Ոչ միայն մեր դասարանն է սպասում այդ հարցերի պատասխանին, այլ մի ամբողջ ժողովուրդ, որն ապրել է 90-ականներին…

ԼՈՒՐԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երեկ, անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հնչեցրած հայտարարությանը, գրել էր․
«Որպես Սոֆյա Հովսեփյան-ի մտքերի տրամաբանական շարունակություն…
Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն/ ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/ 3 հարցի պատասխանը պետք է տա՝

 

 

 

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:
2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ
հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:
3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:
Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:
Սրբուհի Ղազարյանին ուղղեցինք մի քանի հարց։
-Դուք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հնչեցրել եք տեսակետ, որին արձագանքել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, ի մասնավորի, նշելով՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը։
-Ես որեւէ դիրքորոշում չեմ հայտնել։ Երբ ես որեւէ դիրքորոշում կհայտնեմ, այդ պարագայում, կարծում եմ, բոլորը կկարողանան համեմատել ու գնահատել՝ այդ դիրքորոշումը համապատասխանո՞ւմ է կառավարության դիրքորոշմանը, թե՞ ոչ։ Ես երեք հարց եմ ուղղել 1991 թվականից նորանկախ Հայաստանի ղեկը ստանձնած ղեկավարին։
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ այսուհետ Դուք Ձեր գործունեությունը ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում չեք շարունակի։
-Ես մտավախություն չունեմ, կընդունեմ այն, ինչ որոշի վարչապետը։ Ես ամբողջ կյանքս Հայաստանի Հանարպետությունում ապրած անձնավորություն, որպես ՀՀ քաղաքացի, երեք հարց եմ ուղղել նորանկախ Հայաստանի ղեկը ստանձնած անձնավորությանը։ Ինչ վերաբերում է իմ հանրային ծառայությանը, ապա իմ հարցադրումները ոլորտային իմաստով որեւէ կերպ չեն առնչվում իմ պարտականություններին։ Ես ընդհանրապես այլ հարցերով եմ զբաղվում՝ որպես խորհրդական։
-Ձեզ հաջողվե՞ց ստանալ Ձեր հարցերի պատասխանը։
-Ոչ, ես կարծում եմ, որ մեր պատմությունը կտա այդ պատասխանը։ Հուսամ՝ մոտ ժամանակներում, քանի որ 25 տարի սպասում ենք այս հարցերի պատասխանին։
-Իսկ Դուք ակնկալո՞ւմ էիք, որ կստանաք Ձեր հարցերի պատասխանը։
-Իմ ամբողջ սերունդն է սպասում այդ հարցերի պատասխանին, հատկապես՝ իմ ողջ դասարանը, որից ընդամենը երկու հոգի է մնացել Հայաստանում։ 40 հոգանոց դասարանից երկու հոգի է մնացել Հայաստանում, մյուսներն արտագաղթել են։ Ոչ միայն մեր դասարանն է սպասում այդ հարցերի պատասխանին, այլ մի ամբողջ ժողովուրդ, որն ապրել է 90-ականներին։
-Իսկ ինչո՞ւ միայն Հայաստանի առաջին նախագահին հարցեր ուղղեցիք, երկրորդ, երրորդ նախագահներին հարցեր չունե՞ք ուղղելու։
-Այդ հարցերը վերաբերում են առաջին նախագահին։ Եթե Դուք հետեւեք իմ գրառումներին, ապա կտեսնեք, որ ես հարցեր եմ ուղղել նաեւ երկրրոդ, երրորդ նախագահներին, որոնք վերաբերում են իրենց ժամանակաշրջանի «գործերին»։
-Կա մի չգրված կանոն, որ պաշտոնյաները չպետք է գրառումներ անեն սոցիալական ցանցերում։
-Ինչո՞ւ, հանրային ծառայողը դադարո՞ւմ է ՀՀ քաղաքացի լինելուց։
-Իսկ գրառում կատարելուց հետո, բացի վարչապետի խոսնակի հայտարարությունից, վարչապետի կողմից զգուշացում ստացե՞լ եք։
-Վարչապետը երկու օր է, ինչ Ազգային ժողովում է, ես վարչապետին չեմ տեսել։
Հիշեցնենք ՔՊ-ականները սկսեցին քննադատել ՀԱԿ թիմակիցներին եւ ՀՀ առաջաին նախագահին այն ժամանակ, երբ Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել եւ իր կարիծքն էր հայտնել Արցախի հարցի կարգավորման շուրջ:
Զուրաբյանի այդ հարցազրույցին արձագանքել էր «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Իսկ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:

Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:
Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»:

Оцените статью