Նիկոլ Փաշինյանը,կարծես,ուզում է հանրային մեծ լսարանին համոզել, որ ինքը Հայաստանին չի վնասի. Աստղիկ Ավետիսյան

Սա ուշադրության հրավիրման և հանրույթին ներգրավելու տեխնոլոգիա է, որը քաղաքական ճգնաժամի պարագայում չաշխատող և անարդյունավետ կարող է լինել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այսօր մեկնարկած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան ֆլեշմոբին:

««Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հնչեցնողը, կարծես, ուզում է հանրային մեծ լսարանին համոզել, որ ինքը Հայաստանին չի վնասի, այդ պատճառով ասոցիացիաներ պետք է ստեղծվեն, որ Հայաստանն ինքը ընկալում է որպես օջախ, իսկ ժողովրդին էլ՝ ընտանիք: Եվ այստեղ է, որ տրամաբանական հարց է առաջանում՝ ընդդիմադիրները, Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանության ժամանակ պաշտոններ զբաղեցրած անձինք, պետական գերատեսչություններից հանիրավի աշխատանքից ազատվածները մտնո՞ւմ են այս կոնցեպտի մեջ, թե՞ ոչ»,-ասաց Ավետիսյանը:

Վերջինիս խոսքով` PR տեսանկյունից կարգախոսները պետք է լինեն հստակ, պարզ և հասկանալի։

«Կարծում եմ` կարգախոսի առաջին մասը բավականին հստակ է ձևակերպված, արտացոլում է այն սերն ու հոգատարությունը, որ պետք է ունենանք հայրենիքի նկատմամբ, և համապատասխանում է այն միջավայրին, որտեղ կիրառվում է։ Մինչդեռ երկրորդ մասը տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է դառնալ։ Հայաստանն անհատականությունների երկիր է, և ամենևին պարտադիր չէ, որ յուրաքանչյուրի շահը համընկնի ընդհանուր շահի հետ, իրավական և ժողովրդավարական երկրներում շահերի բախումը կարգավորվում է միայն օրենքի ուժով»,-նշում է նա:

Ըստ PR մասնագետի` այս կարգախոսը կարելի է դիտել նաև որպես միասնականության կոչ, սակայն ընտանիքը նեղ հասկացություն է և, ընդարձակելով դրա սահմաններ, վտանգվում են արժեքները։

«Ընտանիքում պետք է տիրի հանդուրժողականությունն ու հարգանքը, սերն ու հոգատարությունը, յուրաքանչյուր անդամի իրավունքների գերակայությունը, միասնականությունը: Դրանց հասնելու համար պետք է երկարատև աշխատանք և բարիդրացիական հարաբերությունների ձևավորում, ոչ թե զուտ լոզունգներ և պոպուլիստական հայտարարություններ»,-ամփոփեց PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որի վրա ձեռագրով գրված էր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»: «Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,-մակագրված էր լուսանկարը:

(Visited 236 times, 1 visits today)