Կառավարության ծրագրի վրա չեն ծիծաղի…

ԼՈՒՐԵՐ

Փաշինյանն ԱԺ ամբիոնից զարմացած բացականչեց. «Ու դեռ եկել, ծիծաղում են մեր ծրագրի վրա»: Ես համաձայն եմ Փաշինյանի հետ: Կառավարության այս ծրագիրը ծիծաղելու չէ, լացելու է: Բառակույտի վրա ծիծաղելը ո՞րն է, պետք է մի քիչ հայրենասիրություն ունենալ եւ, առնվազն, տխրել, երբ կառավարության ղեկավարը բաց տեքստով հայտարարում է` եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք: ԱԺ-ում նրա ելույթից հետո ես վերջնականապես համոզվեցի, որ գրեթե մեկ տարի թմբկահարվող թավշյա հեղափոխությունն իսկապես տեղի է ունեցել, այն արդեն իսկ իրողություն է, եւ հիմա արդեն ժամանակն է ուղիներ որոնելու՝ այդ հեղափոխության ճիրաններից ազատվելու համար: Ահա թե ինչու պետք չէ ծիծաղել Փաշինյանի ծրագրի վրա:

 

 


ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի թերուս ուսանողը որեւէ շանս չունի կառավարության ծրագիր գրելու: Թող Փաշինյանը Հրանտ Մաթեւոսյան կարդա, զարմացնի մեսրոպյան տառերը չիմացող իր թիմակիցներին, բայց չփորձի մի ողջ ժողովրդի համոզել, որ կառավարության ծրագիրը կարելի է կառուցել որեւէ, թեկուզեւ հանճարեղ գրողի ստեղծած կերպարների եւ կյանքի գեղարվեստական ընկալումների սեփական մեկնաբանությունների վրա: Հրանտ Մաթեւոսյանի ստեղծած նուրբ աշխարհը` կառուցված հայկական գյուղից ու գյուղացուց, երկար չի կարող դիմակայել ապաշնորհ կառավարիչների ասպատակություններին: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեծ է ցանկությունը հենց գեղարվեստական գրականության հիման վրա կառավարության ծրագիր կազմելու, ապա դրա համար կան առավել ցցուն օրինակներ, եւ այժմ էլ ճիշտ ժամանակն է քաղաքացուն ազնվորեն խոստովանելու, որ «Ձախորդ Փանոսի հեքիաթը», «Մկների ժողովը» եւ հատկապես «Քաջ Նազարը» ամենեւին էլ իրենց ուղեղներում աղքատությունը հաղթահարել չկարողացող մարդկանց մասին չեն: Պարզ է, չէ՞, որ եթե Փանոսը որոշում է լճի վրա լողացող բադին կացնով սպանել, դա ընդամենը գործիքակազմի ոչ ճիշտ օգտագործման տիպիկ օրինակ է: Իսկ հիմա տեսեք, թե Ձախորդ Փաշինյանն ինչ է որոշել. «Մենք տնտեսական հեղափոխությունն իրականացնելու ենք այն նույն գործիքակազմով, որով իրականացրել ենք թավշյա քաղաքական հեղափոխությունը»: Տնտեսական հեղափոխությունը, պարոն Փաշինյան, այնքան էլ թավշյա բան չէ, զգույշ, կգցես ոտքիդ, եթե չգիտես ինչ գործիքակազմով իրականացնել այն:

 

 

 

 

Ինչ այս ԱԺ-ն ընտրվել է, ես «Մկների ժողովը» կարդալուց չեմ կշտանում: Փաշինյանի ելույթի օրը ես այն 3 անգամ կարդացի: Ահա, առաջնորդը եկել է ժողով ու ճառում է տնտեսական հեղափոխության շնորհիվ կատվից (իմա` աղքատությունից) ազատվելու իր հրաշալի գործիքակազմից: Պարզվեց, որ տնտեսական հեղափոխություն անելն այնքան էլ դժվար բան չէ, մի հատ դուխով «գըմփ, գըմփ հու» ես անում, եւ տնտեսական հեղափոխությունը գրպանումդ է: Երբ դահլիճից մեկ-երկուսը տարակուսեցին` բա որ կատուն (աղքատությունը) գա մեզ վրա՞, առաջնորդը մի թեթեւ սրտնեղեց. «Արոն, Ալենն ու Լենան, Օսիպյանի օգնությամբ, կառնեն դեմն աղքատության»: Այստեղ արդեն ոմանց նյարդերը չդիմացան. «Ի՞նչ ես ասում, ո՞վ «քաջազն», ծրագի՞ր է սա, թե՞ սարկազմ»: Դե, իսկ առաջնորդի պատասխանը` ինչպես բնագրում. «Վախկոտներիդ ես թաղեմ, ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ»:
Թույլ տվեք «Քաջ Նազարի» մասով շատ չծավալվել, որովհետեւ Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը եւ ուրիշներ թափառող թեման մշակելիս տիտանական ջանքեր չեն գործադրել այն այլաբանություններով ու տողատակերով բեռնելու ուղղությամբ: Այստեղ ամեն ինչ այնքան պարզ է, որ կարիք չկա փնտրելու գլխավոր հերոսի հեռավոր նախատիպերին: Ամեն ինչ մեր աչքի առջեւ է, բաց` ինչպես հերոսի ձեռքերը, հասկանալի` ինչպես նրա դրոշակի վրայի գրությունը: Մնում է, որ նրա բախտը բերի, եւ անկախ իրենից Հայաստանում տնտեսական հեղափոխություն տեղի ունենա: Իհարկե, ապագայի հարց է, բայց մեկ էլ տեսար` Հայաստանի հպարտ քաղաքացիներն իրենց ուղեղներում մի օր տնտեսական վագրի ցատկ կատարեն` չսպասելով, որ Նազարը ծառից ընկնի իրենց վրա:
«Քաջ Նազար»-ում նաեւ երկրորդական, երրորդական պերսոնաժներ կան, որոնց մասին ասացողներն ու մշակողներն այլ մանրամասներ չեն հաղորդում` ավանակը, տերտերը, ավազակները, երեք հսկաները, գյադեքը, հարեւան թագավոր եւ այլն: Սրանք Նազարին զանազան ծառայություններ մատուցող պերսոնաժներ են, որոնք աննկատ, բայց հաստատուն քայլերով Նազարին հասցնում են փառքի գագաթին: Եվ հանկարծ, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության, այսպես կոչված՝ ծրագիրը, ԱԺ դահլիճից լսվում է մի այդպիսի պերսոնաժի բացականչություն. «Վայ, Ձեզ այնքան եմ վստահում, որ եթե 1 տողանոց ծրագիր բերեիք՝ կողմ կքվեարկեի»:

Оцените статью
error: Content is protected !!