Ի՞նչ հուշարձան կանգնեցվեց Բաշ-Ապարանի ճակատամարտից հետո

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ի՞նչ հուշարձան կանգնեցվեց Բաշ-Ապարանի ճակատամարտից հետո

1918 թվականի մայիսի 23-29-ը ընկած ժամանակահատվածում Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև տեղի ունեցավ Բաշ-Ապարանի հերոսամարտը: Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին մտան Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։

Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և Արագած սարի հարավային կողմով և հյուսիսային կողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։

Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը։ Այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին։

Իդեպ, հերոսամարտին մասնակցած Ապարանցի և հարևան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին 1974-1979 թվականերին, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը։ Վերջինս նախագծվել է բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թվականի մայիսի 28-ին։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղևնի և ավելի քան 500 բարդի։

Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիներին հուղարկավորելու համար 1991 թվականին ընտրվել է հուշարձանի արևելյան եզրաթումբը, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է գերեզման-հուշահամալիր։

2000 թվականի մայիսի 28-ին «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։

Դրոյի գերեզմանը «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա

Տասնամյակների ընթացքում Ապարանի հերոսամարտի հուշարձանը վերածվել է Հայրենիքի համար կռված և Հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի։

Оцените статью