Նիկոլ Փաշինյանը հեռացնում է Գագիկ Ծառուկյանին

ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը հեռացնում է Ծառուկյանին.

Խորհրդարանի նիստի ԲՀԿ-ական բոյկոտը գործնականում կարող է լինել Հայաստանի ներքաղաքական կյանքի նոր սահմանագիծ:

Կամ, հնարավոր է ասել, որ արդեն իսկ այդպիսին է: Վերջին օրերին ներքաղաքական կյանքում հերթական անգամ սրվեց «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների հարաբերությունը, հասնելով խորհրդարանի բոյկոտի, որի հետագա շարունակության հարցում ԲՀԿ-ն խոստանում է կողմնորոշվել:

Սակայն ստեղծված իրավիճակը ԲՀԿ առաջ ավելի շուտ դնում է ոչ թե խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցում կողմնորոշվելու խնդիր, այլ, թերևս, հետագա քաղաքական դիրքավորման կամ ընդհանրապես քաղաքականության հարցում մնալ-չմնալու:

Որքան էլ «Բարգավաճ Հայաստանը» կոշտ հռետորաբանությամբ հարաբերվի «Իմ քայլը» մեծամասնության հետ, և որքան էլ «Իմ քայլը» մեծամասնությունը կոշտ պատասխաններով ընդդիմադիր արմատականություն հաղորդի ԲՀԿ-ին, կամա թե ակամա, միևնույն է՝ արմատական ընդդիմության տիրույթում «Բարգավաճ Հայաստանը» չունի անելիք:

Դաշտը «կանխավ ապահովագրել» է նախկին իշխող համակարգը, և այնտեղ խնդիրը, թերևս, ձևաչափի և կազմի մեջ է, թե ինչ կազմով ու ձևաչափով է, այսպես ասած, ամբողջանալու արմատական ընդդիմությունը, որի հրամանատարությամբ կամ դրոշակակրության պայմաններում:

Այդ հանգամանքը, անշուշտ, շատ լավ է պատկերացնում նաև կառավարող ուժը և, թերևս, ԲՀԿ-ն ինքն էլ:

Բոյկոտը, որ դրսևորվեց նախօրեին, խոշոր հաշվով, ԲՀԿ անելանելիության, ցայտնոտային տրամադրության դրսևորում էր, որն անգամ չէր ստացվում թաքցնել կամ թաքցնելու մասին ոչ ոք չէր էլ մտածում:

Իհարկե, այլ հարց է, որ «Իմ քայլը» լավ պատկերացնելով արմատական կամ կոշտ ընդդիմության տիրույթում ԲՀԿ որևէ տեղ կամ անելիք չունենալու հանգամանքը, այդուհանդերձ մղում է կուսակցությանն այդ ուղղությամբ, այդ դաշտում հավելյալ մրցակցություն և թեժություն առաջացնելու համար:

Կամ «Բարգավաճ Հայաստանը» պետք է պարզապես միանա, ձուլվի նախկին իշխող համակարգին, արդեն դրանից բխող հետևանքով:

Հնարավոր է, որ իշխանությունը ԲՀԿ-ին աստիճանաբար մղում է այդ քայլին, ինչը պայմանավորված է հանգամանքով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ունենալով գլխավոր հովանավոր՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի,

այդուհանդերձ, նախկին համակարգի շրջանակում մշտապես եղել է այսպես ասած՝ փակ բաժնետիրական ընկերության տրամաբանությամբ, համակարգի տարբեր թևերի, բևեռների հարող խմբերով:

Դրա ականատեսը հանրությունը եղել է մի շարք անգամներ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության ծիրում դրսևորվել է կուսակցության ներքին հակասականությունը, երբ կատարվել են քայլեր, որոնք բավականին անհարմար դրության մեջ են դրել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Ընդ որում, դա տեղի է ունեցել թե նախկին իշխանության շրջանում, օրինակ, 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո մանդատների հայտնի աղմկոտ պատմությունը, կամ հոկտեմբերի 2-ի պատմությունը հեղափոխությունից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը ստիպված էր խոստովանել, որ իրեն սխալ են զեկուցել հայտնի օրենսդրական նախաձեռնության իմաստը:

Ավելին, կան հիմքեր եզրակացնելու, որ ԲՀԿ փակ բաժնետիրության սկզբունքը չի սահմանափակվում լոկ հայաստանյան նախկին իշխող համակարգի շրջանակով, թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ համակարգն ինքնին չէր սահմանափակվում միայն Հայաստանով՝ և ֆունկցիոնալ իմաստով չէր էլ կարող այդպես սահմանափակվել:

Ի վերջո, 2015-ին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու մասին հայտարարեց այն հիմնավորմամբ կամ բացատրությամբ, որ նրա թիկունքում գործում են ինչ-ինչ ուժեր: Չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանն է «հեռացնում» Ծառուկյանին, պարզապես ոչ այն մեթոդներով,

ինչպես Սերժ Սարգսյանը՝ ժողովրդավարության հարցում խնդիրներ կամ կասկածներ չառաջացնելու համար, բայց, մեծ հաշվով, ստեղծելով իրավիճակ, որը կստիպի ԲՀԿ առաջնորդին բացվել քաղաքական բաղադրության իմաստով:

Աղբյուր՝ 1in.am

Оцените статью
error: Content is protected !!