Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում կանցկացվի լավաշի փառատոն

ԼՈՒՐԵՐ

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում «Արենի փառատոն հիմնադրամ»-ի տնօրինության նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի սկզբին կանցկացվի լավաշին նվիրված փառատոն, որին կմասնակցեն աշխարհահռչակ դերասաններ, հայրենական ու տեղական արտադրողներ, գեղարվեստական ինքնագործ խմբեր, օտարերկրյա զբոսաշրջիկներ, տարծաշրջանի բնակիչներ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ այս մասին հավաստել է «Արենի փառատոն հիմնադրամի» տնօրեն Նունե Մանուկյանը: «Որպեսզի փառատոնը ծառայի իր հիմնական նպատակին՝ լավաշի հայկականության, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի մշակույթի, բնակչության զբաղմունքի, պատմական ու բնական հուշարձանների, այլ գրավչությունների ճանաչմանը, մենք այս պահից արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքներ:

Ակտիվ համագործակցություն ենք ծավալել միջազգային տուրօպերատորների հետ, միաժամանակ ակնկալում ենք, որ փառատոնին իր մասնակցությունը կբերի սերբ աշխարհահռչակ գրող, կոմպոզիտոր, արտիստ, կինոռեժիսոր, դերասան եւ պրոդյուսեր էմիր Կոստուրիցան:

Փառատոնում հանդես պետք է գան նաեւ Գեղարքունիքի մարզի պարային ու երաժշտական ինքնագործ խմբեր, Սեւանի տարածաշրջանի դպրոցների շնորհալի երեխաներ։ Կապահովվի նաեւ մարզի արտադրողների մասնակցությունը եւ սեփական արտադրանքի վաճառքը: Ակնկալում ենք նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք: Սա պայմանականորեն կարելի է կոչել իրադարձային տուրիզմ, երբ փառատոնն իր վրա հրավիրում է աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկների, արվեստագետների, ճանապարհորդների, այլոց ուշադրությունը:

Երբ կազմակերպեցինք Արենիի գինու փառատոնը, առաջին տարին ունեցանք հազարին մոտ այցելու, իսկ ահա հաջորդ տարի մեր հյուրերի թիվը հասավ շուրջ 37 հազարի: Փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ է համագործակցել Գեղարքունիքի մարզպետարանի հետ»,-նշել է «Արենի փառատոն հիմնադրամ»-ի տնօրեն, «Էվենտարա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով տարբեր նշանակության փառատոների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը եւ արձանագրված ձեռքբերումները, ողջունել է ներկայացված նախաձեռնությունը:

«Նախորդ տարում մենք արձանագրեցինք տեսանելի արդյունքներ «Ձկան», «Ավելուկի», «Փռի» ու տարբեր փառատոների կազմակերպման ու անցկացման շնորհիվ: Դրանք մենք դարձնելու ենք ավանդական, որպեսզի հնարավորինս կարողանանք ճանաչելի դարձնել մեր մարզը, նպաստել մեր տնտեսության զարգացմանը, մեր տեղն ապահովել միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա:

Մենք ոչ միայն մեր մասնակցությունը կբերենք փառատոնին, այլ նաեւ կցուցաբերենք լայն աջակցություն ու համագործակցություն: Առաջիկայում հերթական հանդիպումը կկազմակերպենք Ծաղկունքում՝ քննարկելով կազմակերպչական զանազան խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, ուժերն ու եռանդը ներդնել՝ այս հետաքրիր նախաձեռնությունը կյանքի կոչելու, այն ավելի բովանդակալից ու արդյունավետ դարձնելու համար »,-նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Оцените статью
error: Content is protected !!