Այս եկեղեցին պարտադիր այցելության վայրերից է․ Տեսեք, թե որ եկեղեցին է
Գոշավանքը կամ Նոր Գետիկ վանքը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։
Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն։ Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ , քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները։ Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը։
Գոշի հիմնադրած Նոր Գետիկի վանքը հետագայում ընդլայնվեց, նմանվելով ժամանակի վանքային համալիրներին։ Այն բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց , հետագայում եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է ժամատունը։ Վանական համալիրի հաջորդ եկեղեցին, որը կառուցվել է 1241 թվականին Սուրբ Գրիգոր եկեղեցին է։ Գոշավանքի հաջորդ եկեղեցին Սուրբ Լուսավորիչը կառուցվել է 13-րդ դարի կեսին։ Այս կառույցների կողքին իր յուրօրինակությամբ աչքի է ընկնում գրատուն-զանգակատունը։ 13-րդ դարում կառուցվել է ևս երկու շենք, դրանցից Սուրբ Հռիփսիմե փոքր եկեղեցին, իսկ հաջորդ կառույցը Գոշի բնակարանն ու դամբարանն է։
Եկեղեցին չունի արտաքին պարիսպներ և շրջապատված է գյուղական տներով։ Վանական համալիրի բոլոր կառույցները կցված են միմյանց բացառությամբ Սուրբ Հռիփսեիմե եկեղեցու, որը տեղակայված է վանական համալիրի դիմացը բլրի վրա։
Սկզբում համալիրը անվանվել է Նոր Գետիկ, իսկի Մխիթար Գոշի մահվանից հետո նրա անվամբ կոչվել է Գոշավանք։