«Ռոբերտ Քոչարյանը պետք է գոհ լինի, որ ժողովուրդը իրեն Նիկոլաե Չաուշեսկուի դատավճռին արժանացնելու պահանջ չի ներկայացնում…»

Այսօր իրավաբան Հայկազ Մակարյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպվել «Դատել Ռոբերտ Քոչարյանին» կարգախոսով, որից հետո մասնակիցները քայլերթով գնացին դեպի ՀՀ դատախազություն:

Նախաձեռնության հեղինակի խոսքով, ինքը զարմացած է այն իրավապաշտպանների, փաստաբանների, ՀԿ-ների վրա, որոնք ոչ միայն պնդում են, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով անմեղ է, այլեւ, որ ինքն է շահագրգռված իրական մեղավորներին բացահայտելու գործում: Հետո ավելի պարզ դարձավ, որ այն մարդկանց մի մասը, որոնք մասնակցում էին ի պաշտպանության Քոչարյանի կազմակերպված ցույցին, խաբված են եղել, իսկ մեծ մասը ներկա է գտնվել վճարվելով: Դա շատ նորմալ է Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Անընդհատ բերում են այն փաստը, թե սահմանադրության այն ժամանակվա հոդվածի սահմանված կարգով նա չպիտի դատապարտվի:

Ես ապշած եմ: Եթե կան քրեածին տարրեր, եղել է 10 հոգու սպանություն, այսինքն` հրահանգվել է, որպեսզի կրակ բացեն ժողովրդի կամ այս կամ այն անձի վրա, դա արդեն հանցակազմ է պարունակում: Եվ դա այն դեպքում, որ օրենքով չի սահմանվում զինված ուժերը ներքաշել այս կամ այն գործողության մեջ եւ մարտական փամփուշտներով կրակել:

Ռոբերտ Քոչարյանը փորձում է խեղաթյուրել փաստերը եւ ներկայացնել այլ իրավիճակ:Որպես իրավաբան ես պնդում եմ՝ Քոչարյանը, բոլոր այն մարդիկ, որոնք մարտի 1-ի հետ կապ են ունեցել, այս կամ այն կերպ օժանդակել են ջարդին, բանդիտական գործողություններին, պետք է  ծեծի, խոշտանգումների համար պատժվեն քրեական օրենսգրքի համաձայն:

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Քոչարյանը կապ չի ունեցել գործողությունների հետ, կամ անէության թմբիրում են, կամ գաղափար չունեն, թե ինչ բան են մարդու իրավունքի միջազգային նորմերը:

Մասնավորապես, ժողովրդի վրա զենք բարձրացնող մարդը պետք է պատժվի:Հիշենք Նիկոլաե Չաուշեսկուի օրինակը, երբ կրակեց իր ժողովրդի վրա եւ ստացավ իր պատիժը: Քոչարյանը պետք է երախտապարտ լինի, որ ժողովուրդն իրեն այդպիսի դատավճիռ չի տալիս», – հայտարարեց բողոքի ակցիայի հեղինակը:

aravot.am

(Visited 381 times, 1 visits today)