ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով հայտնաբերվել է

ԼՈՒՐԵՐ

Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց Գորիկ Հակոբյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո:

Կուտոյանը 38 տարեկան էր, ուներ Արդարադատության առաջին դասի խորհրդականի կոչում:

Մինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, նա աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ, Հ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010 թթ.՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու, 2010-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2011-2016 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը, 2011-2014 թթ. եղել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնը Կուտոյանը զբաղեցրել է 2016-2018 թվականներին:

Оцените статью
error: Content is protected !!