Նախարարի թեկնածու է փնտրվում…

Վարչապետի ղեկավարած «Իմ Քայլը» դաշինքի որոշ անդամներն այս օրերին փնտրտուքի մեջ են, ՀՀ ֆինանսների նախարարի հուսալի թեկնածու են որոնում:


168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ թեմայի շրջանակներում փոխվարչապետներից մեկը հասցրել է կառավարությունից դուրս մեկ հանդիպում-քննարկում ծավալել: Թեկնածուն հայտնի ֆինանսիստներից մեկն է, ում հայտնաբերել են մասնավոր խոշոր ընկերություններից մեկում:
Փորձեցինք աղբյուրից ճշտել թեկնածուի անունը, ինչպես նաև քննարկման արդյունքների մասին, սակայն խոստացավ հրապարակել առաջիկա օրերին: Իսկ թե երբ և ինչից հետո է նախարարի փոփոխության անհրաժեշտություն առաջացել իշխող կուսակցության մոտ, պատասխանում հիշատակեց մի քանի դրվագ՝ նախարար Ատոմ Ջանջուղազյանի գործունեությունից և նրա խորհրդարանական վերջին հանդիպումը՝ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Փաստորեն, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հանդիպումը՝ խորհրդարանում «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորների հետ, շարունակում է քննարկման ամենաակտուալ թեման մնալ՝ որոշ պատգամավորների շրջանում: Նեղ միջավայրերում հաճախ են հիշում, թե ինչպես են պրոֆեսիոնալ ֆինանսիստին փակուղի մտցրել: Եվ այս առումով տակավին նոր կարիերա սկսածների համար առանձնակի հպարտության առիթ են դարձել նախարարի հետ փակ քննարկման հատկապես այն դրվագները, երբ նախարարը 15 րոպեանոց երկար-բարակ մանևրող պատասխաններով փորձել է բացատրել իր և առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի միջև եղած բացառիկ հոգևոր կապը:
Պատգամավորները հիշում են նրա լարվածությունը, երբ հարցը վերաբերել է Կարեն Բրուտյանի հանդեպ նախարարի ընդգծված վերաբերմունքին, այդ վերաբերմունքն արտահայտած վերջին աղմկոտ պարգևավճարին, նրանց կապող փոխվստահության հարաբերություններին:
Հիշեցնենք, 168.am-ին հաջողվել էր բացահայտել Ֆինանսների նախարարության ճոխ պարգևավճարների ցուցակը, ինչը, համենայն դեպս, չհերքվեց: Իսկ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն այդ պարգևատրվածների հաստիքացուցակում իր աշխատանքի գնահատականով գերազանցել էր անգամ նախարարին՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ստացել էր 5 մլն 480 հազար դրամ, իսկ նրա սանիկը՝ առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը, 7 մլն 017 հազար դրամ:


Ըստ որոշ տեղեկությունների՝ Ջանջուղազյանն ինքն էլ պատրաստ է հեռանալ, մեկ-երկու անգամ տրտնջացել է, թե ինչու երկրի Գլխավոր գանձապետի պաշտոնը համաձայնեց փոխել Ֆինանսների նախարարի գործառույթի հետ:
Ի դեպ, նա այս բողոքն արտահայտել է նաև խորհրդարանում ՝փակ հանդիպման ժամանակ, երբ երիտասարդ պատգամավորները «նա կավյոր կանչածի» դիրքերից իրենց իրավունք են վերապահել քմծիծաղով արձագանքել իրենց ուղղված պատասխաններին:
Մամուլում արտահոսք էր եղել, երբ հարցախեղդ էին արել երկրի գլխավոր ֆինանսիստին. նա նյարդայնացած նետել էր՝ ուզածներդ ի՞նչ է, չեմ հասկանում, ուզում եք չաշխատենք՝ չենք աշխատի:
Եվ այս «բողոքի ճիչն» ընկալվել էր՝ որպես թուլության ակնարկ, անմիջապես փոխանցվել էր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

Оцените статью