Մենք զգուշшցրել ենք, դուք մեզ չեք լսել․․․

ԼՈՒՐԵՐ

Hraparak.am-ը գրել է․ Այսօր շատերն են խոսում այն մասին, որ պատերազմի 45 օրերի ընթացքում իշխանությունը բթացրեց ազգի զգոնությունը, նրան կերակրեց սուտ տեղեկություններով, կտրեց իրականությունից։ Մի օր անսպասելի իմացանք, որ կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիր է ստորագրվել։ Եվ հիմա արդեն աջ ու ձախից հարցեր են հնչում, հանդիմանություններ ուղղվում տարբեր անձանց ու կառույցներին եւ հատկապես լրագրողներին՝ ինչո՞ւ էիք լռում, ինչո՞ւ ճշմարտությունը չէիք ասում։ Մենք որոշել ենք թարմացնել մեր ընթերցողի հիշողությունը եւ որոշ հատվածներ ներկայացնել մեր հրապարակումներից, որոնք արվել են դաժան գրաքննության, ռազմական դրությամբ սահմանված տուգանքների ու ճնշումների պայմաններում․․․

Սեպտեմբերի 29

«Ամենատարածված երեւույթը լրագրողներին ու լրատվամիջոցներին դաս տալն է։ Ոմանք հազիվ լեգիտիմ հնարավորություն են ստացել լրատվամիջոցներին փնովելու ու նրանց գլխին ավետարան կարդալու, նրանց քննադատելու եւ արածը նսեմացնելու։ Բնականաբար՝ առաջին հերթին այդ ալիքն ուղղվում է ազատ լրատվամիջոցներին, որոնք իշխանությունների կրնկի տակ չեն եւ ծառայել են իրենց բուն առաքելությանը՝ իշխանությունների սխալները քննադատելուն, ապաշնորհ կառավարումը բացահայտելուն եւ այլն։ Այսօր եկել է պահը՝ այդ լրատվամիջոցներին «սանձելու»։

Մի լղոզված սահմանում են զետեղել ռազմական դրության մասին որոշման մեջ, որ ինչ ուզենան, մտցնեն դրա տակ, եւ որ լրատվամիջոցին ուզենան, ասեն՝ խախտել եք ռազմական դրության կարգը։ Ապա համացանցով ու պետական բոլոր օղակներով սկսում են սաստել ու սահմանափակել, որ հանկարծ որեւէ այլընտրանքային ինֆորմացիա չսպրդի մամուլ, եւ մենք մնանք Արծրուն Հովհաննիսյանի եւ այլ չինովնիկների լրատվության հույսին։
Հուսով ենք՝ ընթերցողը հասկանում է, որ իրական հայրենասիրությունը կեղծ պաշտոնական տեղեկություններ տարածելը չէ, ոչ էլ անվերապահորեն պաշտոնական հաղորդագրություններին հավատալը, այլ՝ ճշմարտացի, օպերատիվ եւ ամբողջական ինֆորմացիա ընթերցողին հասցնելը, որի առաջ մենք պարտավորություններ ունենք ստանձնած»։

Սեպտեմբերի 29

««Միայն հաղթանակ եւ ոչ մի թիզ հող թշնամուն» բղավողները, որպես կանոն, ասֆալտի ֆիդայիներն են, որոնք եւ իրենց զավակները տաքուկ տեղերում, կայքերի առաջ նստած՝ հետեւում են Արցախում ծավալվող արյունոտ իրադարձություններին եւ կոկորդիլոսի արցունքներ թափում։ Ռազմի դաշտում զինվոր ունեցողները եւ կռվողները լուռ են»։

Սեպտեմբերի 30

««Երկրում պատերազմ է, հիմա դրա ժամանակը չէ» պատրվակ-լոզունգի ներքո, խորհրդարանական ընդդիմությունը մի քանի օր է՝ քիչ է մնում սիրո խոստովանություններ անի Նիկոլ Փաշինյանին ու նրա ապիկար իշխանությանը, որը, կարծում ենք, դեռ պետք է պատասխանի որոշ հարցերի, թե ինչպես, ում մեղքով եղավ, որ այսպես եղավ։ Մեր ընդդիմադիր պատգամավորներն այս երկրի գերագույն գլխավոր հրամանատարին կոնկրետ հարցեր ուղղելու փոխարեն ճռճռան, լացակումած ու ինքնամատուցման ելույթներ էին ունենում՝ կոչ անելով Փաշինյանին՝ իրենց առաջնորդել դեպի թշնամու թնդանոթները։ Նրանց կոկորդը խեղդվում էր հայրենասիրական պաթոսից»։ (Վահե Մակարյան)

Սեպտեմբերի 30

«Մենք, շունչներս պահած, սպասում ենք Արցախից եկող լուրերին։ Ամեն ցավալի լուրից սիրտներս կծկվում է, ամեն հուսադրող լուրից՝ փառավորվում։ Բայց նաեւ հիշում ենք, որ երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմների ժամանակ, եւ ամեն լուրին թերահավատությամբ ենք վերաբերվում՝ հազար անգամ ստուգում։ Եթե անգամ ՊՆ հրապարակած զոհերի ցուցակներում են այսօր անճշտություններ լինում, ուրեմն ինչպե՞ս հավատանք, ասենք, Ռազմիկ Պետրոսյանի խոսքին, որ երեկ խրոխտ հայտարարում էր, թե բոլոր հանձնված դիրքերը հետ ենք գրավել, եւ հաղթանակը մոտ է»։

Հոկտեմբերի 1

«Կեղծիքն ու պոռոտախոսությունը, հիմարությունն ու ստախոսությունն այնքան են ներթափանցել մեր կյանք, որ մենք սկսել ենք դրանք չզանազանել հայրենասիրությունից ու նվիրումից, համեստությունից ու խոնարհությունից»։

Հոկտեմբերի 2

«Չկա մի իրավիճակ, երբ տեղեկացված լինելն ավելի վնասակար է, քան անտեղյակությունը։ Կեղծ լոզունգներով, հորինված փաստարկներով այս էլ երկրորդ անգամ այս տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին գլխավոր խմբագիրը, սահմանափակում է տեղեկատվություն փոխանցելու եւ ստանալու մեր իրավունքը․․․

Մենք այսօր չենք կարողանում ներկայացնել, թե ինչ իրավիճակ է տիրում Արցախում, չենք գրում զոհերի քանակի, զորքի տեղաշարժերի, մեր կորուստների մասին։ Գրում ենք միայն ձեռքբերումների մասին, այն էլ՝ հենվելով պաշտոնական հաղորդագրությունների վրա։ Եվ այս իրավիճակում անզեն աչքով անգամ նկատելի է, թե ինչպես են լավ լուրերով կերակրում հանրությանը, եւ ինչպես են մարդիկ կտրվում իրականությունից»։

Հոկտեմբերի 3

«Այս օրերին ամենահեշտ բանը զգայական տեքստեր գրելն է, հաղթանակի ու հերոսների մասին պաթետիկ խոսք ասելը։ Կարելի է բանաստեղծություններ ձոնել, պատմությունից հերոսական դրվագներ հիշել ու հայտարարել, որ շուտով «Բաքվում չայ ենք խմելու»։ Բայց մտածող, գիտակից մարդիկ հասկանում են, որ 21-րդ դարի պատերազմներում, որպես կանոն, չեն հաղթում, կամ՝ այդ հաղթանակը բացարձակ չէ, քանզի զոհերն ու կորուստներն այնքան ցավագին են ու անդառնալի, որ մարդիկ հաղթանակի բերկրանքը չեն զգում։ Բայց ողջամիտ խոսքն ու խելամիտ առաջարկներն այսօր չեն լսվում։ Այսօր պաթետիզմի ու պսեւդոհայրենասիրության ժամանակներ են։ 2016-ին էլ ոչ այնքան զբաղված էին պատերազմական գործողություններով եւ հանրության ուժերը մոբիլիզացնելով, որքան լրատվամիջոցների բերանը փակելով եւ ինֆորմացիայի հոսքերը կառավարելով։ Այսօր չկան նախկինները, բայց մեթոդներն ու ճնշումները նույնն են մնացել։ Այսօր էլ բոլոր հնարավոր օղակներից մեզ զգուշացնում են՝ այս չգրեք, այն չգրեք, հերոսների ու զոհվածների լուսանկարները չհրապարակեք, հուղարկավորությունները չլուսաբանեք»։

Հոկտեմբերի 16

«Մենք պիտի ամեն ինչ անենք, որ վաղն ինքներս մեզ չմեղադրենք վճռական պահին լռելու, մահվան ալիքը չկանգնեցնելու, մեր լուսավոր զավակներին չփրկելու համար»։

Հոկտեմբերի 17

«Ինչո՞ւ է մարդկությունը դարեր շարունակ պայքարել ազատ խոսքի համար, այդ իրավունքն ամրագրել սահմանադրություններում եւ օրենքով։ Ազատ խոսելու, սեփական տեսակետն արտահայտելու իրավունքի համար մարդիկ են զոհվել, հեղաշրջումներ են եղել, իշխանություններ են փոխվել։ Ի վերջո, մարդկության քաղաքակիրթ մասը եկել է մի եզրահանգման, որ խոսքի ազատությունը, լիարժեք տեղեկատվություն ստանալու ու կարծիք-տեսակետ արտահայտելու իրավունքը հիմնաքարային է, դրա վրա են խարսխվում բարեկեցիկ կյանքն ու ժողովրդավարական արժեքների ամբողջությունը։

Խոսքի ազատության սահմանափակումները, որպես կանոն, բնորոշ են բռնապետական երկրներին, նման երկրներում մարդիկ, որպես կանոն, լավ չեն ապրում եւ լիարժեք ազատ չեն։ Ավելին՝ նման երկրներն ու դրանց իշխանություններն էլ երկար կյանք չունեն, քանզի մի օր ճնշված ու ապատեղեկացված հանրությունը ոտքի է կանգնում եւ սրբում-տանում ամեն ինչ։ Կամ՝ տապալում է իր իշխանություններին եւ վերականգնում ազատ արտահայտվելու սեփական իրավունքը։ Մարդիկ ինչ-որ պահի հասկանում են, որ գրաքննությունը, տեղեկատվությունը ցանկալի տեսքով իրեն մատուցելը հղի է վտանգներով։ Ստացվում է, որ իրեն ասում են՝ դու շատ լավ ես ապրում, դու հաղթել ես, մեր երկիրը ծաղկում է, իսկ ինքը հանկարծ մի օր պարզում է, որ շատ վատ է ապրում, ոչ թե հաղթել է, այլ՝ պարտվել»։

Հոկտեմբերի 21

«Ընթերցողների ամենամեծ բանակը, այսպես կոչված, «մատնիչների» բանակն է, որոնք մեր նյութերի մի 60 տոկոսի տակ նշում են՝ ԱԱԾ, հասիր, պատժիր, այս դավաճաններին բռնիր։ Պատկերացնում եմ, թե այս օրերին ԱԱԾ-ն ինչքան զանգ ու դիմում է ստանում, իբր թե, ազգային անվտանգության հարցերով մտահոգ այս «դանոսչիկներից», որոնք մնացել են 37 թվի մերձակայքում եւ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ են անվտանգությունը եւ խոսքի ազատությունը»։

Հոկտեմբերի 22

«Մեզ արգելված է քննարկել ու քննադատել իշխանություններին։ Թույլատրված է միայն հիանալ ու գովերգել նրանց, բայց, ցավոք սրտի, դա էլ մեր խիղճն ու բանականությունը թույլ չի տալիս։ Եվ այս լարված, օրհասական օրերին ստիպված ենք սարի սմբուլից, ծառ ու ծաղկից խոսել։ Իսկ հասարակությունը կա՛մ լռում է, կա՛մ մեզ է լռեցնում, հայտարարելով՝ «խոսելու ժամանակը չէ, մենք հիմա պետք է լինենք ավելի համախմբված, քան երբեւէ»։ Եթե հիմա ես գովաբանեմ մեր արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հմտություններն ու բանակցելու մեծ շնորհքը կամ փառաբանեմ վարչապետի վերջին «լայվն» ու հայտարարեմ, որ դա ամենաիմաստուն որոշումն է, եւ կամավորական ջոկատների ձեւավորումը հանճարեղ լուծում է՝ մեզ հաղթանակի բերող, ո՞վ կհավատա դրան»։

Հոկտեմբերի 28

«Կգա օրը, եւ մենք կիմանանք մեր երկրում տիրող մթնոլորտը, հատկապես՝ սոցցանցերն ապականող մարդկանց ու դրանց կազմակերպիչների անունները։ Կիմանանք, թե ովքեր են պահել ֆեյքերի բանակներ եւ ինչպես են նրանց կատաղած շների նման քսի տվել իրենց կարծիքն արտահայտող մարդկանց վրա։ Կիմանանք, թե որ գրասենյակներում եւ ում կողմից են իջեցվել հրահանգները, ինչպես են դրանք փոխանցվել ֆեյքերի ու վճարովի «քոմենթչիների» բանակներին, որ արգելեն ազնիվ, անշահախնդիր, սրտացավ ու հայրենասեր մարդկանց գործունեությունը, ստիպեն նրանց լռել, հանդուրժել եւ թույլ տալ, որ երկիրը գահավիժի դեպի անդունդը»։

Նոյեմբերի 5

«Ինչքա՜ն տգետ վերաբերմունք ունենք սիրո, հայհոյանքի, քննադատության խոսքերի նկատմամբ։ Հիմնովին արժեզրկել, հողին ենք հավասարեցրել դրանք։ Ասենք՝ «սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով, խոնարհվում եմ ձեր առաջ»-ը, թվում է, գեղեցիկ ու վսեմ բառեր են, բայց ինչքա՜ն սին են հնչում դրանք հիմա։ Կամ՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն», «ժողովրդի իշխանություն», այսօր՝ «հաղթելու ենք» կամ՝ «հաղթել ենք»։ Ինչքա՜ն կոչումներ ու մեդալներ բաժանվեցին այս տարիներին, անգամ գեներալի եւ ազգային հերոսի կոչումը դարձավ շարքային պարգեւատրման նման մի բան, որը ստանում են բոլոր իշխանության մեջ գտնվողները»։

Նոյեմբերի 7

««Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին․ հիմնադրամի ամենամյա թելեթոնը՝ ի նպաստ Արցախի, վարելու է ղարաբաղյան նոր պատերազմի «աստղ», ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որին գործուղում են արտերկիր՝ փող հավաքելու: Մեկ ամիս շարունակ հայկական բանակի հաղթանակների ու հաջողությունների մասին ազդարարող, հիմնականում իրականությունից տրամագծորեն տարբերվող ինֆորմացիա հանրությանը մատուցող Արծրուն Հովհաննիսյանի հետ մեծ գումարների հանգանակության հույսեր են կապում։ Մենք հետաքրքրվեցինք՝ իսկ այդ օրերին ո՞վ է ռազմի դաշտի մասին տեղեկատվությունը հանրությանը հաղորդելու։ Արծրուն Հովհաննիսյանը գրավոր պատասխանեց. «Կանենք: Դա էլ կանենք, նա էլ կանենք»»․․․

Նոյեմբերի 10

«Երեկ հերթական անգամ համոզվեցինք, թե որքան վտանգավոր են սխալ, թերի ինֆորմացիան, ապատեղեկատվությունը, կեսճշմարտությունը։ 40 օրից ավելի տեւող պատերազմի ընթացքում այնքան սուտ ու կեղծ տեղեկատվություն են տարածել պաշտոնական խողովակներով եւ ՊՆ ներկայացուցիչների կողմից, որ հասարակությունն այլեւս չի կողմնորոշվում՝ ում լսել, ում հավատալ, որ ինֆորմացիան է ճիշտ, որը՝ սխալ։ Հանրային այս շփոթի հիմնական մեղավորը մեկ ամսից ավելի հանրությանը ստով կերակրողներն են, որոնք ամեն օր հաղթական լուրեր էին հաղորդում՝ թաքցնելով պարտությունները»։

Оцените статью
error: Content is protected !!