Կարգավիճակը թրի պես. Նիկոլ Փաշինյանը Լավրովին հարցրեց Հադրութի եւ մյուս բնակավայրերի մասին

ԼՈՒՐԵՐ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան այս նկարի տակ մակագրել է՝ Դրամատուրգիա

«Կան հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու», ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեւանյան հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի արտգործնախարարը ողջույնի պատասխան խոսքում ուղիղ անդրադարձ չի կատարել վարչապետի հարցին: Թե ինչ պատասխան է եղել արդեն քննարկումներում, պարզ չէ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Սերգեյ Լավրովի հետ ունեցել են բովանդակալից զրույց:

Հայաստանի վարչապետի բարձրացրած հարցը վերաբերում է Բաքվի գրաված Հադրութի շրջանի, Շուշիի, Ղարաբաղի այլ շրջանների բնակավայրերին: Այստեղ կա թերեւս որոշակի «դիլեմա»: Դատելով Ռուսաստանի նախագահի, այլ պաշտոնյաների այս օրերի հայտարարություններից, Մոսկվան այս խնդիրների լուծման տրամաբանությունը դիտարկում է մարդասիրական խնդիրների համատեքստում:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած խնդիրները խորքային առումով շոշափում են Արցախի կարգավիճակի եւ դրան առնչվող հարցեր: Ռուսաստանը ձեռնպահ է մնում կարգավիճակին անդրադարձերից: Պուտինը հայտարարեց օրերս, որ դա հեռու ապագայի խնդիր է, իսկ առայժմ պայմանավորվել են ընդունել ստատուս-քվոն:

Փոխարենը, կարգավիճակի մասին աշխուժորեն ակնարկում են Մինսկի խմբի մյուս համանախագահները, նաեւ Մինսկի խմբի անդամ երկրները, օրինակ Գերմանիան: ԱՄՆ ու Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում են անջատական քայլերի համար, իսկ Ռուսաստանը ակնարկում է, որ իրեն պարզապես խանդում են:

Մոսկվան ներկայում ձեռնամուխ է եղել Արցախի լիարժեք յուրացմանը՝ խաղաղապահ առաքելություն, գերատեսչական այլ նախաձեռնություններ, մարդասիրական աջակցություն ընդհուպ շենքերի վերականգնման ուղղությամբ եւ այլն: Մոսկվան ձգտում է այդ ամենն անել արագ: Շտապում են, այդպիսով իրավիճակը անդառնալի դարձնելով Բաքվի եւ Անկարայի՞, թե՞ Վաշինգտոնի ու Փարիզի համար: Ճանաչումը կօգնի՞, թե կխանգարի Մոսկվայի ծրագրերին, եւ ում վրա է այն կախվելու Դամոկլյան թրի պես:

Ամբողջ խնդիրն այն է, թե այդ իրավիճակում կոնկրետ ինչ լուծումներ կարող են ստանալ Արցախի տեղահանված բնակիչների հարցերը:

Оцените статью
error: Content is protected !!