Պաշտոնական. Արցախի կոշտ արձագանքը Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

«Այն, ինչի մասին խոսում է պարոն Բալասանյանը, դա իր անձնական կարծիքն է եւ որեւէ առնչություն չունի պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումների, Արցախի Հանրապետության քաղաքականության, հասարակության ընդհանուր կարծիքի հետ». մեզ հետ զրույցում անդրադառնալով Livenews.am-ին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականներին եւ սպառնալիքներին՝ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները, պարտավոր են շատ հավասարակշռված մոտենալ այս կամ այն հարցին, անել հնարավորը, որպեսզի չխարխլվի հայկական միասնականությունը:

«Որեւէ մեկը՝ ինչ ճանապարհ էլ որ անցած լինի, ինչ պաշտոն էլ զբաղեցրած լինի, ով ուզում է լինի, իրավունք չունի Հայաստանում, սփյուռքում, առավել եւս Արցախում հայտարարություններ անել, որոնք կխարխլեն մեր միասնականությունը: Արցախը սրբություն է, իսկ սրբությունը պետք է պահպանել, եւ դրա համար կրկնակի զգույշ պետք է լինել ցանկացած հայտարարություն անելիս: Դա չի նշանակում՝ Արցախը պետք է հլու-հնազանդ դառնա որեւէ ուժի ձեռքին, բայց Արցախը պետք է իր դիրքը պահպանի: Ցանկացած այլ զարգացում հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Մենք կողմնակից ենք կառուցողական քննադատության, դա շատ կարեւոր է. դեղը քաղցր չի լինում, բայց մենք դեմ ենք անհիմն վիրավորանքներին, սպառնալիքներին, հայհոյանքներին»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով նրա հարցազրույցը ԱԱԾ ուղարկելուն՝ Բաբայանն ասաց, որ դեռ որեւէ մեկնաբանություն չունի, բայց ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում:

Հիշեցնենք, որ իր ավելի քան 1 ու կես ժամանոց հարցազրույցում Բալասանյանը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներից բացի հնչեցնում է նաեւ Արցախի հարցին առնչվող տեղեկություններ: Նա նշում է, որ, ըստ օդում կախված լուրերի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ղարաբաղի հարցին վերաբերող ինչ-որ թուղթ կամ թղթեր է փոխանցել Փաշինյանին: Այնուհետեւ ընդգծում է, որ Փաշինյանը հայկական երկու հանրապետությունները տանում է կործանման:

(Visited 147 times, 1 visits today)