Ասա ով ես դու, ասեմ ինչ գիրք ես կարդում…

ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը օրերս գրախանութ էր մտել և մի քանի գիրք գնել` երեկոյան ընթերցանության համար: Բոլոր վարչապետներն էլ, երևի, ինչ-որ բան կարդում են երեկոյան, և դրա մեջ կարծես արտառոց ոչինչ չկա: Արտառոցն ուրիշ տեղ է` Փաշինյանի ՖԲ էջում, որտեղ այդ արարողությունը հասցված է աննախադեպ իրադարձության աստիճանի: Դուք հիշո՞ւմ եք այնպիսի դեպք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մտած լինի գրախանութ և մի որևէ գիրք գնած: Ես չեմ հիշում: Իսկ կա՞ մեկը, որ դեռ չգիտի, թե մեր նոր անկախության տարիների ամենակարդացած ղեկավարն ով է եղել: Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կարդացած բոլոր գրքերը միասին Տեր-Պետրոսյանի կարդացածի 10 տոկոսն էլ չեն կազմում:
Որպես վերոհիշյալների ժամանակակից` ես ինչ-որ չափով ճանաչում եմ նրանց: Շատ մոտիկից տեսել եմ հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանին:
Եկել էր Դսեղ` մասնակցելու մեր ժողովրդի պարծանք Հովհաննես Թումանյանի սիրտը հուղարկավորելու արարողությանը: Գյուղի ծայրից մինչև տուն-թանգարանի բակը ոտքով եկավ` Լոռվա կեսը հետևից գցած: Վանոն, եթե չեմ սխալվում, ուղղաթիռով եկավ… Եկան, կանգնեցին ձեռքերը փորի տակ ագուցած, թթված դեմքերով, լրագրողներին էլ «փըշտ» արին, թե էս էն պահը չէ… Սոս Սարգսյանը խոսեց: Լավ խոսեց Սոսը, դսեղցիների հպարտությանն էլ չափ չկար… Էդ սովի տարին գյուղի երկայնքով ու լայնքով մի սեղան էին գցել, մի սեղան… Ում տանն ինչ կար, բերել, լցրել էին: Եվ, երբ պաշտոնական արարողությունն ավարտվեց, մեզ պահեցին, որ անձամբ համոզվենք, թե ինչ հյուրասեր մարդ է եղել Թումանյանը: Բա ո՞վ կենաց կասի… Բոլորը փնտրում էին Տեր-Պետրոսյանին, բայց նրա հետքն էլ չկար: Դարձյալ Սոսը խոսեց: Մարդիկ հեռու սեղաններից մոտեցել էին, խռնվել Սոսի շուրջը, որ լսեն վարպետի խոսքն իրենց մեծ համագյուղացու մասին, որի սիրտն այդ օրը, նրա մահվանից գրեթե 7 տասնամյակ անց, հասել էր Դսեղ: Դսեղցիների երախտագիտությանը չափ չկար: Երբ վերադառնում էինք, ձորի մի անկյունում Լևոն Տեր-Պետրսյանի ավտոշարասյան տուտը երևաց: Տղերքը մտել էին ինչ-որ օբյեկտ` հաց ուտելու: Հաջորդ օրը թերթերը Տեր-Պետրոսյանի մեծադիր նկարները տպեցին Դսեղում, բայց ոչ մի խոսք չգրեցին այն մասին, որ նախագահը միայն ֆիզիկապես է այնտեղ եղել և թռել ժողովրդական կերուխումից:
Գալով այս գրության վերնագրին` փորձեմ գուշակել, թե ինչ գիրք կգներ Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե Նիկոլ Փաշինյանի նման մտներ գրախանութ: Տեր-Պետրոսյանը Հայաստանում իշխանության է եկել «մեծ դավադրության» արդյունքում և «թախտից ընկել», ինչպես ինքն է «փաստել», իսկ Քոչարյանն էլ «հաստատել»` «դավադրությունից»: Իր իշխանության տարիներին Տեր-Պետրոսյանը մեկ րոպե անգամ չի դադարել դավեր նյութելուց, որոնք հիմնականում տապալվում էին, բայց երբեմն էլ պսակվում էին «հաջողությամբ»: Հատկապես նկատելի էին ներքին կյանքում նրա նյութած դավերի ավերները: Հայաստանից վերացան լույսը, ջերմությունը, սնունդը, գործարանները, գործատեղերը, հաղթանակած ժողովուրդը ազգուտակով սկսեց փախչել երկրից: Իսկ թե նա ինչքան էր մտահոգվում դրանից և սիրում իր ժողովրդին, տեսանք նաև Դսեղում: 10 տարի ձեն-ձունը չկար: 2008-ին եկավ, բանը հասցրեց Մարտի 1-ին և դեռ մնացել է մինչ օրս` շարունակելով իր դավադրությունները: Տեր-Պետրոսյանի ամենահումանիստական բացականչությունը սա է. «Սերժ, քեզ եմ դիմում խնդրանքով` բացիր զուգարանները, ցուցարարներս մեղք են»: Այդ օրերին նա Գագիկ Ծառուկյանին «համոզել էր»` պարոն Ծառուկյան, դու ես մեր Իվանիշվիլին, առաջնորդիր մեզ, իսկ մենք քո հետևից «մարշ ածելով« կգանք: Ծառուկյանն էլ հավատացել էր առաջին նախագահի դավադիր քաղաքագիտական վերլուծությունն ու առաջ ընկել: Թե ինչ եղավ հետո, պատմելու բան չէ: Բայց դրանից մեկ տարի էլ չէր անցել, որ Սերժ Սարգսյանը այցելեց «վատառողջ» Տեր-Պետրոսյանին և քիչ էր մնում համոզվեր, որ առանց ազատագրված տարածքներն Ադրբեջանին նվիրելու` Ղարաբաղի հարցը չի լուծվի: Այսքան բանից հետո այլևս կասկած չի մնում, որ Տեր-Պետրոսյանը գրախանութից կգներ «Դավադրություն նյութելու նուրբ արվեստը» գիրքը:

 

 

 

 

Այս նույն սկզբունքով էլ կարող ենք պատկերացնել, թե ինչ գրքեր կգնեին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Երկուսի դեպքում էլ խիստ հավանական է, որ գրախանութում նրանց աչքից չէր վրիպի «Լևոն Տեր-Պետրոսյանի դավերից հեռու մնալու նուրբ արվեստը» հաստափոր գիրքը: Թե որքանով է նրանց հաջողվել հեռու մնալ, կարելի է դատել քանդված երկիրը մարդամեջ բերելու գործում արձանագրած հաջողություններից: Սերժ Սարգսյանի պարագայում անկումները մի փոքր ավելի են, բայց դա էլ պայմանավորված էր նրա մի դրական հատկանիշով` «բարությամբ», որ չուներ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը «չէ» ասել չգիտեր: Բոլորին ասում էր «այո»` Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Թուրքիային, սիրում էր երկխոսացնել քաղաքական հակառակորդներին: Սերժի մեղմ բնավորությունն էլ պատճառ դարձավ, որ նրա իշխանության 10 տարիներին Տեր-Պետրոսյանն իրեն զգա ինչպես մոր փորում և շարունակի իր դավադրությունների շարանը: Բոլորին «այո ասելու նուրբ արվեստը» Սերժ Սարգսյանին հասցրեց հայ-թուրքական ֆուտբոլի դուռը, և այդ գործում նույնպես փոքր չէր Տեր-Պետրոսյանի ներդրումը:
Սերժ Սարգսյանը չկարողացավ «ոչ» ասել նաև Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ արած, երևի նա կարդացել էր նաև Ռոբերտ Քոչարյանի ամենաչսիրած գիրքը` «Իշխանությունը նվիրելու նուրբ արվեստը»: Այդ օրերին Քոչարյանի զայրույթին չափ ու սահման չկար, լավ, ի՞նչպես կարելի է իշխանությունը վերցնել ու տալ մեկին, որպես ճամպրուկ` զարմացել էր Քոչարյանը, որ Սարգսյանի իշխանության 10 տարիներին հասցրել էր մի քանի անգամ կարդալ «Հորեղբոր տղային շատ չքննադատելու նուրբ արվեստը» գիրքը: Ասա` այ պարոն Քոչարյան, Սերժ Սարգսյանին բերել էիր իշխանության, աչքդ վրան պահեիր, էլի՞: Թե բա` ղարաբաղցին ղարաբաղցու ոտքը չի տրորի… Տեսա՞ք ինչ եղավ… Խնդրեմ, այսօր Քոչարյանը սեփական վարքով է ցուցադրում «բանտում նստելու նուրբ արվեստը», որը գրքի տեսքով լույս կտեսնի, երբ Նիկոլն այլևս վարչապետ չի լինի:
Եվ վերջում երկու խոսք այն մասին, թե ինչու է Փաշինյանն ընտրել «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Իսկ ի՞նչ գիրք պետք է ընտրեր այն վարչապետ, որ բոլորի աչքի առաջ ուզում է հաստատել տալ մի ծրագիր, որը, շատ կներեք, հիշեցնում է «որ մորաքույրը մի փոքրիկ բան ունենար, նրան քեռի կասեին» հայեցակարգը: Այսօր Հայաստանում մի տնտեսագետ չկա, որ ասի` կառավարության ծրագրի այ այս կետը լավն է: Ստի բոստան` բառիս բուն իմաստով: Ախր շատ էլ չես կարող պահանջկոտ լինել, նոր են, խելքները շատ բան չի հասնում, դեռ սովորում են, չեն կարողանում կտրվել «Ֆեյսբուքից», լավ կյանքն էլ մի կողմից է շլացնում: Եվ այո, այս ամենը պետք է հասներ իր տրամաբանական ավարտին:
Ժողովուրդը համբերատար է, բայց կասկածամիտ: Նրա կասկածներն օրավուր խորանում են, մարդիկ հասկանում են, որ սա չէր իրենց ուզածը կամ, ավելի ճիշտ, իրենց հրամցվածը: Կասկածներին զուգահեռ սկսել է ահագնանալ քննադատության ալիքը, հիասթափվելու վտանգն այլևս էյֆորիայի օրերի նման անիրական չի թվում: Ու մեկ էլ` ոչ դես, ոչ դեն, Նիկոլ Փաշինյանը գրախանութից գնում է «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Մարդը, փաստորեն, ասում է` ուզում եմ սովորել, թե ինչպես նրբորեն «թքած ունենամ» բոլորի ու ամեն ինչի վրա՞: Եթե հենց դա է ակնարկում Փաշինյանը, ապա կարող եմ ասել, որ իրեն իշխանության հասցրած ժողովուրդն այդ գիրքը ավելի շուտ է կարդացել, դեռ 90-ականներին, և մինչ օրս արդեն ՀՀ երկու ղեկավարի «նրբորեն» ստիպել է հեռանալ:
Հ.Գ. Պարոն Փաշինյան, ինչպես առել ես, այդպես էլ կտանես ու հետ կտաս այդ գիրքը: Հուսամ` կտրոնը պահել ես, և գրախանություն չեմուչում չեն անի: Դու հո սերիալի հերոս չե՞ս, որ հանդիսատեսի վրա «թքած ունենաս»… նրբորեն:

Оцените статью