Խաբեությամբ Հայաստանում հայտնված 4 հնդիկները վերադարձել են Հնդկաստան… մեղավորները ձերբակալվել են

ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը: «Փենջաբից Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր Հայաստանում հայտնվել էին դժվարին կացության մեջ, այսօր (խմբ. – փետրվարի 8-ին) ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ: Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխը հայտնել է, որ կարգադրել է տեղի ոստիկանությանը հետևել հետաքննության ընթացքին: «Գործով 5 մեղադրյալներից 2-ը ձերբակալվել են Քափուրթալա քաղաքի ոստիկանության կողմից: Մնացածները ևս շուտով կձերբակալվեն: Փենջաբի ոստիկանությունը իմ հանձնարարականներով ուսումնասիրում է դեպքը»,- «Թվիթեր»-ում գրել է Ամարինդեր Սինխը՝ ի պատասխան Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հայտարարության, որում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, թե Փենջաբի ղեկավարը խոստացել է անմիջապես քայլեր ձեռնարկել դեպքի առնչությամբ: Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan Times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել է, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից: Ըստ օրաթերթի` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության կողմից տրամադրված վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել: Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալների պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն:

Оцените статью
error: Content is protected !!