Ինչ է «հիշեցնпւմ» Հայшստшն դшշինքն пւ ինչ է «հիշпւմ» Սերժ Սшրգսյшնը

ԼՈՒՐԵՐ

Ինչ է «հիշեցնпւմ» Հայшստшն դшշինքն пւ ինչ է «հիշпւմ» Սերժ Սшրգսյшնը

Հայաստան դաշինքը նոյեմբերի 9-ին պատրաստվում է անել հանրահավաք, որի առիթը երկու փաստաթղթերի ստորագրման մասին մամուլի հայտնի տեղեկությունն է, որն առնվազն այս պահին կարծես թե հերքված է, կամ նվազագույնը՝ իր բովանդակության առանցքային դետալներով գտնվում է անորոշ վիճակում:

Սա նշանակում է, որ խորհրդարանական երկրորդ ուժ ներկայացող դաշինքը առնվազն պետք է ուշադրության առարկա դարձնի բովանդակության հարցը, ընդ որում մինչև նոյեմբերի 9-ը, այդպիսով ուրվագծելով իր՝ որպես խորհրդարանական երկրորդ ուժի մոտեցումը հնարավոր փաստաթղթերի հանդեպ, ստանձնելով սեփական քաղաքական դիրքորոշման պատասխանատվությունը:

Սակայն, դրա փոխարեն, հայտարարվում է հանրահավաքի մասին, այն էլ ընտրելով դրա այնպիսի օր, երբ ակնառու է, որ հանրահավաքը որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի դիրքերի ամրացման տեսանկյունից, որովհետև տեղի է ունենալու հնարավոր մոսկովյան հանդիպմանը զուգահեռ, գուցե նույնիսկ հանդիպումից հետո, եթե իհարկե նոյեմբերի 9-ին իսկապես սպասվում է եռակողմ հանդիպում:

Նվազագույնը, իհարկե, Հայաստան դաշինքը կլուծի իր համակիրներին «հավաստիացնելու» հարց, թե չի հրաժարվել փողոցային պայքարից և չի դարձել խորհրդարանական դահլիճային ընդդիմություն: Իսկ այդ խնդիրը դաշինքի համար կարևոր է, որովհետև համակիրներին մոբիլիզացրել են «կրելու», ոչ թե խորհրդարանում աշխատող ընդդիմություն լինելու տրամաբանության շուրջ:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հանրահավաքին, ապա իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է 2014 թվականի հոկտեմբերի 10-ը, երբ Մինսկում ընթանում էր ԵԱՏՄ Վեհաժողովը, որտեղ պետք է ստորագրվեր Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության պայմանագիրը, իսկ Երևանի Ազատության հրապարակում այդ օրը հանրահավաք էր անում ոչիշխանական բևեռը, որի կորիզն ըստ էության այսօր ներկայացնում է Հայաստան դաշինքը:

Հոկտեմբերի 10-ին հանրահավաքով ըստ էության «հիշեցնում» էին Մինսկում պայմանագրի առաջ կանգնած Սերժ Սարգսյանին, որ Հայաստանում չունի «նահանջի» կամ «մանևրի» հնարավորություն և պետք է ստորագրի: Ի դեպ, այդ իմաստով խիստ հատկանշական է այն, որ նոյեմբերի 9-ին Հայաստան դաշինքի հանրահավաքի մտադրությունն ու իրադրության վերաբերյալ բովանդակային դիրքորոշման բացակայությունը դարձել է նաև այն շրջանակների քննադատության առարկա, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են խորհրդարանական ընդդիմադիր երրորդ ուժի և դրա առաջնորդ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ի՞նչ է պատրաստվում նոյեմբերի 9-ի հանրահավաքով «հիշեցնել» Հայաստան դաշինքը, որի առաջնորդը քննարկելի է համարում Հայաստանի անկախության և ինքնիշխանության հարցը, միաժամանակ շարունակելով լռություն պահպանել Հայաստանի ինքնիշխան տարածքի փոխանակման գաղափարը, որ քննարկել է իր նախագահության ընթացքում՝ արցախյան հարցի կարգավորման համատեքստում:

Оцените статью
error: Content is protected !!