«Քոչարյանը ստում է. Առավոտյան զանգեցին, թե՝ Օպերայում իշխանությունը ջարդ է արել…». Կ.Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը ստում է.

2008-ի մարտի 1-ը շաբաթ էր: Առավոտյան զանգեցին, թե՝ Օպերայում իշխանությունը ջարդ է արել, կան ձերբակալվածներ:

Արագ իջա Օպերա, 11-ն էր, մարդիկ, Թումանյան փողոցի կողմից մայթին կանգնած, անզորությունից անիծում էին Ռոբին ու Սերժին:

Օպերան շրջապափակված էր: Մաշտոցի կողմից ավտոբուսներ էին կանգնած, հանկարծ սկսեցին արագ-արագ մահակներով ու վահաններով զինված երիտասարդ ոստիկաններին «լցնել» ավտոբուս:

Զանգեցի մի ընկերոջ, ասաց՝ հավաքված են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Գնացի այնտեղ:

Զանգեցի Այդինին` թե՞րթ ենք տպելու, ասեց՝ հա, գրի:

Ողջ օրը եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ: Երեկոյան գազ բաց թողնելուց, օդ կրակելուց հետո էր, զանգեցի Այդինին, ասեց՝ արի էդքանը գրի, էլի կգնաս:

Փորձեցի Լուսավորիչով` այգու տակով առաջ շարժվել, մի տասը մետր էի գնացել, վերևից տղաներ էին ահաբեկված վազքով գալիս, մեկը թե՝ քուրիկ ջան, առաջ մի գնա, կրակում են:

Մի ժամ մնացի, արդեն հայտարարեցին արտակարգ դրության մասին, զանգեցի Այդինին, ասեց՝ չենք կարող տպվել, բայց արի, տեսնենք` ոնց ես, գնա տուն, երեխեդ մենակ է:

Մի քանի րոպե էլ մնացի, տուն զանգեցի, որոշեցի, որ ոնց էլ լինի, պիտի էդտեղից դուրս գամ: Այգու միջով վախվխելով դուրս եկա, հասա Մաշտոց, հետո մինչև Ամիրյան խաչմերուկ քայլեցի, Ամիրյանից տաքսի հանդիպեց, գնացի խմբագրություն:

Մենք 20 օր թերթ չենք տպել. արգելված էր: Պաշտոնական լրահոսից օգտվելը անիմաստ էր, իսկ անկախ խոսք՝ պարզապես անհնար էր: Բայց մենք աշխատել ենք:

Ամերիկայի թերթի համար, համացանցից օգտվում էինք ինչ-որ պրոքսիներով: Քսան օրը լրանալուց հետո մեր՝ մինչ այդ գրած նյութերը Այդինը դնում էր թերթում՝ առանց ստորագրության՝ մեզ հնարավոր տհաճություններից զերծ պահելու համար: Քսան օր մենք թերթ չենք տպել:

Սա Մարտի 1-ի կարճ արձանագրումն էր, ավելի մասնրամասն շատ եմ գրել տարբեր առիթներով»:

(Visited 81 times, 1 visits today)