ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի և հայ ժողովրդի թուլացման գործառույթների ընթացքը տևեց 20 տարի: Դրանք հայտնի են՝ տնտեսական շտիլ, սոցիալական անապահովության չդադարող ընդլայնում, մշակույթի խորացող անկում, իրավական անպաշտպանվածություն, կոռուպցիոն համակարգի ստեղծում, երկրի պետական ունեցվածքի օտարում, երկրի ռազմաքաղաքական կախվածության վտանգավոր ընդլայնում և այլն:
Այս բոլորը հանգեցրեցին ժողովրդի ծայրաստիճան աղքատացմանը և հուսալքմանը: Դրանց հետևանքն էլ եղավ զանգվածային խոշոր արտագաղթը և երկրի կենսունակության վտանգավոր նվազումը:
Ի վերջո, դա հանգեցրեց Համաժողովրդական հեղափոխությանը, որն այսօր փորձում է ազատվել ժողովրդի և երկրի թուլացման գործառույթներից և երկրի զարգացումը դնել առողջ հիմքերի վրա: Այս ուղեգիծը ողջունելի է:
Բայց ամեն գործի մեջ էլ լինում են և հաջողություններ, և թերություններ: Լուրջ թերությունների վերաբերյալ արձագանքներն ու գնահատականներն արժևորելիս պետք է նկատի ունենալ նշված կոնկրետ թերության վտանգավորությունը երկրի և ժողովրդի համար»: