Ինչու՞ պետք է մի ընտանիքին այդ բնակարանը տամ, մյուսներին չտամ, հազարավոր ընտանիքներ կան… Հայկ Մարության

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր Երևանի ավագանու հերթական նիստին բարձրացրեց Լեոյի 35 հասցեում գտնվող մարդկանց բնակարանային հարցը:

«Ես չեմ կարող ներկայացնել, թե դա ինչ հյուղակ է: Դիմում-բողոքների տրցակ կա, բայց ոչ մեկը դեռևս չի այցելել այդ գետտո: Դրան «տուն» ասելը անշնորհակալ բան է, սարսափելի և զազրելի տեսարան է»,-ասաց նա և նշեց, որ միայն այցելել է «Իմ քայլը» խմբակցությունից Արթուր Իսպիրյանը, ով ավելացրեց, որ այդ տունը չունի տանիք, և մոտք գործել հնարավոր չէ:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ մի քանի օր առաջ տասնմեկ ժամ շարունակ ընդունել է քաղաքացիներին, և նրանց իննսուն տոկոսը նույն խնդիրներով են եկել: «Մի կին, որն ապրում է գործարանում, ընտանիք, որ երեխաները բրոնխիտ են, որովհետև տունը խոնավ է, մի խոսքով ահավոր իրավիճակ է: Այդ գումարները ո´չ իմն են, ո´չ ձերն է, համայնքինն է: Ավագանին թող որոշում կայացնի, որ այս մարդկանց տալիս ենք այսքան տուն, կամ առաջին հազար ընտանիքին բավարարում ենք, բյուջեն սպառվում է: Ոնց որոշեք՝ այդպես կանենք, ինչո՞ւ ես պետք է մի ընտանիքին այդ բնակարանը տամ, մյուսներին չտամ:

Ասեմ ավելին՝ կան հազարավոր ընտանիքներ, որ դա էլ չունեն, ոչինչ չունեն, ուղղակի վարձով են ապրում, հենց վերջացա վարձի գումարը, դուրսն են մնալու»,-ասաց նա: Հայկ Մարությանը նշեց, որ չգիտի այդ մարդկանց ինչ պատասխանել և բոլորին ուզում է օգնել: «Եթե միայն ինձանով լիներ որոշումը, այն օրն ով եկել էր, ես բոլորին կօգնեի ու կլինեի բարի քաղաքապետ, այնինչ ես ասել եմ, որ չեմ կարող դա անել, քանի որ եթե տասը հոգու օգնեմ, մնացած հազարը կասի՝ բա մենք, իսկ պայմանները հավասար են»,-ասաց նա: Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ ինչ-որ տեղից պետք է սկսեն և ըստ առաջնահերթությունների առաջնորդվեն:

Հայկ Մարությանը նշեց, որ ինչպես ավագանին ասի, այնպես էլ ինքը կվարվի, բայց պետք է հասկանան լիազորությունները, բյուջեի հնարավորությունները: «Ես ամեն անգամ, երբ այդ մարդկանց տեսնում եմ, չգիտեմ՝ ինչ ասեմ, իրոք չգիտեմ՝ ինչ ասեմ»,-ասաց նա և նշեց, որ այդ մարդկանց հասցեներով, անուններով գիտի, անձամբ կազմակերպում է այդ մարդկանց դուրս չմնալը, երբ փլուզման խնդիր կա:

«Հիվանդանոցում կազմակերպել են հրատապ ընդունման կետ, մի վայր, որ առայժմ այդ մարդկանց տեղավորենք»,-ասաց նա և նշեց, որ դա իր համար շատ ցավոտ թեմա է և այդ մարդկանց հոգսով ապրում է: «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը նշեց, որ Եկամլյան փողոցն էլ նույն խնդիրն ունի, և թեև խիտ կառուցված շենքերի հարց կա, սակայն ներդրողի առաջարկած տարբերակը բավականին լուծում է խնդիրը, և եթե թույլ տան շենք կառուցել, տասնյակ մարդկանց բնակության հարց կլուծի: «Համարենք՝ մի ամիս հետո էր իշխանությունը փոխվել, նախորդը տալու էր համաձայնություն և փողոցում մնացած մարդկանց հարցը կլուծվե՞ր»,-ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ Արզումանյան փողոցի հարցում բանակցում են տարբեր կառուցապատողների հետ: «Ընդհանուր Երևան քաղաքի բնակֆոնդի հնացման խնդիր կա, և վաղն ավելի գլոբալ խնդրի առաջ են կանգնելու, հետո թաղամասերով խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նա:

Оцените статью
error: Content is protected !!