Ինչու են մերժել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

ԼՈՒՐԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանի՝ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու միջնորդությունը մերժվել է, քանի որ քննիչը դա էական չի համարել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը: Նա նշեց, որ մերժումը չեն բողոքարկելու, սակայն հետագայում եւս կանեն այդ միջնորդությունը:

«Այս պահին անիմաստ ենք համարում (խմբ. բողոքարկելը): Կսպասենք մինչեւ վարույթ իրականացող մարմինը հասնի այն փուլին, որ գիտակցի մեր միջնորդության կարեւորությունն ու իմաստը, որից հետո կրկին կմիջնորդենք»,- ասաց նա:

Ավելի վաղ Սահակյանը ՀԺ-ին ասել էր, որ ձերբակալումից օրեր առաջ Լոռեցյանն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրած եղել նախարարին: Ըստ պաշտպանի՝ Հարությունյանին հարցաքննելն անհրաժեշտ էր, որպեսզի նա դրա վերաբերյալ ցուցմունք տար:

Լոռեցյանը ձերբակալվել եւ ապա կալանավորվել է 2019 թ. դեկտեմբերի սկզբին: Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նա չի ընդունում մեղադրանքը:

Նրա վարորդին եւ հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին եւս մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ Լոռեցյանը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին՝ դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Оцените статью
error: Content is protected !!