Ռnւս հատnւկ ծառայnւթյունների աննախադեպ oպերացիա Հայաuտանում
Հայտնի է դարձել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Թուրքական կողմից հատուկ բանագնաց է նշանակվել դիվանագիտական երկարամյա փորձ ունեցող, այդ թվում ԱՄՆ-ում ու ՆԱՏՕ-ում, Սերդար Քըլըչը։
Այս կապակցությամբ Հայաստանում քննարկումների առարկա է դարձել հայ եւ թուրք բանագնացների համեմատությունը դիվանագիտական փորձի առումով։
Քըլըչն իսկապես փորձառու դիվանագետ է, թեեւ նրա փորձը չօգնեց կանխել ԱՄՆ նախագահի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելը․ Քըլըչն այդ ժամանակ Թուրքիայի դեսպանն էր ԱՄՆ-ում։
Քննարկման թեմա է նաեւ նախապայմանների հարցը։ Իշխանությունը պնդում է, թե հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ընդդիմախոսները պնդում են, որ հայկական կողմը հարաբերությունների կարգավորման է գնում թուրքական նախապայմաններով։
Պետք է նշել, սակայն, որ սա խնդրի մակերեսային կողմն է։ Բանն այն է, որ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պահանջը նույնպես նախապայման է, եւ ընդհանրապես որեւէ գործընթացում չեն կարող նախապայմաններ կամ պայմաններ չլինել։ Այլապես որն է բանակցության առարկան կամ իմաստը։
Խնդիրը բնականաբար շատ ավելի խորքային է։ Թուրքիան մի շարք խնդիրներ է լուծում՝ Արցախի խնդրի երաշխավորված փակում եւ Մոսկվա/Կարսի պայմանագրի ընդլայնում Նախիջեւանի թուրքական ռազմականացման իրավական խնդրով։
Անկարան հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ լինելու է Բաքվի հետ համակարգմամբ, այսինքն՝ ներկայիս «կարգավորումներն» իրականացվում են Մոսկվա-Անկարա համաձայնությունների փաթեթով, մինչ ՀՀ իշխանությունը պնդում է, թե Արցախի, սահմանազատման, 3+2-ի, հայ-թուրքական խնդիրներն անջատ են միմյանցից։
Հայ-թուրքական հարաբերություններն այս համատեքստում ենթադրում են համապատասխան կարգավորումներ ու հեռանկարներ, հատկապես նկատի առնելով, որ Ռուսաստանը հեռանում է շրջանից՝ այն Թուրքիային հանձնելու մտադրությամբ։
Օրինակ, բանակի արդիականացման հարցը, որն իրենց ծրագրերում ներառել են ՀՀ խորհրդարանը կազմող ուժերը, կարող է լուծվել Թուրքիայում հայ սպաների ուսուցման կազմակերպմամբ։ Եթե ռուսական կրթությունն ակնհայտ զիջում է եվրոպական ռազմագիտական մտքին, ապա ամենեւին բացառված չէ, որ ասպարեզ գա թուրքական կրթության գաղափարը։
ՆԱՏՕ դաասընթացներում Սաֆարովի գործած ոճիրը անշուշտ լուրջ խոչընդոտ է լինելու Երեւանից եւ Բաքվից սպաների համատեղ ուսուցման համար, սակայն թուրքական իշխանությունները կհորդորեն Ալիեւին որեւէ կերպ «մեղմել գլխատման թողած նստվածքը» հայկական հանրության մոտ: Օրինակ, Ակնայի ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնում ռուս սպայի գլխատման փորձը։
Իր հերթին, Եղեռնի զոհերի հուշարձանը կարող է վերանվանվել «Երկու ժողովուրդների ընդհանուր պատմության հուշահամալիրի»։
1965-ին Մոսկվայի նախաձեռնությամբ կառուցված հուշարձանը կատարում է հակաթուրքական տրամադրությունները վառ պահելու քաղաքական խնդիրը: Ներկա շրջանում խնդիրը ճիշտ հակառակն է, ու թանգարանի գոյությունը ժամանակավրեպ է դառնում։
Տրամաբանական է դիտվում Երեւանում Հայոց Ցեղասպանության թանգարանի եւ Էրզրումում Թուրքերի ցեղասպանության թանգարանի միաժամանակյա լռելյայն փակումը կամ ցուցադրության սահմանափակումը։
Օրինակ, այցելելու թույլտվություն ունենան միայն Սպուտնիկով կամ Թուրքովակով պատվաստվածները։ Տեղը նեղ է, վտանգավոր, կարիք չկա մեկ դժբախտությունը նորերով բազմապատկելու։
Ռուսական լրատվամիջոցների վկայությամբ, ռուս հատուկ ծառայությունների աննախադեպ օպերացիան Հայաստանում լայնածավալ ընկճախտի ներարկման ուղղությամբ գերազանց արդյունքներ է տվել․
հայ հանրությունը պատրաստ է գրկաբաց ընդունել անվերապահ կապիտուլյացիան ոչ միայն հավատարիմ դաշնակից Ռուսաստանին, այլեւ ոխերիմ թշնամի, Լենին-Աթաթուրք հայասպան պակտի ծնունդ Թուրքիայի հանրապետությանը։
Նիկոլ Փաշինյանի ՔՊ խմբակի վերընտրությունը, նրանց կարծիքով (Վեդոմոստի), վկայում է հայերի լիակատար հրաժարումը ազգային ինքնությունից։
Աղբյուր․ lragir. am