Հայաստանը Վենետիկի հանձնաժողովի հետ «կառերեսվի՞», թե ոչ

ԼՈՒՐԵՐ

Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի շատ հարցերի, այդ թվում՝ մեր եվրոպացի գործընկերների,

իր մեծ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Սահմանադրական հանրաքվեի նախաձեռնությունը չի ուղարկվում Վենետիկի հանձնաժողովին՝ եթե այն չունի իրավականության խնդիր:

Հայտնի է, որ պայմանական, թե բացահայտ «Ոչ»-ի դիրքերից ներկայացող ուժերը ընդդիմախոսության փաստարկ են դարձրել նաև այդ հանգամանքը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ առնչությամբ քննարկումներ է ունեցել Գերմանիա այցի ընթացքում՝ եվրոպացի գործընկերների հետ, ու նրանք էլ որոշակի զարմանքով են լսել շատ հանգամանքներ: Որքանով հնարավոր է դատել վարչապետի պատասխաններից, խոսքն այն մասին է, որ եվրոպացիները որոշակիորեն բացահայտել են իրենց համար Հայաստանի նախկին իշխանության և Վենետիկի հանձնաժողովի ղեկավարության, այսպես ասած, քաղաքական գործարքի պատկերը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցը օգտագործելու էր Եվրամիության առաջատար պետության հետ Հայաստանի ներքին կյանքում առաջացած իրավա-քաղաքական հարցի, այսպես ասած, եվրոպական ասպեկտը քննարկելու և խնդիրները հարթելու համար, կասկած չկար,

և մենք այդ մասին արձանագրել էինք նաև նրա Գերմանիա այցից առաջ: Ներկայումս վարչապետ Փաշինյանի հայտարարությունից տպավորություն է, որ նա Գերմանիա այցի ընթացքում ոչ միայն հարթել է այդ առումով Եվրոպայի խորհրդի հետ հնարավոր խնդիրները կամ ռիսկերը, այլ նաև խնդիր է ստեղծել Վենետիկի հանձնաժողովի համար: Մո՞տ է այդ տպավորությունն իրականությանը,

կամ որքանո՞վ է մոտ, բավականին դժվար է ասել, հավանաբար, դա պարզ կլինի հետագա զարգացումների ընթացքում: Համենայնդեպս նկատելի է մի բան, որ հարցադրումները Եվրոպայից զգալիորեն նվազել են, պասիվացել: Թեև դա կարող է լինել, իհարկե, ժամանակավոր, կամ գուցե խնդիրները անցել են այսպես ասած՝ տողատակ:

Հնարավոր է դիտարկել ամենատարբեր սցենարներ, սակայն վարչապետի հայտարարությունը, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի նաև եվրոպացի գործընկերների մոտ առաջացած հարցերի, բավականին պատասխանատու հայտարարություն է:

Եվ, եթե այն ստանա որոշակի ընթացք քաղաքական իմաստով, թեկուզ տողատակում, ապա կարող է ընդհանրապես նշանակալի գործընթաց լինի ամբողջ եվրոպական քաղաքականության համար: Կգնա՞ դրան Երևանը, այսինքն՝ կգնա՞ հարցապնդման և «առերեսման» պահանջի ճանապարհով,

թե՞ կբավարարվի այդ քայլերով՝ իր նախաձեռնության առնչությամբ եվրոպական քաղաքական ռիսկերը նվազեցնելու հանգամանքով: Եվ արդյո՞ք հենց այդ հանգամանքը չուներ որոշակի նշանակություն նաև այն իմաստով, չդարձավ պատճառներից մեկը, որ չձևավորվեց քաղաքական «Ոչ»-ի շտաբ, քանի որ էապես սահմանափակվեց եվրոպական քաղաքական աջակցության հեռանկարը կամ հնարավորությունը:

Оцените статью
error: Content is protected !!