Ուշադրություն. Քիմ Քարդաշյանին այսուհետ պետք է դիմենք` Հեղինե Քարդաշյան

Այսուհետ Քիմ Քարդաշյանին հայ երկրպագուները կարող են Հեղինե Քարդաշյան կոչել. դա ամերիկահայ հեռուստաաստղի եկեղեցական անունն է։

Պարզվում է՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնի Մայր Տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմի երեք երեխաները, այլև հենց ինքը Քիմը, նրա քույր Քորթնին և Քորթնիի երեք զավակները։ Ընտանիքի մկրտողի և կնքահոր դերն ստանձնել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։

«Նրա համար (Քիմ Քարդաշյանի) Հեղինե անունն ենք ընտրել, քրոջ համար՝ Գայանե։ Ըստ եկեղեցական կարգի` առաջարկվել են անունները, նրանք համաձայնել են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է սարկավագ Նաիրի Սրապիոնյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմի երեք զավակները` Սեյնթը, Չիկագոն և Փսալմը ստացել են Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները։

Քորթնի Քարդաշյանի երեխաները նույնպես նույն օրը մկրտվել են։ Քորթնիի ավագ որդի Մեյսոն Դիսիքն ստացել է Նարեկ անունը։

«Անկեղծ ասած` երեխաներն այնքան շատ էին, որ բոլորի անուններն արդեն չեմ հիշում. նրանք դեռ պետք է մեզ իրենց տվյալներն ուղարկեն, որ գրանցենք մեր մատյանում»,- ժպտալով ասաց սարկավագը։

Սարկավագը պատմում է, որ թեև մկրտարանում առավոտվանից գիտեին, որ հեռուստաաստղն իր ընտանիքով գալիս է մկրտվելու, սակայն իր դերն այդ մկրտության մեջ դեռևս որոշված չէր։

«Ժամեր առաջ եմ իմացել, որ մկրտելու եմ ու կնքահայրն եմ լինելու։ Անհանգիստ չէի։ Իհարկե, ամեն օր չէ, որ հանրաճանաչ մարդկանց եմ մկրտում, սակայն թե՛ մկրտության մեջ, թե՛ կնքահայր լինելու՝ բավականին փորձառու եմ»,– ասաց Սրապիոնյանը։

Sputnik Արմենիայի հարցին` ինչպես են մկրտության ժամանակ իրենց զգացել Քարդաշյան երեխաները, լացե՞լ են, վախեցե՞լ, ոգևորված հետևե՞լ ընթացքին, սարկավագը ժպտալով ասաց.

«Երեխաներն այնքան շատ էին, որ մենք բոլոր հնարավոր տպավորություններն ու էմոցիաներն այդ օրը տեսանք»։

(Visited 81 times, 1 visits today)