Շեյխ եւ մատ. Ծառուկյանի վերջին պարտիան. Ուշագրավ. lragir.am

ԼՈՒՐԵՐ

Երեւանի քաղաքապետարանի շուրջ հասունացած կամազային բոլոլան, որտեղ ընդդիմադիր դրոշակակրի դերում էր Լուսավոր Հայաստանը, կտրուկ վերածվել է Ծառուկյան-Մարության շեյխամարտի կամ շեյխմատային մրցավեճի, որն ընթանում է բլից ռեժիմում:

Ընդամենը 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում կողմերը արդեն մի քանի քայլ են արել միմյանց դեմ՝ Ծառուկյանը մեղադրել է քաղաքապետին, իր գործընկեր շեյխին կամ շեյխերին նեղացնելու եւ

ներդրումային տրամադրությունը գցելու համար, քաղաքապետ Մարությանը պատասխանել է, հետո պատասխանել է Ծառուկյանը, Մարությանը պատրաստվում է դրան պատասխանել:

Որքա՞ն կշարունակվի շեյխմատային այդ մրցավեճը, քանի՞ քայլ կլինի կամ քանի պարտիա, եւ ո՞վ է շեյխ տալու եւ մատ հայտարարելու ի վերջո:

Գագիկ Ծառուկյանն իր ուրույն հաշիվն ունի իհարկե Երեւանի քաղաքապետարանի առնչությամբ, բայց միեւնույն ժամանակ նրա պայքարը միայն քաղաքապետարանի ուղղությամբ չէ, այլ նաեւ ընդդիմության:

Հայաստանում ընդդիմության դաշտում ուժեղ մրցակցություն է առաջատար դիրքի համար:

Թեեւ հաջորդ ընտրությանը կա մոտ չորս տարի ժամանակ, սակայն պայքարը բավական թեժ է, առավել եւս, որ դրա մասնակիցները հոգու խորքում ունեն որոշակի ակնկալիք, թե կարող է լինել արտահերթ ընտրություն:

Մյուս կողմից, հեղափոխությունից հետո քաղաքական մյուս ուժերի բաժնետոմսերն այնպես են արժեզրկվել, որ շատ թե քիչ մրցունակությունը վերգտնելու համար չորս տարին կարող է լինել նույնիսկ քիչ ժամանակ:

Գագիկ Ծառուկայնն այդ առումով ունի առանձնահատուկ դիրք, քանի որ նա հեղափոխության արդյունքում մնացել է նախկին համակարգի մերժման եւ հեղափոխության հաղթանակի արանքում:

Ծառուկյանի գործն այդ առումով ավելի բարդ է, քան օրինակ մերժված ուժերինը: Նրանք առավել ազատ ու անկաշկանդ են օրինակ բողոքական կամ դժգոհ նոր ընտրազանգված ձեւավորելու գործում եւ կարող են բացել շատ մեծ արագություն:

ԲՀԿ նախագահի համար դա անելը շատ բարդ է, որովհետեւ մի կողմից չի կարող հավակնել հեղափոխության ձայնին, մյուս կողմից չի կարող անկաշկանդ աշխատել բողոքական ընտրազանգվածի ուղղությամբ, քանի որ դա անելու համար նա պետք է պարզապես անցնի գիծն ու ստանձնի «մերժվելու» համարձակությունը:

Բայց, ամբողջ հարցն այն է, որ այդ դիրքում էլ Ծառուկյանը ունենալու է ավելի վաղ ու ավելի համարձակ «մերժված» ուժերի հետ մրցակցության խնդիր, բոլոր առումներով:

Որովհետեւ Ծառուկյանի քաղաքական գործնականում միակ մրցակցային առավելությունը՝ ֆինանսա-տնտեսական գործոնը, մշտապես կախված է եղել իշխանությունից, թե նախկինում, թե այժմ:

Այդ իմաստով, քաղաքապետարանի հետ ներկայիս շեյխմատային պարտիան ԲՀԿ նախագահի համար խորքային իմաստով կարող է լինել վերջինը եւ ավարտվել մատով, որովհետեւ «շեյխերը» կարծես թե հարցեր են առաջացնում Հայաստանում կամ Երեւանում ներդրումների վերաբերյալ իրենց պատկերացումներով:

Ի վերջո, Հայաստանում թավշյա հեղափոխությունը չի եղել այդ պատկերացումներով տնտեսություն եւ պետություն կառուցելու համար:

Հայ ժողովուրդը որեւէ խնդիր չունի այդ պատկերացումներով կառուցված արաբական որեւէ պետության հետ, բայց ԲՀԿ նախագահի քաղաքական շեյխմատային կրեդոն ստեղծում է առերեւույթ չնկատվող, սակայն խորքային առումով շատ ավելի խնդրահարույց մի իրավիճակ՝

«սեփական կանոնադրությամբ ուրիշի մենաստան» մտնելու ռուսական ասույթի շրջանակում հայ-արաբական թյուրըմբռնում ստեղծելու տեսանկյունից:

Այդ հարցում պետք է լինել շատ զգույշ:

Оцените статью
error: Content is protected !!