«Չեստ տված՝ մեկ ժամում պետական համակարգը կկանգնի Քոչարյանի գրասենյակի դիմաց…». Նաիրա Զոհրաբյան

ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանի համար պարտվել չիմացող Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընկալում է՝ որպես կենաց-մահու պայքար։
Ըստ Զոհրաբյանի՝ Փաշինյանը շատ լավ գիտի, որ այդ պայքարում, եթե ինքը պարտվեց լեգիտիմ ընտրություններով, ապա իր թիմի հետ միասին հայտնվելու է մեղադրյալի կարգավիճակում։

«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին ու դրանք ծնող պատճառներին, նման տեսակետ հայտնեց Զոհրաբյանը՝ հավելելով.
«Փաշինյանը շատ լավ գիտի չհաղթելու դեպքում իրեն սպասվող այլընտրանքը, ուստի վենդետայի կոչերով պարզապես փորձում է հասարակության՝ իրեն սատարող այն փոքր ագրեսիվ, չար հատվածին, մանիպուլյացնել։

Փաշինյանի իրական աջակիցները կազմում են 15-20 տոկոս, և հենց նրանց է Փաշինյանը քաղաքացիական վրեժի կոչերով նախապատրաստում հետընտրական զարգացումների։
Փաշինյանը պատրաստվում է քաղաքացիական բախումների, ավելին, ես չեմ բացառում, որ նման սցենարի ականատես լինենք մինչև ընտրություններ, որովհետև ակնհայտ է, որ թեկնածուներից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը պրոգրեսիվ աճում է, իսկ Փաշինյանինը՝ հակառակը՝ անկում է ապրում, և սա ինքը ակնհայտ տեսնում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ պատգամավորի՝ Փաշինյանի օր օրի անկում ապրող վարկանիշը գոնե պետք է դառնա պատճառ, որ պետական ողջ համակարգը հետևի Արտգործնախարարության օրինակին և հրաժարվի կատարել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի անօրինական հրամանները։

«Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանն էր թելադրում օրակարգ, սակայն վերջին 20 օրվա ընթացքը, ինչպես նաև իմ ամենօրյա շփումները տասնյակ մարդկանց հետ ցույց են տալիս, որ Փաշինյանը հասկանում է, որ ինքն այլևս օրակարգ չի թելադրում, հետևաբար, նրա վերարտադրման շանսերը ես համարում եմ զրոյական՝ նույնիսկ այն դեպքում, երբ վարչական ռեսուրս է կիրառում հավաքների ժամանակ։ Մեր կոմիտեն ահազանգ է ստացել, որ Փարաքարի դպրոցի ու մանկապարտեզի ուսուցիչներին ու դաստիարակներին բռնի ուժով են տարել Փաշինյանի հավաքին, Ատոմակայանի աշխատակիցներին ևս բռնի ուժով տարել են Փաշինյանի հանրահավաքին. անգամ նման մասշտաբների վարչական ռեսուրսի կիրառման դեպքում էլ Փաշինյանը չի կարող վերարտադրվել։ Ուստի դիմում եմ պետական համակարգի աշխատողներին, լավ, մի՞թե Արտգործնախարարության նախկին պաշտոնյաների չափ չկաք, որ դուրս գաք և մաս չկազմեք արդեն կատարված դավաճանությանը Հայաստանի տարածքների նկատմամբ։

Ուզում եմ շեշտել, որ Փաշինյանը երեկ ասաց հետևյալը, որ ադրբեջանցիները գերիների առկայությունը խաղարկում են մեր պետության դեմ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար, և հարց է առաջանում, թե այդ ի՞նչ անհամաչափ զիջումներ է պահանջում, եթե մի քանի օր առաջ Փաշինյանն ասաց, որ 100 տոկոսով հայկական կողմին ձեռնտու փաստաթուղթ է դրված սեղանին, և ինքը դա ստորագրելու է։ Սա շեշտադրելով՝ կրկին դիմում եմ մեր բոլոր նախարարներին, փոխնախարարներին, վարչության պետերին՝ եթե վաղը հայրենիք չունենանք, կամ մեր հայրենիքը լինի թուրքական վիլայեթ, ձեր պաշտոնները, պարգևավճարներն ում են պետք լինելու, չէ՞ որ դրանք դառնալու են առոչինչ, դուրս եկեք»,- ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով, որ եթե ընտրությունները երկու փուլով տեղի ունենան, ապա երկրորդ փուլում ականատես ենք լինելու ներկա իրավիճակի լրիվ հակառակ պատկերին։

«Վստա՛հ եղեք, ընտրության երկրորդ փուլում պետական համակարգը մեկ ժամում չեստ տված՝ կկանգնի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի առջև, ինչպես շատերը հիմա անում են ոչ հրապարակային»,- ասաց Զոհրաբյանը։

Оцените статью
error: Content is protected !!