Ես Աստծո առաջ միշտ մեղավոր եմ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում այսօր շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Մինչ նիստը սկսվելը ՝լրագրողների հետ զրույցում Բեգլարյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ նոր մեղադրանք է առաջադրվել իրեն: Հարցին՝ այդ գործով ձեզ մեղավոր ճանաչում եք, նա պատասխանեց. «Ես Աստծո առաջ միշտ մեղավոր եմ, օրենքի առաջ՝ միշտ օրինապահ եմ եղել, մեռնեմ օրենքին։

Հիմա ինձ ստիպում եք որևէ բան ասեմ, բայց ես ասում եմ՝ ոչնչից տեղյակ չեմ»։ Ոստիկանության հաղորդմամբ՝ Բեգլարյանի նոր մեղադրանքը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով։ Հարցին, թե իշխանափոխությունից հետո վարվող տնտեսական քաղաքականությունը իրեն բավարարո՞ւմ է. Բեգլարյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ բավարարի-չբավարարի, զահլա եք տանում»,- ասաց նա ու հեռացավ։ Դատական նիստում ուսումնասիրվեց մեղադրողի ապացույցների մի մասը։

 

Երբ դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջարկեց պաշտպանական կողմին ներկայացնել իրենց ապացույցները՝ պաշտպանական կողմը առարկեց՝ նշելով, որ «մինչև մեղադրող կողմի ապացույցները չավարտենք, մերը չենք հրապարակի»։ Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստից իր գործով կզբաղվի փաստաբան Վահագն Թորոսյանը, նա էլ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև մայիսի 6-ը։ Հաջորդ նիստին կուսումնասիրվեն մեղադրողի բոլոր ապացույցները։

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ «Ֆլեշ Մոթորս» ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.armdaily.am

Մեկնաբանեք և կիսվեք ընկերների հետ…

(Visited 182 times, 1 visits today)