Օրվա գլխավոր լուրերը մեկ տողով…

ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ այսօր հայտարարեց Հատուկ քննչական ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցները բավարար է համարում նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։


Մարտի 1-ի գործով հաճախ հիշվող 0038 հրամանին երեկ երեկոյան անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա հայտարարեց, որ հրամանի տեքստում չկա ոչ մի քայլ ժողովրդի դեմ, անթույլատրելի է իրավական գործընթացը վերածել «կեղտ բռնելու» գործընթացի․ դա պրիմիտիվ է և իրեն հիշեցնում է «Աբու Հասանի մաշիկները» հեքիաթը, երբ ի վերջո մեղադրվեցին մաշիկները:

 

Երեկ վարչապետը խորհրդարանում մեր օրերը համամատեց Պապ թագավորի ժամանակների հետ․ Պապն էլ էր պահանջում հարկեր վճարել, ինքն էլ, նա էլ քննադատվեց, իրենից էլ են նեղանում։ «Ինչու է այսքան համեստ մեր վարչապետը»․ այսօր արձագանքեց պատմաբան Շարմազանովը ։ Իսկ խորհրդարանի նիստը՝ իր բուռն ծափահարություններով, Շարմազանովին հիշեցրել է Օսկարի մրցանակաբաշխությունը, տեղ-տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովները ։
Աջ ղեկերի հարցը այսօր մտավ կառավարության օրակարգ եւ դուրս եկավ․ վարչապետ Փաշինյանը չհավանեց տրանսպորտի նախարարի բերած նախագիծը, ըստ որի՝ Հայաստան մուտք կգործեն այն մեքենաները, որ գնվել են մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը, այսինքն՝ 830 մեքենա, Փաշինյանը հիշեցրեց նախաձեռնող խմբի հետ պայմանավորվածությունը՝ մուտքի իրավունք տալ միայն մաքսային գոտում գտնվող մեքենաներին։
Երեւանի տրանսպորտին 2020-ին սպասվում է նոր փորձություն, միկրովտոբուսների պարկը կիսով չափ կկրճատվի՝ 900 մեքենաներից կեսը շահագործման ենթակա չի լինի։ Քաղաքապետ Մարությանը, նաեւ սա նկատի ունենալով, այսօր ասաց, որ Երեւանի տրանսպորտային ցանցը հայտնվել է ծայրահեղ դժվար վիճակում։ Քաղաքապետարանում այժմ ժամանակավոր լուծումներ են մտածում՝ մինչեւ կգործի նոր ցանցը։ Իսկ մետրոյի նոր կայարան Մարությանը հավատում է, որ կունենանք՝ նաեւ մասնավոր կապիտալի օգնությամբ։

Ուրբաթը եկավ, եւ ալավերդցիները ոչ Ավինյանին տեսան, ոչ էլ կառավարությունից որևէ մեկի։ Երկու օր առաջ Ավավերդու պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցները փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը՝ պահանջելով վերագործարկել պղնձաձուլարանը։ Լուռու մարզպետը նրանց խոոստացել էր, որ ուրբաթ կառավարությունից ներկայացուցիչներ կգան, հնարավոր է նաեւ փոխվարչապետ Ավինյանը։ Այսօր, պարզվեց Երեւանից մարդ չի գալու, մարզպետը առաջարկեց խումբ կազմել, գնալ Երեւան՝ փոխվարչապետի մոտ․ պղնձաձուլարանի աշխատակիցները գնացին նորից փակելու երկաթգիծը։
Դոլարը շարունակում է էժանանալ, փոխարժեքն այսօր կազմել է 487 դրամ, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 624 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 32 դրամ:
Հայաստանի մարզերի մեծ մասում շաբաթ գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, նախալեռներում՝ թաց ձյուն, հովիտներում՝ անձրեւ: Փետրվարի 16-ի ցերեկը տեղումները կշարունակվեն միայն մի քանի մարզերում: Կիրակի օդերեւութաբաններն առանց տեղումների եղանակ են կանխատեսում: Երեւանում շաբաթ հնարավոր են տեղումներ, կիրակի՝ ոչ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +6+8։

Оцените статью
error: Content is protected !!