Երևանը՝ աշխարհաքաղաքական ծուղակում…

Հայաստանը կրկին կանգնած է աշխարհաքաղաքական բալանսի խախտման փաստի առաջ։ Դա պայմանավորված է նախեւառաջ Սիրիա զորախումբ ուղարկելու փաստով եւ երկրորդ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցով։ Մինչեւ քաղաքական փոփոխությունները, Հայաստանի նախկին իշխանությունները դժվարությամբ, սակայն կարողանում էին «լողալ» Ռուսաստան-Արեւմուտք հակասությունների արանքում եւ պահպանել հավասարակշռությունը գոնե այնքանով, որ վնասը երկկողմանի բլոկադայի մեջ գտնվող երկրի համար լիներ քիչ թե շատ հաղթահարելի, իսկ աշխարհաքաղաքական բալանսն էլ պահպանվեր։ Իհարկե, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ, հասկանալի է, գտնվում էր հետսովետական տարածքի այն երկրների շարքում, որոնք հիմնականում ռուսական կողմի համար ընդունելի ուղեծրով էին շարժվում, սակայն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը՝ մի կողմից, եւ հատկապես վերջին շրջանում նախկին իշխանությունների կառավարման՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում նկատվող հետաքրքրության որոշակի աճը փորձ էր գոնե բալանսավորելու աշխարհաքաղաքական հակակշիռները եւ մանեւրելու հնարավորություններ տալու։

 

 

Իշխանափոխությունից հետո հայտարարվեց, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվելու, ակնարկներ եղան իրավահավասար հարաբերությունների մասով։ Հետագա դեպքերի զարգացումները, սակայն, անհանգստություն առաջացրին Մոսկվայում, եւ դա զգացվեց մեդիայում ու փորձագիտական-վերլուծական շրջանակների կողմից Հայաստանի եւ նոր իշխանությունների դեմ մերթընդմերթ ձեռնարկված արշավներով։ Ինչ-որ մի պահի ռուսական մեդիան հայտարարեց, որ Հայաստանն արեւմտյան ուղղություն է որդեգրել։ Կրեմլն էլ քանիցս ուղիղ կամ անուղղակի, երբեմն էլ շատ կոշտ հասկացնում էր, որ Երեւան-Մոսկվա հարաբերություններն այլեւս առաջվանը չեն։ Այս իրավիճակում իշխանությունները, հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար, գնացին զիջումների եւ իրենք էլ չհասկացան, որ այդ վստահության դեֆիցիտի լրացնելուն միտված քայլերը տանելու են այնտեղ, որ բալանսը կրկին խախտվի այս անգամ հօգուտ Ռուսաստանի եւ ընդդեմ Արեւմուտքի։ Արդյունքում եղավ այն, որ հատկապես ԱՄՆ-ի մասով հարաբերություններում սկսեցին սեւ ամպեր կուտակվել։ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր կովկասյան տուրնեից առաջ հայտարարեց, որ իր այցը տարածաշրջան ունի մի շարք առաջնահերթություններ՝ Սիրիա, Իրան, Թուրքիա, Ռուսաստան։

 

 

 

Բոլթոնի հայտարարություններն այս շրջանակում էին։ Թեեւ բաց տեքստով հայտարարություններ չեղան, սակայն որոշ դրվագներ Երեւանում ցույց տվեցին, որ իրանական օրակարգը Երեւանում խոսվել է ընդհուպ մինչեւ սահմանի բաց կամ փակ լինելու թեմա, նաեւ Հայաստանը ռուսական ազդեցությունից դուրս բերելու հարց է քննարկվել ռազմական մատակարարումների դիվերսիֆիկացիայի մասով։ Իհարկե, որպես հաղթաթուղթ բերվեց նաեւ ղարաբաղյան բանակցություններում ընտրություններից հետո Փաշինյանից ակնկալվող նախաձեռնողական խիզախ քայլերի մասին թեզը, որն ամրապնդվեց նրա վստահության մեծ քվեով եւ այլն։ Այս ամենն ունեցավ նաեւ իր գործնական դրսեւորումները։ «Հրապարակը» գրել էր՝ վկայակոչելով «Ռեգնումին», որ Բոլթոնի այցից հետո շվեդները ռազմական կործանիչներ են առաջարկել Երեւանին՝ կես միլիարդ եվրոյի շրջանակում, նաեւ՝ լիզինգային պայմանների հնարավորությամբ։ Իսկ այն, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը չորս նորագույն գերժամանակակից ռուսական ՍՈՒ ինքնաթիռ է ձեռք բերում շվեդների առաջարկած գնից մոտ հինգ անգամ ավելի էժան, վարկային պայմաններով, ինչը զուտ նպատակահարմարության տեսակետից հուշեց, որ շվեդներին քաղաքավարի կերպով ճանապարհել են։
Հաջորդիվ արդեն Սիրիա զորակազմ ուղարկելը, որից պարզորոշ երեւաց, որ ռուսական խնդրանքի հիման վրա է իրականացվել, երկրորդ խոշոր քայլն էր, որը խորացրեց անվստահությունը հայ-ամերիկյան հարաբերություններում։ Երրորդ քայլն արդեն Փաշինյանի առաջիկա այցն է Իրան, այն դեպքում, երբ գրեթե ամեն շաբաթ ԱՄՆ-ն նոր սանկցիա է սահմանում Իրանի դեմ։ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում այս վիճակը ծանր հետեւանքներ կարող է ունենալ Երեւանի համար։ Ի վերջո, Բոլթոնն ակնարկել էր, որ Ադրբեջանին զենքի վաճառքի 904-րդ արգելքը կարող է եւ չեղարկվել։ Այսքանից հետո դեռ Միացյալ Նահանգները հակաքայլեր չի ձեռնարկել՝ գոնե պաշտոնապես։ Եթե, օրինակ, Թրամփը որոշի շրջանցել արգելքը եւ զենք վաճառել Ադրբեջանին, ապա Երեւանը հակազդելու գործիքակազմ չի ունենա, որովհետեւ ամենաքիչը կօգտագործվի Լուկաշենկոյի հայտնի փաստարկը՝ «լեզուդ ինչո՞ւ ես խոթել․․․ էն մի տեղը, ամենաշատ զենք մատակարարողը Բաքվին Մոսկվան է՝ Պուտինին դժգոհի»։ Մյուս կողմից՝ եթե Երեւանին էլ սպառազինություն առաջարկվի, Երեւանը դժվար թե կարողանա Մոսկվայի ճնշման տակ այն գնել։ Ստացվում է, որ անհեռատեսությունը Երեւանին գցել է բավականին տհաճ աշխարհաքաղաքական ծուղակը։

Оцените статью
error: Content is protected !!