Հարություն Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում ընտանեկան վենդետա

ԼՈՒՐԵՐ

Հունվարի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի և օգնականի եղբոր՝ Հարություն և Զավեն Գրիգորյանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով նիստը, պաշտպան Լևոն Սահակյանը Հարություն Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդել է վճարել 1 տրիլիոն 697 մլրդ դրամ:

ArmDaily.am-ի հետ զրույցում Լևոն Սահակյանն ասաց, որ տվյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրված ոչ միայն Հարություն Գրիգորյանին, այլ նաև նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, ով անհերքելի ապացույցների համաձայն նույնիսկ չի գտնվել դեպքի վայրում:

«Նման աննախադեպ միջնորդություն կատարել ենք Հարութին վերաբերող դատական նիստի ընթացքում: Իհարկե, սեփական քրտինքով իրենց հանապազօրյա հացը վաստակող ընտանիքը չի կարող ՀՀ բյուջեի չափ գրավ վճարել, սակայն նման «անլուրջ» միջնորդությամբ Հարութին վերաբերող նիստով ցանկացել ենք ցույց տալ, թե ինչ անլրջության աստիճանի է հասել Զավենին անազատության մեջ պահելու քննչականի ու դատախազության վարքագիծը:

Այդ միջնորդությունը կարելի է դիտել, որպես եղբոր կողմից անմեղ եղբորը պաշտպանությանն ուղղված յուրօրինակ ակցիա»,-ասաց փաստաբանը: Նա ընդգծեց, որ Զավեն Գրիգորյանը բացարձակապես չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը մեկ պարզ պատճառով, որ «ունի երկաթե ալիբի»: Ինչ վերաբերում է Հարութին, ապա նա նույնպես չի ընդունում իրեն առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից) առաջադրված մեղադրանքը: Այս գործով ակնկալում ենք Զավեն Գրիգորյանի րոպե առաջ ազատում, իսկ Հարություն Գրիգորյանի մասով՝ արդար դատաքննություն»:

Հիշեցնենք նաև, որ նշված գործը վերաբերում է նախորդ տարվա սեպտեմբերին վիճաբանությանը, որ տեղի էր ունեցել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի և ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի միջև, որի հետևանքով փոխգնդապետը գլխի շրջանում լուրջ վնասվածք էր ստացել, և արդեն 4 ամիս է՝ կոմայից դուրս չի գալիս:

Փաստաբանն ընդգծեց, որ ի սկզբանե Զավենը ձերբակալվել է սուտ մատնության հետևանքով։

«Իսկ Հարութի նկատմամբ տեղի էր ունենում ընտանեկան վենդետա: Կար նաև հանրությանն այս գործով ձերբակալություններ ցույց տալու պահանջ»: Սահակյանն ընդգծեց, որ չարաշահվել է տուժողի սպա լինելու հանգամանքը: Շուրջ 4 ամիս է պահանջվել՝ մինչև ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք հաստատում էին Զավենի «ալիբին» ու նրա ցուցմունքները։

«Այժմ քննչական մարմինը հապաղում է, բայց Զավենը երկար այլևս անազատության մեջ մնալ չի կարող։ Նա շուտով ազատ կարձակվի, նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի ու քրեական գործ կհարուցվի սուտ մատնության հատկանիշներով։ Ի դեպ, քննչական մարմինը ու դատախազությունը այնքան էին կաշկանդվել տուժողի սպա լինելու հանգամանից ու հանրային մակերեսային կարծիքից, որ եղբայրների տեսակցություններն է մինչ օրս նույնիսկ արգելված: Հարութը չի կարողանում տեսակցել նույնիսկ իր կնոջը, ում հետ մի քանի ամիս առաջ է ամուսնացել»,-ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ տեսակցությունների արգելքը բողոքարկել են դատարան։

Оцените статью
error: Content is protected !!