Ոչ ոք չցանկացավ պաշտպանել ռեկտորին…Գեղամ Ադյան

Ուսանող, ակտիվիստ Գեղամ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաշտոնական հայտարարություն
Մեր երկօրյա ակցիաների շարքը ցույց տվեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չունի ցանկություն արձագանքելու մեր խնդիրներին և այդպես էլ մեր կողմից ուղարկված նամակներին ոչ մի պատասխան չեղավ։ Իսկ ԵՊՀ ռեկտորի հայտարարությունը ցույց տվեց, որ մեր պահանջը առավել քան ճիշտ է։ ԵՊՀ ռեկտորը մեր ակցիաներին լուրջ չի վերաբերվում և անգամ ծիծաղում է այն հանգամանքի վրա, որ մի քանի տասնյակ ուսանողներ բողոքում են իրենից։ Նմանատիպ վերաբերմունքը ուսանողների հանդեպ հաստատում է մեր այն պնդումը, թե ռեկտորը տարիներ շարունակ դրսևորել է հակաուսանողական վարքագիծ։ Հավելում՝ անգամ մեկ ուսանողի ձայնը պետք է լինի լսելի։ Արամ Սիմոնյանը սխալվում է, որ ունի որևիցե հանրային աջակցություն, քանզի լրատվականներից մեկը ժամեր շարունակ փնտրել է այնպիսի մի համալսարանականի, որը կխոսի ռեկտորի օգտին և չի գտել։ Ոչ ոք չցանկացավ պաշտպանել ռեկտորին։

 

Մենք գտնում ենք, որ հոգաբարձուների խորհրդի նոր անդամները միտված չեն համալսարանում մեր առաջ քաշած պահանջները բավարարելուն, և մեր հասցեատերը, փաստորեն, բուհի լիազոր մարմինն է՝ ԿԳՆ-ն։ Հենց ԿԳՆ-ն է նշանակել հոգաբարձուների խորհրդի նոր անդամներին և տեսնելով ներկայիս պատկերը՝ պարզ է դառնում, որ այս պահին հոգաբարձուների խորհրդը չի կողմնորոշվում իր գործողությունների մեջ, քանզի մեր ոչ մի առաջ քաշած խնդրին, որևիցե պատասխան չի եղել։

 

Նոր անդամների նշանակման և գործունեության պատասխանատուն հենց ԿԳՆ-ն է, և եթե հոգաբարձուների խորհուրդը չի կարողանում համապատասխան որոշումներ կայացնել կապված՝ ուսանողների սպասելիքների և հեղափոխության օրերին հնչեցված խոստումների հետ, ապա ԿԳՆ-ն պետք է գործողությունների դիմի՝ ընդհուպ մինչև անդամների վերափոխում։
Մեր ակցիաները կշարունակվեն, բայց այս անգամ հասցեատերը Կրթության և գիտության նախարարությունն է»:

Оцените статью