ հայաշատ երկրներում»:
«Հայրենասեր» կազմակերպության հիմնադիները Արցախում հաստատվել են երեք տարի առաջ, սակայն արդեն հասցրել են հայրենանվեր բազում գործեր կատարել: «Այդքան հայրենասեր, նվիրված մարդկանց կյանքումս երբեք չեմ հանդիպել,- ասում է Շանթը,- նրանք բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Քաշաթաղի շրջանում. դպրոցներ են վերանորոգում, գյուղացիներին օգնում են ցանկացած հարցում, ամենատարբեր ծրագրեր են ֆինանսավորում, ամեն կերպ աջակցում են ազատագրված տարածքների վերաբնակեցմանն ու պատերազմից հետո առկա խնդիրների լուծմանը»:
Շանթը որոշ ժամանակ նաև Աբովյանում է աշխատել, մոր ազգականների մոտ է մնացել, նաև՝ Գյումրիում` հոր ազգականների մոտ. հայերենից անգլերեն թարգմանություններ է արել, գյուղատնտեսությամբ զբաղվել:

 

 

 

 

-Ի՞նչը քեզ բերեց Հայաստան:
-Հայրենիքս է, խոսքերով դժվար է բացատրել…: Ծնողներս ինձ հայրենասիրությամբ են դաստիարակել: Հասունանալով` միշտ հետաքրքրվել եմ, կարդացել, տեղեկացել Հայաստանի մասին: Վերջին մի քանի տարիների պատմությանն էլ ծանոթ եմ՝ թե՛ ապրիլյան քառօրյայի զարգացումներին, թե՛ վերջին քաղաքական զարգացումներին, բայց դա բոլորովին նշանակություն չի ունեցել որոշմանս համար: Ես դեռ փոքրուց որոշել էի, որ գալու եմ: Ողջ գիտակցական կյանքումս միշտ վստահ եմ եղել, որ հայը պետք է Հայաստանում ապրի:
-Մի տարի է, ինչ այստեղ ես. ի՞նչ նոր բան իմացար մեր հայրենիքի մասին:
-Առանձնապես նորություն չկա ինձ համար:
-Ինչպե՞ս ընդունեցին ծնողներդ քո որոշումը:
-Ասացի, որ գալիս եմ, ու վե՛րջ:
-Ծառայությունդ ինչպե՞ս ես պատկերացնում:
-Սովորական: Հայաստանում նաև ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) ռազմամարզական հավաքներին և «Մարար» ռազմաուսումնական ծրագրին եմ մասնակցել: Շատ արհեստավարժ, շատ մեծ հմտություններ ու գիտելիքներ հաղորդող ծրագրեր էին: Սրանք ինձ շատ օգտակար եղան. զենքի հետ վարվել սովորեցի, դժվար իրավիճակներում կողմնորոշվել և շատ այլ հմտություններ, որոնք, վստահ եմ, զինծառայությանս ընթացքում ինձ շատ պետք կգան: Այդ ընթացքում շատ լավ ընկերներ ձեռք բերեցի: Հայրենասեր մարդիկ իրար շատ հեշտությամբ են գտնում…
-Ինչո՞վ ես զբաղվելու զինծառայությունն ավարտելուց հետո: Ասացիր, որ որոշել ես հայրենիքում մնալ:
-Անշուշտ, մնալու եմ: Գյուղատնտեսությամբ կզբաղվեմ: Կհաստատվեմ Աբովյանում և ինչ կարողանամ, կանեմ հայրենիքիս համար: Վստահ եմ` իմ երկրում եմ մնալու և կարեցածիս չափով օգտակար եմ լինելու:
-Իսկ ծնողնե՞րդ…

 

-Ծնողներս… երկուսն էլ ուզեն-չուզեն, վերադառնալու են:
-Ի՞նչն է քեզ համար ամենակարևորը:
-Որ աշխարհասփյուռ հայերը հայրենիք ունենան, չձուլվեն: Արտերկրում ապրող հայը հայ չի կարող մնալ, ես դա տեսել, զգացել եմ: Այստեղ` Հայաստանում, ինչպես ցանկացած երկրում, բազմազան խնդիրներ կան, սակայն, հայը պետք է զբաղվի իր երկրի խնդիրները լուծելով, ոչ թե օտարի:
-Քիչ հետո վիճակահանության կմասնակցես. որտե՞ղ կուզենայիր ծառայել:
-Նշանակություն չունի: Որտեղ էլ ընկնեմ, իմ հայրենիքն է, կծառայեմ սիրով: Ծառայությունը կյանքի մի հատված է:
-Կյանքի կարևո՞ր հատված է քեզ համար:
-Կյանքի բոլոր հատվածներն են կարևոր: Պետք է միայն դրանք ճիշտ ապրել:

 

Զորիկ Սարոյան: Կենտրոնական հավաքակայանում զինվորագրման իրենց հերթին սպասող զինվորներից մեկը իր հաղթ կերպարանքով անմիջապես առանձնանում է: Ռուսաստանից հայրենիք վերադաձած Զորիկ Սարոյանն է: 2009թ. ընտանիքով հաստատվել են Ռուսաստանում: Երիտասարդը ծնվել ու դպրոց է հաճախել հայրենի Բջնիում: Այստեղ էլ երեք տարեկանից մարզվել է իր հոր մարզասրահում: Տարբեր մարզաձևեր է յուրացրել: Այնուհետև պարապել է Չարենցավանի մարզադպրոցում: Դեռ այդ տարիներից մասնակցել է տարբեր մրցումների, կարատեի «սև գոտի» ունի:
-Շատ եմ կարոտել հայրենիքիս, ազնվորեն. կարոտել եմ ամեն մի քարի, թփի… շատ լավ եմ զգում իմ հողի վրա: Ուզում եմ հենց այստեղ ապրել, աշխատել, ընտանիք կազմել:
Զորիկի հետ այժմ Հայաստանում են մայրն ու եղբայրը, որոնք իր հետ են եկել: «Գնեցի տոմսերն ու իրենց անգամ չզգուշացրի: Այլընտրանք չունեին. պիտի գային»,- ժպտում է երիտասարդը,- շուտով հայրիկս էլ կգա: Մենք մեր երկրում պետք է ապրենք:
1997թ. աշխատել եմ որպես մարզիչ: «Ազատ ոճի ըմբշամարտ», խառը ոճի մարտարվեստ, գրեփփլինգ, բրազիլական ջիու-ջիցու, բոքս, սամբո: Մոսկվա, Սամարա, Կալուգա, Միտիշչի, ամենուր, ուր սպորտը բարձր մակարդակի վրա է, պարապել եմ: Վերջում արդեն իմ սպորտային ակումբն ունեի Մոսկվայի շրջանում` Միտիշչիում, կոչվում էր «ՌԴ»: Սաներիս մեջ բոքսի Եվրոպայի չեմպիոն կա` Դավիթ Լոքյանը: Նրան հենց սկզբից եմ մարզել. շատ ժրաջան, պատրաստակամ տղա է: Փոքր եղբայրս` Հայկը, որին էլի ես եմ մարզել, սամբոյի աշխարհի չեմպիոն է: Ինքս էլ եմ իհարկե մրցութային շատ տեղեր զբաղեցրել տարբեր մարզաձևերից՝ հենց այնպես մարզիչ չես դառնա: Բայց դա կարևոր չէ:
Զորիկը Նոր տարվա նախաշեմին է Հայաստան եկել: Նախընտրել էր «Ես եմ» ծրագրով ծառայությունը, սակայն փաստաթղթային որոշ խնդիրների պատճառով մյուս զորակոչիկների պես ծառայության անցավ վիճակահանությամբ ընտրած զորամասում` մեր հայրենիքի մեկ այլ սահմանամերձ զորամասում:
-Ես իրոք շատ ուրախ եմ, որ եկել եմ և ուզում եմ, որ բոլորը գան: Ուզում եմ, որ ոչ ոք այլևս չգնա երկրից: Աշխատանքը շատ է, այնքան բան կարելի է անել: Իրականում, աշխատանք կա: Պարզապես հաճախ մարդիկ խուսափում են դրանից, խուսափում են պատասխանատվությունից: Պետք է աշխատել, գումար վաստակել, ապահովել ընտանիքդ, քո գործունեությամբ օգուտ բերել երկրիդ: Իմ մեծ ցանկությունն է ծառայությունից հետո հաստատվել այստեղ, ամուսնանալ, մարզասրահ հիմնել ու մարզել հայ երիտասարդներին, չեմպիոններ պատրաստել` արդեն Հայաստանի համար: Կուզենայի, որ երեխաներս էլ չեմպիոններ լինեն: Ես կանեմ ամեն ինչ, ինչն ինձնից է կախված, որ ազգիս տղաներն ավելի ամուր, մարզված, ոգով ամուր լինեն: Հայաստանը փոքր երկիր է: Չնայած շատ երկրներ, ժողովուրդներ են մեզ փորձել հպատակեցնել, բայց չստացվեց: Ինչո՞ւ: Քանի որ մենք իսկապես կարողանում ենք կարևոր պահերին մեկս մյուսին նեցուկ լինել, օգնել: Ուզում եմ բանակում էլ սա շատ լինի, այս մոտեցումը գերակշռող լինի: Ամեն պահի կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ պետք է մեկս մյուսի թիկունքին կանգնենք… Այստեղ հենց՝ հավաքակայանում տղաների հետ ընկերացանք: Երկուսի հետ սպորտը մտերմացրեց: Իրենք էլ են մարզիկներ: Կարգին տղերք են: Շատ եմ ուրախանում, որ այսպիսի տղաներ կան իմ երկրում: Կուզենայի, որ ավելի լավ արդյունքներ ցույց տային, իհարկե, կուզենամ պարապել հետները բանակում, եթե հնարավոր լինի: Ես շատ փորձ ունեմ՝ տեղեկություններ, հմտություններ. կուզենամ այս ամենը մեր՝ հայաստանցի տղաներին փոխանցել: Ես մի քիչ վաղ մեծացա. ստիպված էի վաղ մեծանալ: Շատ դժվարություններ եմ տեսել կյանքում, շատ լավ բաներ եմ սովորել դժվար իրավիճակներից: Սովորել եմ մարզիչներիցս, սովորում եմ իմ սաներից, այս տղաներից եմ սովորում, Ձեզնից եմ սովորում, բոլորից, որոնց հանդիպում եմ իմ կյանքում:
-Ռուսաստանում ի՞նչ սովորեցիր:
-…Ամենակարևորը՝ սիրել իմ երկիրը, իմ Հայաստանը…: Երբ դեռ երեխա էի, այստեղ էի ապրում, այնպիսի խորությամբ չէի կարող զգալ, որ հայ եմ, ինչպես, երբ գնացինք Ռուսաստան:
-Մանկությունից ի՞նչ ես հիշում:
-Բջնիից, մանկությունիցս հիշում եմ, թե ինչպես էինք կռվում բակի տղաներով: Ավելի ճիշտ՝ վարժության համար էինք կռվում. իրար մարզում էինք այսպիսով: Անընդհատ պարապում էի: Անգամ ընկերներիս «վրա» էի պարապում. եթե իմ հարվածները կարողանում էին տանել, ուրեմն՝ կկարողանային նաև իրենք իրենց պաշտպանել: Մանկությանս ընկերներն ուրիշ են. այժմ էլ կապ ունենք միմյանց հետ:
-Ի՞նչ է նշանակում քեզ համար այն, որ շուտով կկանգնես քո երկրի սահմանին:
-Այն, որ բանակ եմ գնում` սահմանամերձ շրջան, այն, որ բանակ ենք գնում տղերքով՝ նշանակում է, որ յուրաքանչյուր հայ հանգիստ կքնի գիշերը. թող վստահ լինեն բոլորը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Оцените статью
error: Content is protected !!