Ճիշտ կլինի, որ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին նշանակի Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան․ Նորայր Նորիկյան

ԲԼՈԳ

Ճիշտ կլինի, որ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին նշանակի Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Բնականաբար, հետևում եմ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային գործունեությանը` հասկանալու համար, թե ի՞նչ է այս մարդու ուզածը: Գուցե սխալվում եմ, բայց մտավախություն ունեմ, որ նրա որդեգրած քաղաքական վարքագիծը կարող է մեծ գին արժենալ Հայաստանի համար:

Այս մարդուն լսելիս այնպիսի տպավորություն է, թե հայ-ռուսական հարաբերությունները ձևավորվել, կայացել ու զարգացել են բացառապես իր շնորհիվ:
66 տարեկան մարդու համոզմամբ, ով իր կյանքի 45 տարին հասկանալի պատճառներով ապրել է Հայաստանից դուրս /Այս հարցում իրեն չեմ մեղադրում՝ գիտակցելով, որ նա բնակվել է Արցախում/, իսկ Սերժի նախագահության 10 տարիներին էլ, ըստ էության, օրգանական կապ չի ունեցել Հայաստանի հետ, այսօր փորձում է հանրային տրամադրություն ձևավորել, որ հայ-ռուսական հարաբերությունների համար մենք բոլորս պարտական ենք իրեն:

ԿաՏարվող քարոզչությամբ էլ փորձ է արվում ռուսական քաղաքական էլիտայի և հասարակության մոտ ձևավորվել համոզմունք, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն ուղղված է Ռուսաստանի դեմ, որ Քոչարյանին մեղադրյալ ներգրավելը թիկունքից հարված է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը և այն պայթեցնելուն ուղղված գործընթաց:
Ժողովու՛րդ, սթափվե՛ք, սա շատ վտանգավոր, հեռուն տանող և Հայաստանի համար ավելի մեծ մարտահրավերներ ստեղծող գործընթաց է:

Անընդհատ ներշնչել, քարոզել, համոզել, տեղեկացնել, տրամադրել, թե Հայաստանում հաստատվել է հակառուսական իշխանություն, որ տարածաշրջանում, ի դեմս Հայաստանի, ձևավորվում է հակառուսական նոր ՛՛Ռազմաճակատ՛՛, արդյունքում փորձել հասնել նրան, որ մի նոր ՛՛Կարմիր բանակ՛՛ ՛՛Սորոսիզացիայից ազատագրելու համար՛՛ արշավի Հայաստան՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ:
Վստահ եմ՝ շատերը գիտակցում են այս ամենի լրջությունը:

Այնուամենայնիվ, գուցե կոպիտ է հնչում, բայց տպավորություն է, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանն ավելի լավ սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ռազմավարական շահերը:
Վերջին հարցազրույցներում կարծես խոսում է ոչ թե Հայաստանի 2-րդ նախագահը, այլ Ռուսաստանի դեսպանը:

Այս համատեքստում ազնիվ կլինի, որ Վլադիմիր Պուտինը նրան նշանակի մեր երկրում արտակարգ և լիազոր դեսպան:
Գուցե մի փոքր չափազանցություն կա ասվածի մեջ, բայց, կներե՛ք, եթե ինքնիշխան պետության պաշտոնաթող նախագահը կարող է իրեն թույլ տալ աշխատել մեկ այլ երկրում գործունեություն ծավալող խոշորագույն կորպորացիայում, ինչու՞ չի կարող ներկայացնել այդ երկրի շահերը մեր երկրում, մանավանդ, որ շատ լավ ստացվում է այդ շահերի սպասարկումը:

Իսկ եթե լուրջ, պարո՛ն Քոչարյան, անկախ նրանից՝ Դուք կլինե՞ք քաղաքականության մեջ, թե՞ ոչ, վերջնարդյունքում կենթարկվե՞ք քրեական պատասխանատվության, թե՞ ոչ, հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը, բնույթը, զարգացման դինամիկան վեր է Ձեզանից:
Չի՛ կարելի հանուն սեփական քաղաքական շահերի այս աստիճան վերափոխված ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը:
Հույս ունեմ, որ ծանոթ եք նարցիսիզմին:

Վստա՛հ եղեք, որ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք գիտակցում են հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, ընկալում են տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները,

պատկերացնում են նրա դերակատարությունը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում, հասկանում են տնտեսության ոլորտում ռուսական շուկայի ազդեցությունն ու նշանակությունը, կարևորում են անվտանգության ոլորտում կողմերի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծումը:

Բայց այս ամենի հետ զուգահեռ, այդ մարդիկ առաջնորդվում են բացառապես ինքնիշխան Հայաստանի շահերով՝ ինչպես աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների, Ռուսաստանի հետ նույնպես փորձելով ապահովել փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերություն, ռազմավարական համագործակցություն և բարեկամություն:

03.09.2020թ.

Նորայր Նորիկյան

Դիտեք նաև

Оцените статью
error: Content is protected !!