Ի՞նչ էին գողանում հայ վարպետները Նախիջևանից կամ ինչն է ուտելիքն ավելի համեղ դարձնում
Նիհար, 63-ամյա, ջլուտ ձեռքերով վարպետ Վարդան Լազարյանը սիսիանցի բրուտագործների հետնորդ է։ Նրանք երկար տարիներ կարասների համար կավ են բերել Նախիջևանից։ Եվ դա միայն սկիզբն էր։ Հետո պարզվում է` գողացել են նաև հենց կարասները։
Նա երբեք չի տեսել, թե ինչպես են կարաս պատրաստում։ 60-ականների կեսերին նա փոքր էր, նրա հայրենի գյուղում, դրանք արդեն ոչ ոք չէր պատրաստում։ Օգտագործում էին հները, իսկ նորերի համար վարպետներ չկային։
Նա հիմա ապրում է Ռինդ գյուղում։ Այստեղ նրան հրավիրել է Իտալիայի հայ Զորիկ (Զորայր) Ղարիբյանը։ Իր գինու գործարանում նա ցանկանում է գինին պահել կարասներում, ինչպես ընդունված է եղել հնում։ Այդ սափորները մեծ են։ Մեկ ամսում պատրաստում են մեկը կամ երկուսը։ Այն պետք է հնարավորինս քիչ ջուր և խոնավություն բաց թողնի։ Շատ քիչ, որովհետև ամեն դեպքում պետք է շնչի, այլապես գինու հնեցումը չի ստացվի։ Բայց չի կարելի չափազանց ծակոտկեն անել կարասը․ գինին կթթվի։ Ուստի, երբ վարպետը դնում է կավի հերթական շերտը, նա քսում է երկու կողմից՝ փակելով ծակոտկիները։
Կարասին նայելիս ավիացիոն ինժեները կնկատի ինքնաթիռի քթամասի հետ նմանությունը։
«Շատ բան կախված է լավ վառարանից։ Իմ կարծիքով՝ հայկական կառուցվածքը ճիշտ է։ Այն ուղղանկյուն չէ, այլ գմբեթաձև, ուստի ներսում ամեն ինչ հավասարաչափ է թրծվում», — ասում է Վարդանը։
Նա անձամբ նման վառարան չի կառուցել, բայց ազգագրագիտության մասին գրքերում նկարներ կան՝ 4-5 մետր բարձրությամբ աղյուսե վառարաններ։
Կավե ամանեղենի մեջ ոչ միայն գինին, այլ նաև ուտելիքն ամենահամեղն է, ասում է Վարդանը։ Երևում է՝ դա կապացուցեն դպրոցի երեխաները, որոնք դասերից հետո գալիս են արհեստանոց։ Նրանք տուն են վերադառնում աղտոտված ձեռքերով և շատ գոհ։