Ձեր ցանածը հնձելու եք…

ԼՈՒՐԵՐ

Բառեր, արտահայտություններ կան, որոնք բովանդակային առումով շատ բարի են, հուզիչ։ Օրինակ լսենք, թե ինչ է ասում, ինչպես է մեզ փորձում հուզել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Միայն մի փոքրիկ պարբերություն․ Երբ որ Ֆեյսբուքում վիրավորանք եմ տեսնում իմ հասցեին, ինձ անկեղծորեն միայն մի բան է խորապես անհանգստացնում. արդյոք այդ մարդիկ իրենց երեխաների հետ էլ են այդպես խոսում, քանի որ վերջիններս չեն կարող կամ չեն համարձակվում նրանց նույն կերպ պատասխանել:
Ուշադրություն դարձրեք՝ պատգամավորը կպնում է մարդկանց ամենաթույլ կետին։ Իրեն չի անհանգստացնում վիրավորանքը, անհանգստացնում է այն, որ նրանք իրենց երեխաների հետ էլ են խոսում այդպես, իսկ երեխան չի կարող պաշտպանվել։ Այստեղ է, որ զգայուն մարդիկ անմիջապես արձագանքում է՝ Լեն ջան, Լեն ջան․․․


Խոսքը շուտ է ազդում, դեղի պես է, բայց այն քո մեջ ներս թողնելուց առաջ մի պահ նայիր ասողի գործին։ Ընդամենը հիշենք, թե մինչև իշխանության գալը ինչպես էին իրենց մարդիկ «խմբերով շրջապատում մարդկանց տները», ինչպես էին երեխաների, անչափահաս երեխաների աչքի առաջ հայհոյում նրանց ծնողներին, հաշվեհարդար տեսնելու կոչեր անում։ Հիշելն անգամ սարսափելի է, սահմանափակում եմ։ Որովհետև մարդկանց նվաստացնելու նման քայլերն անգամ ամոթ է բարձրաձայնել։

Այդ ժամանակ գեղեցկուհու մտքով չանցա՞վ՝ գոնե մի անգամ հանդես գար ֆեյսբուքյան նման գրառմամբ և ասել՝ մարդիկ, չի կարելի սև լենտաներ կապել փողոցներում, չի կարելի մորը երեխաների մոտ նվաստացնել, խաղալ մարդկանց բարոյականության հետ։ Վերջապես չի կարելի փչացնել երեխաների մանկությունը, որովհետև բոլոր երեխաների համար ծնողներն Աստված են։ Երբ սթափ մարդիկ, լրագրողները փորձում էին փոքր ինչ մեղմել դրությունը, ֆեյքերը ամենավերջին ու նողկալի հայհոյանքներով նվաստացնում էին նրանց։ Այդ ժամանակ Լենա և մնացյալներ, երանության մեջ էիք՝ դուք հաղթե՜լ էիք ու մարդկանց պատժելուց առաջ ծաղրում, ստորացնում էիք՝ իրենց երեխաների ներկայությամբ։ Ստորացնում էիք ամենախայտառակ ձևով՝ պատասխանատվությունը գցելով մարդկանց վրա։


Իսկ այսօր, երբ հաղթությունդ պաշտոնապես գրանցվել է՝ դուք և ձեր ամուսինը դարձել եք «վաժնի պերսոններ», բարիացե՜լ եք։ Այնքա՜ն եք բարիացել, որ երբ վիրավորում են ձեզ, դուք ոչ թե ձեր մասին եք մտածում, այլ վիրավորողի երեխաների։ Իսկ այն մարդկանց երեխաների մասին, որոնց բերանները աղբատար էիք դարձել, չէի՞ք մտածում։ Չէի՞ք մտածում, որ ազգի մի մասին սև էիք անվանում։ Երբ լրագրողներին ճնշում էիք տարանուն ֆեյքերով ու հայհոյանքներով։ Ու առ այսօր ճնշում եք։

Ես որպես մարդ չէի կարող լռել, երբ ստորացնում էին մարդկանց, նվաստացնում։ Վաղը, հիշեք, նույնը անելու են ձեր նկատմամբ, այսօր արդեն դա պարզ երևում է։ Ես և իմ նման շատերը չենք կանգնելու նվաստացնողի կողքին, որովհետև նվաստացնելը, ծաղրելը հանցագործություն է։


Ընդհանրացնելով, թեթևի մեջ ասեմ՝ Լենա, սուտի- մուտի մի խոսիր․․․ Դա ամենամեղմն է, որ գտա՝ ասելու։ Կներեք։ Չասեք այնպիսի բաներ, որոնց հիմքը դուք եք դրել։ Ձեր ցանածը հնձելու եք։ Դա ես չեմ ասում, ժողովրդի խոսք է։

Оцените статью
error: Content is protected !!